Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյան փողոցը «բլոկադայի» մեջ է

Հուլիս 27,2012 14:11

Բնակիչները տրանսպորտի վատ աշխատելու պատճառով տեղաշարժման խնդիրներ են ունենում

Չնայած Երեւանի քաղաքապետարանը վերջերս քաղաքային տրանսպորտի ցանցը զարգացնելու համար մի շարք երթուղագծերում բարեփոխումներ արեց՝ ավտոբուսներով համալրեց, շարժակազմն ավելացրեց՝ «գազելները» փոխարինելով նոր ավտոբուսներով, սակայն ցանցի բարելավման արդյունքները շարքային քաղաքացիներն այնքան էլ չեն զգում: Օրինակ՝ Սարյան փողոցի բնակիչներն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասացին՝ «բլոկադայի» մեջ են. այս փողոցով ընդամենը թիվ 54 եւ 120 միկրոավտոբուսներն են անցնում, սակայն, լավագույն դեպքում, ամենաքիչը 30 րոպե պետք է սպասեն, որպեսզի գոնե թիվ 54-ը «ժամանի», իսկ թիվ 120-ի համար նույնիսկ Աստված են կանչում, որ գոնե 40 րոպեից Սարյանով անցնի: Նշենք, որ միկրոավտոբուսների շարժման միջեւ եղած ժամանակահատվածը, ըստ Երեւանի քաղաքապետարանի, 5-8 րոպե է: Սակայն այս գծատերը մրցույթով սահմանված իր պարտականությունը տարիներ ի վեր չի կատարում՝ ուղեւորներին նյարդային վիճակի մեջ դնելով: Բացի Սարյանի բնակիչներից՝ ժամանակ առ ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են դիմում մեր խմբագրություն՝ թիվ 120-ի աշխատանքից բողոքելով:

Սարյանցիների խոսքերով՝ «Մեր փողոցն այնպիսի հատվածում է, որ այլընտրանք չունենք, որպեսզի մեկ այլ փողոց գնանք՝ ուրիշ տրանսպորտ նստենք: 40-50 րոպեի ընթացքում եթե մի հատ 120 անցնի, ուրեմն բախտներս բերել է: Կենտրոնական փողոց է, բայց, տրանսպորտի առումով ամենավատ վիճակում է: Որքան էլ դժգոհում ենք վարորդներին, օգուտ չունի՝ նրանք իրենց սրտի ուզած ձեւով են գիծը սպասարկում»:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն «Առավոտին» հայտնեց, որ 2 նոր երթուղագիծ են նախատեսել, որ Սարյան փողոցով էլ պետք է անցնի: Նա վստահեցրեց, որ նոր մրցույթներից հետո այդ փողոցի բնակիչների համար տրանսպորտային խնդիրը կլուծվի: Ինչ վերաբերում է թիվ 120-ի՝ գիծը անբարեխիղճ սպասարկելուն, ապա վարչության պետը խոստացավ ուսումնասիրել գծի աշխատանքը եւ արդյունքները տրամադրել «Առավոտին»: Պարոն Նավասարդյանը նաեւ հայտնեց, որ այսուհետ մրցույթը հաղթողները, եթե հետագայում թերանան իրենց աշխատանքում, գումարային տույժ-տուգանքների են ենթարկվելու. «Փորձում ենք կպնել գծատիրոջ գրպանին, որպեսզի զերծ մնա խախտումներից: Առաջին անգամ ուղղակի նախազգուշացում ենք անում, 2-րդի դեպքում 30 հազար դրամ տույժ է լինելու, իսկ եթե էլի կրկնվի, կարող ենք նույնիսկ զրկել գիծը սպասարկելու իրավունքից»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031