ՕԵԿ-ը սատարելու է Վարդան Ղուկասյանին. իսկ ի՞նչ կասի Մանվել Գրիգորյանը
Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունում ներքին պայմանավորվածություն-հանձնարարական կա՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածությունը սատարելու մասին: Վարդան Ղուկասյանին սատարելու եւ ընդդեմ Սամվել Բալասանյանի «աշխատելու» պատճառներ ՕԵԿ-ը ունի. նախորդ ՏԻՄ ընտրություններում 2-3 անգամ ՕԵԿ-ն արդեն սատարել է Վարդան Ղուկասյանին, նույնիսկ, երբ նա անկուսակցական էր: Եթե նկատի առնենք նաեւ այն իրողությունը, որ Սամվել Բալասանյանի ճակատին գրված ՕԵԿ-ը ջնջվեց ու դարձավ ԲՀԿ, հիմա առավել եւս ՕԵԿ-ի վարքագիծը հասկանալի է: Այս առիթով մեզ հետ զրույցում ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Մարգարյանն ասաց. «Եթե ուսումնասիրեք մեր անցած ուղին, տեղական ինքնակառավարման վերջին մի քանի ընտրություններում մենք պաշտպանել ենք Վարդան Ղուկասյանի թեկնածությունը: Ավելին՝ մենք մեր Գյումրու թիմով միշտ սերտ համագործակցել ենք քաղաքապետի հետ եւ տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ ենք լուծել այդ համագործակցության շնորհիվ: Ես վստահ եմ, որ պատգամավոր-տեղական ինքնակառավարման մարմին սերտ համագործակցություն պետք է լինի, որի արդյունքում շահում են բնակիչները: Այնպես որ՝ ուրիշ բանի հետ մի կապեք: Այո, եթե Վարդան Ղուկասյանն առաջադրի իր թեկնածությունը, ՕԵԿ-ի Գյումրու թիմը հերթական անգամ կպաշտպանի նրա թեկնածությունը: Սա համապետական ընտրություն չէ, ՏԻՄ ընտրություն է, եւ մեր տարածքային կազմակերպությունը ազատ է՝ քննարկելու ու ինքնուրույն որոշում կայացնելու»:
Հետաքրքրվեցինք՝ այս պարագայում արդյոք ՕԵԿ-ի համար որոշիչ չէ՞ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիա են կազմել, իսկ ՀՀԿ-ն, փաստորեն, մերժում է Վարդան Ղուկասյանին: Հովհաննես Մարգարյանը չցանկացավ այդ «ներկուսակցական խնդրի» մեջ մտնել: «Ինձ ցավ է պատճառում, որ զանգվածային որոշ լրատվամիջոցներ փորձում են այնպիսի ուռճացված եւ ճոխացրած ներկայացնել իրավիճակը Գյումրիում, կարծես Գյումրին Սիցիլիա է դարձել: Այդպես չէ: Գյումրին նամուսի, թասիբի, պատվի ու արժանապատվության, մշակույթի ու արվեստի քաղաք է: Գյումրին կոլորիտով քաղաք է, Վարդան Ղուկասյանն էլ՝ կոլորիտով քաղաքապետ: Նա՝ լինելով նամուսի ու թասիբի տեր մարդ, միշտ էլ գյումրեցու նամուսին ու թասիբին տեր է կանգնել: Ահագին լավ աշխատանքներ կատարել է, բազմաթիվ խնդիրներ լուծել է իր աշխատանքի ընթացքում»,- ասաց Հովհաննես Մարգարյանը: «Առավոտի» դիտարկմանը՝ Ղուկասյանը միաժամանակ իր էքսցենտրիկ պահվածքով է հայտնի եւ Գյումրին էլ խանության էր վերածել, Հովհաննես Մարգարյանը հակադարձեց. «Գյումրին երբեք խանության չի վերածվել եւ չի էլ վերածվի: Յուրաքանչյուր գյումրեցի այնքան ինքնասիրություն ունի, որ կարող է իր թասիբին տեր կանգնել, չխոնարհվել ոչ մեկի առջեւ»: Մեր պնդմանը՝ մտավախություններ չկա՞ն, որ ՕԵԿ-ի տեղական կառույցի՝ ինքնուրույն գործելու պարագայում կոալիցիոն գործընկերոջ հետ խնդիրներ կառաջանան, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Մենք ազատ ենք մեր որոշման մեջ»: Նա նաեւ հավելեց, որ ՕԵԿ-ը քաղաքի ավագանիում 5-6 ձայն ունի, առաջիկայում էլ մտադիր է մասնակցել ՏԻՄ ընտրություններին եւ պահպանել դիրքերը:
Կարդացեք նաև
Ասում են, որ նաեւ ՕԵԿ-ի՝ իրեն սատարելու արդյունքում քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանն աշխատանքի է տեղավորել ՕԵԿ-ի տեղի կառույցից մոտ 15 մարդու: Իր տեղակալներից մեկն էլ՝ Ռուդիկ Հովսեփյանը, ՕԵԿ-ի տեղական կառույցի պատասխանատուներից է: Խոսակցություններ են շրջանառվում, որ Գյումրիում սկսված «ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի» ստորագրահավաքը հենց ՕԵԿ-ի Շիրակի կառույցի եւ Ռուդիկ Հովսեփյանի նախաձեռնությունն են: Այս առիթով էլ Հովհաննես Մարգարյանը ասաց. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Ես ոչ մի նախաձեռնությունից տեղյակ չեմ»: Պարոն Մարգարյանը խորհուրդ տվեց չափազանցությունների գիրկը չընկնել ու վստահեցրեց, որ Գյումրիում բավականին լավ, քաղաքակիրթ քարոզարշավ է լինելու, եւ գյումրեցիներն էլ իրենց ձայնը տալու են այն թեկնածուին, ով որ արժանի է. «Դեռ թեկնածուներն էլ հայտնի չեն, մի շտապեք, լավ ընտրություններ են լինելու: Գյումրին կոլորիտով քաղաք է, հումորի քաղաք է»:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանն ի պաշտպանություն իրեն սկսված ստորագրահավաքին միանալու համար «դեսպաններ» է ուղարկել նաեւ ԵԿՄ Շիրակի կառուցի պատասխանատուների մոտ: Բանն այն է, որ ԵԿՄ Շիրակի կառույցում «իշխանափոխությունից» հետո, երբ Աշոտ Զաքարյանը թողեց ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնը, Վարդան Ղուկասյանը բավականին շատ օգնություններ է ցուցաբերել՝ եւ գումարային օգնություններ է տրամադրել ազատամարտիկներին, եւ նոր շենք է տրամադրել կառույցին, ներդրումներ է արել Պանթեոնի կառուցման աշխատանքներում: Սակայն ի պատասխան Ղուկասյանի խնդրանքի՝ Շիրակի ԵԿՄ-ի պատասխանատուները փոխանցել են. «Մանվելը մեզ բան չի ասել»: Խոսքը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մասին է:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ