Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թառլոյան եղբայրները երեւանյան սրահ են ուզում

Հուլիս 27,2012 14:22

Ֆրանսիայում դեռ Լյուդովիկոս 14-ի ժամանակներից թագավորական ընտանիքները նորաձեւ, ձեռագործ զարդանախշերով հագուստի պատվերներ էին տալիս պալատական դերձակներին: Եվ այսպես նորաձեւությունը Ֆրանսիայում հարյուրամյակների պատմություն ունի, իսկ Փարիզը համարվում է բարձրագույն նորաձեւության աշխարհի մայրաքաղաք ու կենտրոն: Փարիզը նվաճած ճանաչված դիզայներներ Թառլոյան եղբայրները այս օրերին Երեւանում են: Նրանք մտադիր են հայրենիքում հիմնել իրենց սրահը: 2000 թվականից Թառլոյանները Փարիզի նորաձեւության ակադեմիայի իսկական անդամ են, ինչն իրավունք է վերապահում տարին 4 անգամ ցուցադրել իրենց հավաքածուները: Ընդ որում, ակադեմիան ունի 16 անդամ, որոնցից են «Դիորը», «Վերսաչեն», «Վալենտինոն», «Ջիվանշեն», «Ժան Պոլ Գոտիեն» եւ այլն:

Երեւանում 2006թ. միակ ցուցադրությունից հետո «Առավոտի» հետ կարճատեւ զրույցում Թառլոյանները նշել էին, որ հայկական բնաշխարհից եկող գունային զգացողությունն ու մանրանկարչությունը անսովոր են ֆրանսիացիների համար: Հենց մանրանկարչական դետալներով գծանկարներն էին, որ գրավեցին փարիզյան մոդայի լոկոմոտիվ Գալյանոյի ուշադրությունը եւ ճակատագրական եղան իրենց համար: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ մեզ հետ հարցազրույցի սկզբում դիզայներները հիշեցին հայրենիքում իրենց ուսումնառության տարիները Սարյանի անվան ուսումնարանի մանրանկարչության բաժնում, ապա Գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտել են՝ ստանալով գեղանկարչի որակավորում եւ հատուկ նշեցին դասախոսներին՝ ազգագրագետ, պրոֆեսոր Ադա Գաբրիելյանի ու Մարգարիտա Մանուկյանի անունները, որոնք երկուսն էլ ազգային տարազների մասնագետ են: Գեւորգ Թառլոյանը շեշտեց, որ Հայաստանում նորաձեւության մշակույթը եղել է հենց ազգագրական հագուստների «ձեւաչափով»՝ Սյունիքի, Գյումրիի, Երեւանի եւ այլ շրջանների տարազների ինքնատիպ արտահայտություններով: Վարդանն էլ հավելեց, թե նորաձեւության ոլորտում կարեւորը միտքն է, եթե, իհարկե, արվեստագետը ստեղծագործելու ունակություն ունի ու ամենեւին էլ կապ չունի՝ ծնվել է Փարիզում, թե այլ վայրում: Ասաց նաեւ, որ իրենք Փարիզ մեկնեցին միայն ուսանելու եւ ստեղծագործական հղացումներն իրականացնելու նպատակով: Իսկ թե ինչպես հայտնվեցին ու հաստատվեցին այնտեղ, եղբայրները հիշեցին, որ դիպլոմային պաշտպանությունից հետո պատահաբար հանդիպել են Հակոբ անունով հոլանդահայ մի ձեռներեցի, որն Ամստերդամում մոդայի տուն ուներ: Հենց այդտեղից էլ սկիզբ է առել ամեն ինչ: «Ամստերդամի ընդհանուր մթնոլորտը մեզ չգրավեց ու տեղափոխվեցինք Անտվերպեն, որտեղ եւ ընդունվեցինք նորաձեւության բարձրագույն ակադեմիա: Բայց քանի որ ուսանողական վիզա չունեինք, չկարողացանք ուսանել: Երկու տարի աշխատեցինք Բրյուսելում, Վարդանն իբրեւ կաթոլիկ դպրոցի նկարչության ուսուցիչ, ես էլ բարմեն՝ Բրյուսելի ռեստորաններից մեկում: Սա ընդամենը հացի փող վաստակելու հնարավորություն էր»,- պատմեց Գեւորգը:

1993-ին Թառլոյանները տեղափոխվում են Փարիզ ու ընդունվում տեղի արվեստի եւ բարձրագույն նորաձեւության երեքամյա դպրոց: Ուսումնառության տարիներին Թառլոյանները որոշում են ստեղծել իրենց սեփական հավաքածուն, հանդիպում են արդյունաբերող Երվանդ Բերբերյանին, ով «Շանել», «Դիոր» նորաձեւության տների պայուսակների պատվերներն էր կատարում: «Պարոն Բերբերյանը մեկ ամիս մեզ տնտղելուց հետո լուրջ բյուջե տրամադրեց, ինչի շնորհիվ վարձեցինք աշխատողներ՝ ձեւող, կարող ու ձեռագործի վարպետներ, մի խոսքով՝ ստեղծվեց «Թառլոյան» ապրանքանիշը եւ 2000թ. առաջին անգամ ներկայացրինք մեր հավաքածուն»,- ասաց Վարդանը:

Դիտարկմանը, թե Հայաստանում նորաձեւության արդյունաբերություն գոյություն չունի ու մեր դիզայներներն էլ առայժմ բավարարվում են ունեւոր խավի պատվերները կատարելով, մեր զրուցակիցներն ընդամենն ասացին, որ Երեւանում կան հիանալի մոդելյորներ եւ եթե կատարվի իրենց երազանքն ու հայրենիքում սեփական սրահ հիմնեն, միահամուռ ուժերով կարելի է հայկական նորաձեւությունը միջազգային ասպարեզ հանել:

Ի տարբերություն այլ մոդելյորների բացասական կարծիքի, թե արդարացված չէ պճնված փողոց դուրս գալը, Թառլոյանները հակառակ կարծիքի են: «Մենք էլ ժամանակին քննադատում էինք «թատերային» տեսքով փողոց դուրս գալը, բայց հիմա արդարացնում ենք: Հայ կանայք կարծես Ֆելինիի ֆիլմերի կերպարներ լինեն, նրանցից ամեն մեկն անհատ է, ինչը չես ասի եվրոպացիների մասին: Նրանք զգուշանում են տարօրինակ երեւալուց, իսկ մերոնք դրա մասին չեն էլ մտածում, ինչի արդյունքում հայ կինը աշխատում է ընդգծված օրիգինալ երեւալ»,- համոզված է Գեւորգը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031