Մանուկ Սահակյանի հիշատակին
Ընդամենը 23 գարուններ ապրած եւ մարդկային կյանքն իմաստալից դարձնելու ճանապարհին անմահացած, Ազատագրական բանակի լավագույն զինվոր Մանուկ Սահակյանի զոհվելու 20-ամյակն է այսօր:
1992թ. հուլիսի 27-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բարձունքների վերագրավման համար մղվող թեժ մարտում զոհված Մանուկի արյան գնով պաշտպանված եւ 19 տարի առաջ ազատագրված այդ գյուղում այսօր, իր եւ իր նմանների շնորհիվ, խաղաղ երկնքի տակ ծնված տասնյակներով հայ մանուկներ են հասակ առնում:
Մանուկը դեռ չբոլորած իր քսաներեքամյակը, արդեն իսկ հասցրել էր մասնակցել ավելի քան քսաներեք հայկական բնակավայրերի ինքնապաշտպանական եւ մանավանդ ազատագրական բուռն մարտերի։ Այդ մարտերում էլ իր բացաոիկ խիզախության, դեպի թշնամու դիրքերը անկասելի ու անվեհեր իր խոյանքի, զինակիցների նկատմամբ ասպետական հոգատարության համար էր դարձել թշնամու ահն ու սարսափը, մարտական ընկերների՝ պաշտելի «Մանչը»։
1990 թվականին նա Վարդենիսի շրջանում մասնակցում էր Քելբաջարի ուղղությամբ ձեռնարկվող ռազմահետախուզական գործողություններին։ Այնուհետեւ, Նոյեմբերյանի եւ Գորիսի շրջանների, հատկապես Կոռնիձորի կռիվների մարտիկը դարձավ, ըստ որում՝ հենց այդ ժամանակ էլ, նշանակում է՝ առաջին իսկ օրից, ազատագրական մեր պայքարի մեծ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կողքին էր կանգնած եւ նրա ղեկավարությամբ էլ մարտնչում էր թշնամու դեմ, վասն վտանգված հայրենի եզերքների ապահովության։ Դժվար է մեկ առ մեկ թվարկել այն բոլոր տեղավայրերը, որոնց ինքնապաշտպանական կռիվների կենտրոնակետում էր հայտնվել Մանուկը. Վարդենիսի շրջան՝ Կըզըլքենդ, Փամբակ, Դարա, Ենիքենդ, Կյունեշլի, Սոդք, Վերին Շորժա, Շահումյանի շրջան՝ Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Ղարաչինար, Մարտակերտի շրջան՝ Թալիշ, Մարաղա, Լենինավան, Չայլու, Մատաղիս, Տոնաշեն, Մեծշեն, Կիչան, Օրթա եւ Բաշ Գյունեփայա, Կարմիրավան, Սրխավենդ, Նարեշտար, Չարեքտար, Աղդաբան, Չայղուվուշան,…
Իր պաշտելի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի կորստից եւ Մարտակերտի անկումից հետո վիրավոր կորյունի ցասումով, Մանուկը մասնակիցն էր արդեն հայկական բնակավայրերի ազատագրման համար մղվող անհավասար պայքարին։
Արցախյան ազատամարտի խիզախ, իր արտաքինով հայրենի Զվարթնոցի սյուների նման ամրահասակ ու խոյակների նման նրբագեղ զինվորն իրականում երկար ամիսներ սարերում եւ անտառներում, արեւից խանձվելով, անձրեւից ծեծվելով ու ձյան մեջ սառցակալելով, վատառողջ ու խոցված լինելով հանդերձ, շարունակում էր մնալ իր մարտական դիրքում, հրադադարի կարճատեւ պահերին միայն հիշելով հիվանդանոցի ու բուժօգնություն ստանալու անհրաժեշտության մասին։
Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Քանզի Մանուկն անցել էր մեծ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի դպրոցը, նրա պատրաստած սքանչելի զինվորն էր, սակայն եւ ազատամարտիկ իր ընկերների համար՝ ուսուցիչ, ամենօրյա մարզումներով ու վարժանքներով կոփվող ու որակավորումը բարձրացնող, բայց եւ՝ շրջապատին վարակիչ օրինակ ու ներշնչանքի աղբյուր։
Երիտասարդության սեմը նոր ոտք դրած Մանուկը Ազատագրական բանակի ոչ թե պարզ զինվորն էր, այլ՝ գործուն մասնակիցը բանակի ծննդյան ու կայացման երախտաշատ գործի, երկրորդ սերնդի հրամանատար, որ մինչեւ իր վերջին շունչը հավատարիմ մնաց իր երդմանը՝ պաշտպանել հայրենիքը, վերահավաքել հայրենի հողն ու ծառայել այդ հողի վրա ապրող ժողովրդին:
Մանուկն ասում էր. «Պարտավոր ենք մեր հայրենիքը պաշտպանելու համար անհնարն իրականացնել եւ հանուն վաղվա վերջնական հաղթանակի՝ մեզնից պահանջվածն անել»։
Նա, հայրենանվեր գաղափարների ծանր պատասխանատվությունը ուսած՝ միշտ կանգուն մնաց ազատամարտի առաջին դիրքերում, ցույց տալով բոլորիս իր նման կորյունների արյուն ու քրտինքով պաշտպանված հայրենիքի իրական արժեքը։
Մանուկ Սահակյանը մեր բոլորի հոգիներում մնում է անմար կրակ՝ իր նվիրվածությամբ ու օրինակով, իր անմահ հիշատակով։
«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ»
իր մարտական ընկերներ
«Առավոտ» օրաթերթ