Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քոչարյանը ծոծրակը կտեսնի՝ այլեւս իշխանություն չի տեսնի»

Հուլիս 27,2012 13:58

Ասում է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը

«Ես ընդհանրապես կողմ եմ բոլոր տեսակի համագործակցություններին, որոնք որոշակի փոփոխություններ կարող են բերել քաղաքական դաշտ»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե հիմա Կոնգրեսի ներսում տարաձայնություններ կան՝ ԲՀԿ-ի հետ կապված, Դուք այդ մտահոգությունները կիսո՞ւմ եք: Երջանիկ Աբգարյանի դիտարկմամբ՝ «Ես առանց երաշխիքների, պարզապես նախնական հաղորդակցության ինչ-որ բան եմ համարում: Կողմերը պետք է երաշխիքներ ներկայացնեն՝ այս դեպքում՝ այսինչ, այն դեպքում՝ այնինչ: Իսկ երաշխիքները շատ կարեւոր են, որովհետեւ ժողովրդավար Հայաստանում շատ տարածված բան է այստեղից այնտեղ թռնելը, այսինքն՝ այս ճամբարից այն ճամբար թռնելը: Դրա համար ես կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են մտածել իրենց կոլեգաների հետ երաշխիքներ ստեղծելու մասին: Նույնն էլ, բնական է, ՀԱԿ-ը պետք է ունենա երաշխիքային համապատասխան բազա: Դա կարելի է անել շատ կարճ ժամանակաշրջանում՝ մի քանի կոնկրետ համատեղ հայտարարություններով, համաձայն որոնց՝ գործի առնչությամբ պարտավորություններ կվերցնեն»:

Հարցին՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելով՝ Կոնգրեսը կանաչ լույս չի՞ վառի «քոչարյանիզմի» առաջ, ինչպես Դավիթ Շահնազարյանն էր ասում՝ պարոն Աբգարյանը պատասխանեց. «Այդ հարցում Դավիթ Շահնազարյանի հետ համաձայն չեմ: Մոտ 1 տարի առաջ ես հայտարարել եմ, որ Քոչարյանը իր ծոծրակը կտեսնի՝ այլեւս իշխանություն չի տեսնի: Ես վստահ եմ, որ Քոչարյանն ինչ խաղեր էլ տա՝ այլեւս նա իշխանության մեջ տեղ չի ունենալու, նույնիսկ այս կարգի իշխանության մեջ, որը իր հարազատ իշխանության շարունակությունն է»:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ն Քոչարյանի կուսակցությունը չե՞ք համարում, Ռոբերտ Քոչարյանը, կարծում եք, կապ չունի՞ ԲՀԿ-ի հետ՝ Երջանիկ Աբգարյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, շատ բաներ կան, շատ հանգամանքներ կան, այդպես միանշանակ պնդել՝ սա Քոչարյանի կուսակցությունն է, նա Քոչարյանինը չէ՝ շատ դժվար է, որովհետեւ մենք երբեմն մոռանում ենք, որ պատահել են այնպիսի մի հնարքներ, որ այսպիսի իրավիճակում հարցը բոլորովին այլ կերպ է լուծվել: Այդպիսի հնարավորություն Հայաստանում այսօր էլ կա: Չեմ ուզում կոնկրետ անձի հետ կապել երեւացող կամ չերեւացող, բայց չմոռանանք, որ այդ տարբերակն էլ գոյություն ունի»:

Մենք հետաքրքրվեցինք՝ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցում որեւէ կանխատեսում ունե՞ք: Պարոն Աբգարյանը վստահեցրեց. «Ես կարծում եմ՝ միասնական թեկնածուի մասին խոսակցություններն աննպատակահարմար խոսակցություններ են, որովհետեւ դա միայն կօգնի իշխանությանը համախմբվել: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է ուժեղ մի 3 թեկնածու առնվազն ունենա: Այդ դեպքում երկրորդ փուլն անխուսափելի է դառնում: Այսօր մեկ միասնական թեկնածուի համար զուտ քաղաքական հիմքեր չկան»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵՋԵԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031