Ճանաչված լրագրող, «Մանանա» կրթամշակութային մանկապատանեկան կազմակերպության հիմնադիր Ռուզաննա Բաղդասարյանի խնդրին անդրադարձել ենք անցյալ տարի, երբ նա Հ/Ա Գ-3 թաղամասի 48 շենքի իր բնակարանի համար դիմել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով, որպեսզի այնտեղ ապօրինի հայտնված քաղաքացիներին՝ Վարդուհի Մուգդուսյանին, Սիրուշ Առաքելյանին վտարեն:
Խոսքը կիսակառույց, չբնակեցված շենքի մի քանի բնակարաններում ինքնակամ հայտնվածների մասին է, որոնք առանց հաշվի առնելու, թե ումն էին դրանք, դռներ էին դրել, պատուհաններ եւ տարիներ շարունակ բնակվում էին տեղի բնակարաններում:
Ընդհանուր իրավասության դատարանն անցյալ տարվա հուլիսի 20-ի վճռով հայցապահանջը բավարարել էր: Հետեւել էր պատասխանողների վերաքննիչ բողոքը:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ գտել էր, որ պատասխանողների բողոքն անհիմն է:
Ռուզաննա Բաղդասարյանը, որի բազմանդամ ընտանիքը մինչ օրս ապրում է հարազատների տանը, բազմիցս զգուշացրել է նորահայտ տանտերերին՝ ազատել բնակարանը, սակայն՝ ապարդյուն:
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է, սակայն հիմա էլ դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից վտարումը դեռ չի կատարվել:
Ռուզաննա Բաղդասարյանին ասում են, թե համաձայն «ԴԱՀԿ մասին» օրենքի 68 հոդվածի (ծառայության դեպոզիտ հաշվին մուծել կանխավճար)՝ վտարման համար նա պետք է 300 000 ՀՀ դրամ գումար փոխանցի ԴԱՀԿ-ին, որպեսզի նրանք կազմակերպեն վտարումը: Մենք մի քանի անգամ դիմել ենք ԴԱՀԿ-ին, ճշտելու, թե ինչ հիմքերով է սահմանվել այդ 300 000-ը, սակայն այնքան էլ համոզիչ չի եղել պատասխանը: Այսինքն՝ հղում են անում օրենքին եւ վերջ: Բայց օրենքը հստակ թիվ չի նշել:
Ավելին՝ նույն «ԴԱՀԿ մասին» օրենքի 24 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն, պարտապանի գույքի փոխադրման համար տրանսպորտի տրամադրման, պահեստավորման ծախսերը դարձյալ պարտապանի վրա են դրված: Այսինքն՝ ոչ միայն փոխադրում ես, այլ վարձում պահեստ, կամ չգիտեմ՝ թե ինչ, ու տանում իրեր, որոնք կարող են կորչել: Չի բացառվում, թե մի օր էլ պարտապանին ասեն՝ ոստիկանական հենակետ դիր, որ դրանք հանկարծ չկորչեն:
Ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է քաղաքացին, որը 21 տարի տեղական ինքնակառավարման մարմնի եւ արդարադատության կռնատության պատճառով տուժել է, այս դեպքում էլ պիտի տուժի, իսկ իրավախախտն օգտվելով այդ հանգամանքից՝ «չվտարվի»: Այս վիճակը նման է «այլադավանների համար» Իրանում գործող մի օրենքին: Եթե գողություն են արել ոչ իրանցու տանը, ապա գողի ընտանիքը տուժողը պահում է այնքան տարի, որքան Իրանի դատարանը վճռել է:
Ռ. Բաղդասարյանը մայիսին դիմում է գրել ԴԱՀԿ ղեկավարությանը, որ իր միջոցներով կկազմակերպի տնից իրերի դուրս բերումը: Մեզ հետ զրույցի ժամանակ իմ գործընկերն ասաց, որ ինքը ի վիճակի էր 100 000 դրամով բեռնատար հրավիրել եւ վտարվողի իրերը դուրս հանել իր տնից: Սակայն օմբուդսմենին ԴԱՀԿ-ն այս կապակցությամբ սխալ տեղեկատվություն է տվել, հայտնելով. «Կատարողական վարույթով պահանջատերը դիմում է ներկայացրել 07. 05. 2012թ. ԴԱՀԿ ծառայություն եւ հայտնել, որ կատարողական վարույթի կատարման համար կանխավճար կամ բանվորական ուժ տրամադրելու համար համապատասխան միջոցներ չունի եւ խնդրել է գործողությունն իրականացնել ծառայության հաշվին»: Կողմը ծառայության հաշվին չի ցանկացել, քանի որ առաջարկել է վերոհիշյալ գումարը: Ըստ այդմ էլ, քանի որ կատարողական գործողությունների կատարման համար օր դեռեւս չի նշանակված, հետագա կատարողական գործողությունների մասին կողմերին լրացուցիչ կտեղեկացվեն:
Բայց՝ ե՞րբ:
Չէ՞ որ վճիռն ուժի մեջ է անցյալ տարվա նոյեմբերի 10-ից:
Երբ կրկնակի անգամ Ռուզաննա Բաղդասարյանը դիմել է ԴԱՀԿ-ին, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի կողմից 21.03.2012թ. ստացվել է հետեւյալ պատասխանը. «Հայտնվում է, որ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.12. 2011թ. տրված կատարողական թերթի հիման վրա 30. 01. 2012թ. հարուցված 01/08-31/12 կատարողական վարույթի շրջանակներում կնշանակվի վտարման կատարողական գործողությունների կատարման օր, ինչի մասին պատշաճ կտեղեկացվեք»:
Այս ապառնի ձեւակերպումներով էլ հետագա բոլոր պատասխաններն են, ու հենց այսպես էլ մենք ապրում ենք:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ