Լրահոս
Օրվա լրահոսը

«Տկզարի» երկրորդ շնչառությունը

Հուլիս 27,2012 14:25

«Տկզար» շնչական նվագարանների համույթը պատրաստվում է նշել իր գործունեության 30-ամյակը։ Այն հիմնադրվել է 1982-ին՝ ժողովրդական երաժշտության, նվագարանների գիտակ Կարլեն Միրզոյանի նախաձեռնությամբ եւ ստանձնել էր գեղարվեստական ղեկավարի եւ դիրիժորի պաշտոնը: Ըստ Միրզոյանի, համույթի ստեղծման շարժառիթն էր՝ մոռացումից վեր հանել մի շարք նվագարաններ, ընդլայնել դրանց հնչյունածավալը, կառուցել դրանց տարատեսակները, փնջել մի գունագեղ համույթ: Իր իղձը իրագործելիս՝ մաեստրոն ղեկավարվել է Կոմիտասի տեսլականով։ Նվագարաններ կատարելագործել են դեռ Վարդան Բունին. նույնիսկ ստեղծել էր «Արեւելյան վերականգնված սիմֆոնիկ նվագախումբ», որը գործել է 1925-36 թվականներին: Դա խորհրդային ծավալապաշտության, աշխարհին գերազանցելու խոշոր ծրագրերի ժամանակաշրջանն էր, տարածվում էր նաեւ արվեստում: Դրա յուրօրինակ դրսեւորումներից էր նաեւ Բունիի հիշյալ նվագախումբը։ Ժողովրդական նվագարանների յուրահատուկ ոչ տեմպերացված, ոչ համահարթեցված լարվածքր, հնչուժը հնարավորություն չի ընձեռում սիմֆոնիկ նվագախմբի պես բազմազան եւ բազմաքանակ կազմ փնջելու, ակորդային կերտվածք հնչեցնելու։ Նույնիսկ եթե հաջողվի այն «ակուստիկապես» մաքուր հնչեցնել, ապա, միեւնույն է, դա խորթ կլիներ այդ նվագարանների առաքելությանը, ոճական, գեղագիտական «ֆալշ» կլիներ: Ժողովրդական գործիքների հնչյունները կարելի է համեմատել գետի բազմաձեւ քարերի հետ, մինչդեռ դասական նվագարանների հնչյունները նմանվում են աղյուսակների, սրբատաշ սալերի, որոնք միմյանց հետ, իրար վրա ավելի հարմար են շարվում, հպվում: Ի դեպ, այս տարբերությունը հատկապես զգացվում է, երբ ժողովրդական նվագարանների խումբը փորձում է կատարել Եվրոպայի կոմպոզիտորների սիմֆոնիկ ժանրի գործեր։ Նման դեպքը կարելի է համեմատել, օրինակ, սպիտակ մարմարից կերտած նեգրի քանդակի հետ: Նկատի ունենալով այս ամենը՝ կարելի է ասել, որ «Տկզար» համույթի ոչ մեծ կազմը եւ դրական համահունչ մշակումները կարող են նվազագույնի հասցնել լարվածքի տարաձայնությունները:

Ահա այսպես, բլուլներից, սրինգներից, համշենական զուռնայից, դուդուկների, սանթուրների, նաղարանների տարատեսակներից եւ Միրզոյանի կողմից ներմուծված պիկկոլո (փոքր) զուռնայից, պկվից, պարկապզուկից, պկուների քառյակից բաղկացած «Տկզար» համույթը տարիներ շարունակ հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլեւ Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Սիրիայում, Իրանում, ԱՄՆ-ում եւ այլուր, ամենուր արժանանալով հիացմունքի: Եվ ինչպես չհիանաս, եթե լսում ես հայկական ժողովրդական երգեր, պարեղանակներ, կոմիտասյան մշակումներ՝ բնիկ, հոգեհարազատ նվագարաններով: Հատկապես Կոմիտասի երգերի շարքերը՝ «Կուժն առա», «Սարեն ելավ», «Գնա, գնա», «Սարերի վրով», «Երի, երի ջան», «Խումար», «Արեւ կայնե կեսօր» եւ այլն: Սրանք ասես սարյանական գույներով պատկերված «ձայնանկարներ» են (Կոմիտաս), սա Հայաստանն է։

«Տկզարի» արվեստը ոգեւորել է նաեւ ժամանակակից կոմպոզիտորներին՝ նորանոր գործեր ստեղծելու, մշակելու, փոխադրելու: Հիշենք Տիգրան Մանսուրյանի «Երկիր հայոց» երգը, Նորայր Գրիգորյանի մշակած միջնադարյան տաղերը, Երվանդ Երկանյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Խաչատուր Ավետիսյանի երկերի փոխադրումները, գործիքավորումները եւ այլն: 2000-2002 թթ. հյուրախաղերից հետո Կարլեն Միրզոյանին առաջարկեցին մնալ ԱՄՆ-ում եւ շարունակել իր համերգային ու մանկավարժական գործունեությունը Լոս Անջելեսում: 2003-ին նա ստեղծեց «Հայ քնար» ընկերակցությունը եւ «Հայաստան» ժողովրդական նվագարանների համույթը, 2004 ֊2006 թթ. հիմնադրեց եւ վարեց «Հայ ազգային նվագարաններ» հաղորդաշարը՝ Գլենդելի AMGA հեռուստաալիքով:

Իսկ «Տկզարի» ղեկավարությունը ստանձնել էր իր դուստրը՝ Արմինե Միրզոյանը: Այժմ մաեստրոն վերադարձել է Հայաստան եւ մեծ խանդավառությամբ ձեռնամուխ է եղել իր նոր մտահղացումների իրականացմանը: Ակնկալում ենք «Տկզարի» նորանոր փայլատակումներ։

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031