Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կամ … Կամ, թե եւ…Եւ

Հուլիս 27,2012 14:01

Այնինչ ուզում էի գրել օրեր առաջ սկսված արեւադարձի մասին եւ հայտնել զարմանքս՝ թե ինչպես է, որ ծառը զգում է արեւադարձը, բայց մարդը չի զգում: Ծառն, այո զգում է, եւ արեւադարձի հաջորդ օրվանից այլեւս չի աճում. իր ուժը հավաքում տալիս է կեղեւին, ամրացնում է կեղեւը, որ դիմանա ձմռան ցրտերին: Իսկ մենք մտել ենք համացանց ու շարունակ ոչնչացնում ենք իրար, չենք հանդուրժում երկրորդ կարծիք՝ մոռանալով, որ երկրորդ կարծիք բոլորովին էլ չի նշանակում երկրորդական կարծիք, ինչպես նաեւ վտանգավոր է բառն անտեղի հնչեցնելը: Եվ ափսոս, որ արդեն ժամանակ չունենք արեւադարձն ապրելու…

Այդպես մտածում էի եւ չէի հասկանում, կամ գուցե նաեւ չէի սիրում Ավետարանի հնչեցրած հոգով աղքատներին, որոնք պետք է ժառանգեին երկնքի արքայությունը: Գրեթե վստահ էի, որ հետագայում Ավետարանիչն է հավելել, եւ Քրիստոսի շուրթերով չէ, որ ասվել էր այդ խոսքը:

Թե ինչպե՞ս կարող էր հոգով աղքատը երկնքի արքայությունը ժառանգեր, երբ նա կարող էր ընդամենը համամիտ լինել անմեղսունակ կենդանիներին: Այնինչ գաղտնիքը մեկ այլ տեղում էր, մեկ այլ խոսքում՝ Հայկազյան բառարանում, ուր հստակ մեկնաբանվում է աղքատ բառը, եւ պարզվում է, որ աղքատ հայերեն նշանակում է նաեւ կարոտյալ: Ու այս հստակ բացատրությունն ամեն ինչ դրեց իր տեղը. այսինքն՝ ոչ թե երանի հոգով աղքատներին, այլ երանի հոգով կարոտյալներին, ովքեր ուզում են լսել Աստծո խոսքը եւ մոտենալ Նրան: Եվ այս դեպքում ճիշտ է, որ նրանք արժանի են երկնքի արքայությանը, քանզի հոգով աղքատները (կարոտյալները) նրանք են, ովքեր ուզում են ավելի շատ իմանալ, ճանաչել, ավելի շատ գիտենալ, բայց ոչ կուտակել: Նրանք են, ովքեր ելնում են իրենց խոսքով եւ հավատով կրթելու սեփական ցեղը, ձգտում են հոգով հարստացնել նրանց, եւ որպես կանոն, ինչպես իմ Մարտին Միքայելյան ընկերը կասեր, ամեն անգամ տուն են  վերադառնում սրբի նման ձեռնունայն՝ շարունակ մնալով կարոտյալ:

Մտածում էի նաեւ, որ չի կարելի ճանապարհ ելնել չնչհավատների հետ, որոնք չեն հանդուրժում երկրորդ կարծիք, քանզի իրենցից դուրս՝ մնացյալը երկրորդական է:

Այնինչ արեւադարձից հետո ծառերը շարունակ ամրացնում են իրենց կեղեւները՝ մեզ ցուցադրելով՝ պահպանել սեփական ձեռքբերումը եւ ուրախանալ…  ուրախանալ, որ վերջապես հրաշալի թարգմանությամբ հայերեն տպագրվել է  մեր հայրենակից Դովլաթով մեծ գրողի ժողովածուն, եւ այն տպվել է ոչ թե Երեւանում, այլ՝ Ստեփանակերտում: Այսինքն թե՝ Արցախում նույնպես հոգեւոր ծառը սկսել է ամրացնել իր կեղեւը՝ պահպանելով իր ներսի լույսը,  եւ սկսել է ապրել ոչ թե կամ… կամ, այլ՝ եւ… եւ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031