Մորն էլ՝ Ալվարդ Մանուկյանին, ոչ մի պետական կառույց չի աջակցում երեխային ետ բերելու
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես վերջերս պետական մի գերատեսչությունից մյուսն է այցելում՝ աշխատակազմի հետ հանդիպումներ ունենալու: Նախագահը պետական ծառայողներին հորդորում է արդար աշխատել, կաշառակերությունից զերծ մնալ, ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արագացնել: Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ չինովնիկների դեմքի արտահայտությունն այնպիսին է լինում, թե նախագահի ասածները «հալած յուղի» տեղ են ընդունում, սակայն փաստն այն է, որ պետական պաշտոնյաների գործելաոճի հետեւանքով ամեն օր մեր երկրում մի քանի քաղաքացի համալրում է ՀՀ կառավարության կամ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարների շարքերը: Քաղաքացիներն այն աստիճան են արհամարհված, որ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար ինքնահրկիզման փորձ են անում, օրերով հացադուլի են նստում: Ալվարդ Մանուկյանը որոշել է այս բոլոր տարբերակներին դիմել, միայն թե կարողանա իր որդուն՝ 9-ամյա Գոռին, տուն բերել: Նա արդեն 3-4 տարի է՝ ընկած է պետական դռները: Կինն ուժասպառ է եղել՝ տարիներով անօգուտ այս կառույցից մյուսը գնալով: Նա ոչ մի կերպ չի կարողանում վերականգնել մայրական իր իրավունքները: Տիկին Ալվարդը մինչեւ 5 տարեկանն է կարողացել վայելել մայրության բերկրանքը: Ամուսնու՝ Աշոտ Բաղդասարյանի հետ հարաբերությունները վատանալուց հետո իր երեխայի երեսը չի տեսել: 24 ժամ հայրը նրան կողքին է պահել, տրամադրել մոր դեմ ու ամիսներով զրկել մորը՝ որդուն տեսնելու հնարավորությունից: Իսկ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որեւէ կառույց պարզվում է՝ ի զորու չէ այդ հարցը լուծելու: Այս տարվա փետրվարի 24-ին հայրը Գոռին դպրոցից վերցրել է ու երեխային տարել անհայտ ուղղությամբ: 5 ամիս է՝ մայրը չգիտի, թե Գոռն ուր է, որտեղ է գիշերում, ինչ է ուտում: Ոստիկանությունն այս գործից ձեռքերը լվանում՝ մի կողմ է քաշվում՝ արդարանալով, որ ծնողներն ունեն հավասար իրավունքներ, եւ իրենք չեն կարող մեկից վերցնել՝ մյուսին տալ, սակայն երբ Ալվարդ Մանուկյանը հիշեցնում է, որ «հավասար իրավունքը», չգիտես ինչու, միայն հոր վրա է տարածվում, քանի որ ինքն իր անչափահաս երեխային ամիսներով չի տեսնում, Շենգավիթի ոստիկանները նրանից «պեչատած փաստաթուղթ» են ուզում, որպեսզի գնան հայտնաբերեն ու երեխային հանձնեն մորը:
Տիկին Ալվարդը սեփական հետախուզության արդյունքում պարզել է, որ Գոռը ապրում է 4-րդ գյուղում գտնվող հորաքրոջ տանը: Մայրը այդ օրվանից ի վեր ամեն օր զանգել է Աշոտ Բաղդասարյանի քրոջ տուն, որպեսզի երեխայից մի լուր իմանա, բայց, ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ալվարդ Մանուկյանը, հորաքույրը՝ Ս. Բաղդասարյանը, հրաժարվել է Գոռին փոխանցել լսափողը՝ ասելով թե՝ «դու գիժ ես»: Պարբերաբար մի քանի վկաներով այցելել է նրանց տուն, սակայն հորաքույրը կտրականապես արգելել է Գոռի հետ հանդիպումը. «Գոռը պատուհանից վախվորած ինձ էր նայում, բայց հորաքրոջ ահից ռիսկ չէր անում իջնել ու ինձ մոտենալ»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Ալվարդը: Նրա խոսքերով՝ ամուսինն ու նրա հարազատները Գոռին տրամադրում են մոր դեմ՝ ամենավատ որակումներ ու ածականներ կպցնելով մորը, երեխային համոզում, որ նրա մայրը «գիժ» է, հոգեկան խնդիրներ ունի: Այդ կասկածները փարատելու համար Ալվարդն ինքն է իր կամքով մի քանի անգամ ստուգվել հոգեբուժարանում եւ իր՝ հոգեպես առողջ լինելու մասին վկայող փաստաթուղթ վերցրել: Տիկին Ալվարդի վերջին այցելությունը Գոռի հորաքրոջ տուն հուլիսի 23-ին եւ 24-ին է եղել. «Ուղիղ երկուսուկես ժամ տան դարպասների առաջ հորաքրոջը աղերսել ենք, որ թույլ տա երեխայիս տեսնել, անպատվեց ու դուռը չբացեց: Նա ի՞նչ իրավունք ունի երեխայիս փակի տակ պահել, ոստիկաններին եմ դիմում, ասում են՝ դատարանի թուղթ բեր, որ երեխայիդ վերցնենք՝ քեզ տանք: Իմ հարազատ երեխային ինձ մոտ վերադարձնելու համար դատարանի թո՞ւղթ բերեմ: Գործը դեռ դատական պրոցեսում է, ես ինչպե՞ս կարող եմ դատարանի որոշում բերել: Իսկ մինչ դատարանի որոշումը ինչո՞ւ պետք է զրկված լինեմ երեխայիցս, ինչ է թե՝ նախկին ամուսինս կարողանում է ուժով առաջ գնալ: Ստիպված եմ լինում վկաներով այնտեղ գնալ, որ մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվում»,- պատմեց նա:
Հաշվի առնելով Գոռի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը՝ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով, դիմել էր դատարան՝ հոր իրավունքները սահմանափակելու: Այդ ընթացքում, նույն մարմնի միջնորդությամբ, Գոռը տեղափոխվել էր Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոն: Մի քանի ամիս կենտրոնի հոգեբաններն ու մասնագետները երեխայի հետ աշխատելուց հետո՝ Գոռը սկսել էր շփվել մոր հետ, ցանկություն հայտնել ապրելու նրա հետ: Սակայն կենտրոնից դուրս գալուց որոշ ժամանակ անց հայրը կրկին նրան տարել էր եւ մինչ օրս արգելում է մոր հետ շփումը:
Դատարանում գործի լսումը կասեցվել էր, քանի որ Աշոտ Բաղդասարյանը հայցով դիմել էր դատարան՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի որոշումը՝ հոր իրավունքները սահմանափակելու վերաբերյալ, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Եվ չնայած այն բազմաթիվ ապացույցներին, որ որպես երրորդ անձ դատարանին ներկայացրել էր երեխայի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, վարչական դատարանը Աշոտ Բաղդասարյանի հայցը բավարարել էր՝ այդպիսով թույլ տալով, որպեսզի երեխայի հարցը նորից մնա օդում կախված: Գոռի գործը կրկին դատարանում է: Սակայն, Ալվարդի պատմելով, իր նախկին ամուսնու՝ Աշոտ Բաղդասարյանի պատճառով անընդհատ հետաձգվում է, քանի որ նա չի ներկայանում նիստին. «Միտումնավոր չի գալիս, որ գործի լսումը ձգձգվի: Գոռը մի քանի ամսից կդառնա 10 տարեկան, իսկ այդ տարիքում երեխայի ցանկությունն են հաշվի առնում, թե ում հետ ապրի: Նրա հոր հարազատներն այս ամիսների ընթացքում այնպես են փչացրել երեխայիս հոգեբանությունը, վախեցրել, որ Գոռը վախից ասում է, թե չի ուզում ինձ հետ ապրել, բայց չեզոք մարդկանց ներկայությամբ խոստովանում է, որ ինձ սիրում է եւ կուզեր ինձ հետ ապրել: Եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, երեխաս իսկապես առողջական շատ լուրջ խնդիրներ կունենա՝ թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական»:
Տիկին Ալվարդն այս անգամ դիմում է ՀՀ նախագահին, առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, որը գոնե որպես մայր նրան կհասկանա ու կմտնի իր դրության մեջ. «Խնդրում եմ, երեխայիս հարցին վերջնական լուծում տվեք, թող վերջապես որոշվի, թե ծնողներից ով ինչ կարգավիճակ եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի երեխայի համար: Եթե իմ ամուսինը կարողանում է բոլոր տեղերում իր հարցերը լուծել, ուժով, փողով, իսկ ես այդ հնարավորությունը չունեմ, ինչքա՞ն կարող եմ տանջվել ու տառապել: Ես առանց երեխայիս չեմ կարող ապրել»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ