Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիական իրադարձությունները և հայության արձագանքը

Հուլիս 27,2012 13:54

Արաբական երկրների վերջին մեկ ու կես տարիների ընթացքը և հատկապես Սիրիայում ներկայումս  ծավալվող քաղաքական հեղաբեկումները ակնհայտ են դարձնում ՀՀ պաշտոնական մարմինների ու կազմակերպական կառույցների կրավորականությունը և անհամապատաս-խանությունը հայության առջև կանգնած արդի մարտահրավերների մասշտաբին։

«Հայկական աշխարհի» և «Արի տուն» այսպես կոչված ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարությունները պայթող փուչիկների նման առ ոչինչ են դառնում վերջին մեկ տարվա ընթացքում սիրիահայության նկատմամբ  «ազգային ավիափոխադրիչ» «Արմավիա» ընկերության դրսևորած վարքագծի և այդ երևույթի նկատմամբ պաշտոնական շրջանների պիղատոսյան անգործության ու լռության խորապատկերի վրա: Ուշագրավ է, որ միայն հանրային ճնշման ազդեցության տակ հնարավոր եղավ այս հարցում բեկում մտցնել:

Սա մեկ անգամ ևս բացահայտում է այն իրողությունը, որ ազգի ու պետության կառավարման պատասխանատուները նույնիսկ կարճաժամկետ հեռանկարի համար ծրագրեր չունեն, այլ փորձելով իրավիճակային լուծումներ գտնել շարժվում են  իրադարձությունների հետևից: Նույն շարքից են Սիրայի հայությանը չվնասելու, նրանց հետագա կյանքը այսուհետ ևս միայն այդ երկրում կազմակերպելու մասին հայտարարությունները:

Բնական էր սպասել, որ սիրիահայությունը լինելով  Սփյուռքի ամենահին և կազմակերպված գաղութներից մեկը և դրական հարաբերություն ու գործակցություն ունենալով բոլոր մնացած սիրիական համայքների հետ, պետք է դեմ լիներ ստիպողական արտագաղթին: Երկրի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցների առջև ծառացել են տարաբնույթ խնդիրներ: Նրանք կարող են կորցնել իրենց մասնավոր եւ համայնքային սեփականությունը կամ դրա մի մասը, թողնել իրենց սոցիալական եւ մշակութային օջախները` զրկվելով անձնական և ազգային կյանքի կազմակերպման տարրական պայմաններից: Սակայն Սիրիայի 60 000 հայերի վիճակը վստահաբար էլ ավելի է բարդանում և ֆիզիկական անվտանգության իրական սպառնալիքների ազդեցությամբ հղի է աղետալի հետևանքներով՝  ենթակա լինելով մասնակի և անգամ ամբողջական տարհանման:

Սիրիահությանը Սիրիայում պահելու վերաբերյալ տեսակետը ենթադրում է միջազգային լուրջ երաշխիքներ, որոնք, նկատի ունենալով սիրիական իրադարձությոններում ներգրավված կողմերի շահերի բախումը, ներկա պահին ստանալը բարդագույն միջազգային խնդիր է:  Այս խնդրի լուծումը ենթադրում էր Հայաստանի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի լուրջ գործունեություն, որը ակնհայտորեն բացակայում է:

Մերձավոր և Միջին Արևելքի բոլոր հայկական համայնքները վերջին տասնամյակների ընթացքում “Շագրենի կաշվի” պես անշեղորեն նվազում են` հետագա արագ ուծացման հեռանկարով արտահոսելով արևմտյան երկրներ: Այդ գործընթացի մասշտաբները զգալիորեն մեծանում  են հատկապես ներքաղաքական վայրիվերումների ժամանակ։ Բնական է, որ Սիրիայի հայության պարագայում  նույնպես առկա է այդ միտումը, ուր գաղութը վերջին 40 տարիների ընթացքում ավելի քան կրկնակի նվազել է  և առաջիկայում նույնպես՝ իրավիճակի ապակայունացմանը զուգընթաց, այս կամ այն չափով լինելու է հայության աճող արտահոսք:

Ուստի ակնհայտ է, որ նման պարագաներում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել այդ արտահոսքը դեպի  Հայաստան ուղղելու համար:

Շարունակական  “ցունամիի” ազդեցության տակ գտնվող հարևան տարածաշրջանի քաղաքական փոփոխությունների մասշտաբից, բազմազանությունից, ինչպես նաև սրընթացությունից պարզ է դառնում, որ շատ շուտով գործ ենք ունենալու մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների հետ, ինչը մեզանից պահանջելու է նախ և առաջ հավաքական քաղաքական կամքի դրսևորում: Իրավիճակը թելադրում է, առանց խուճապի մեջ ընկնելու պատրաստ լինել զարգացման առավել հնարավոր նաև առավել վտանգավոր տարբերակներին և ըստ այդմ գործել համապատասխան սցենարներով, ինչը առանց հասարակական լուրջ ճնշման իրատեսական չէ ակնկալել շվայտության մեջ թաթախված,  հայության առջև կանգնած խնդիրներից միայն փախչել իմացող հայաստանյան ապազգային վարչախմբից։

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական ճգնաժամային զարգացումների հետևանքով, հատկապես՝  նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորմանը նախորդող ներկայիս անցումային փուլում, էապես աճում է Հայաստանի և հայության կարևորության կտրուկ բարձրացման հնարավորությունը տարածաշրջանում։

Այդ պոտենցիալ կարևորությունը կախված կլինի նախևառաջ նրանից, թե որքանով Հայաստանը և հայությունը պատրաստ կլինեն պլանավորված մասնակցելու գալիք զարգացումների մեջ:

Հայաստանը և հայութունը տարածաշրջանային գործոնի վերածելու և դրա շնորհիվ ոչ միայն Սիրայի հայ համայնքի, այլև համազգային հարցերը լուծելու այս նպատակի իրականացումը հնարավոր է միայն հայկական պետականության կազմակերպական արմատական նորացման  միջոցով,: Մինչ այդ, ցավոք սրտի, հարկ կլինի գործել ինքնակազմակերպվող քաղաքացիական  մարմինների միջոցով, որոնց հանրային ճնշման տակ միայն հնարավոր կլինի օգտագործել  ներկայիս վարչախմբի տրամադրության տակ գտնվող պետական լծակները ։

Համազգային ինքնակազմակերպումը պետք է իրականացնել հաստատակամորեն, ապավինելով հայության ուժերին և գործելով  ազգային շահի գերակայության գիտակցմամբ։

«Սարդարապատ» շարժումը ողջունում է սիրահայությանը աջակցելու բոլոր հասարակական նախաձեռնությունները և կրկին անգամ արձանագրում, որ միայն հանրային ճնշման շարունակական աղդեցության տակ կարելի է ակնկալել Հայաստանի վարչախմբի` իր ձեռքի տակ ունեցած լծակների օգտագործումը սիրահայության խնդիրների լուծման համար:

Իր հերթին «Սարդարապատ»  շարժումը մոտակա ամսում հանդես է գալու հայկական պետականության կազմակերպական արմատական նորացման  և հարենադարձության կազմակերպման երկու  նոր զուգահեռ նախաձեռնություններով:

 «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՈՂ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031