Երեկ՝ հուլիսի 26-ին, կեսգիշերն անց վրացական սոցցանցերում լուրեր էին տարածվել սիրված երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին: Սակայն Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբիզյանիձեն հերքել է լուրն, ասելով. «Սա առաջին դեպքը չէ, երբ ինչ-որ մեկը կեղծ լուրեր է տարածում, ես քիչ առաջ խոսում էի Վախթանգի հետ, և նա ասաց, որ մահվանից առաջ կզանգի բոլոր այն ստոր մարդկանց, ովքեր այս լուրը տարածել են», – գրել է «Московский комсомолец»-ը: Պրոդյուսերը նշել է նաև, որ Վախթանգի հետ ամեն ինչ կարգին է. «Մենք այժմ աշխատում ենք Բաթումում, 2 օրով եկել ենք Թբիլիսի, Վախթանգը դեռ պետք է հանդիպի Կանադայից եկող իր որդուն, ու նույնիսկ վաղը ցանկանում է գնալ ձկնորսության: Օգոստոսի 10-20-ը մենք Բաթումում ներկայացում ենք ցուցադրելու, որում կխաղա Վախթանգ Կիկաբիձեն»
Հայկական սոցցանցերում և հատկապես ֆեյսբուքում այս կեղծ լուրը նույնպես շուտ տարածվեց: Օգտատերերի ֆեյսբուքյան պատերին արդեն նկատվում էին գրառումներ, ցավակցական խոսքեր՝ Կիկաբիձեի մահվան մասին, սակայն բարեբախտաբար այս ամենը պարզապես ապատեղեկատվության հետևանք էր, և ֆեյսբուքյան այդ բոլոր գրառումներին հաջորդեցին լուրը հերքող հոդվածները:
Տիգրանուհի Թասլակյան