Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադոնց ազգանունն ու պարկեշտ լինելը պարտավորեցնող են»

Հուլիս 27,2012 13:49

Տեր եւ տիկին Ադոնցները՝ Լյուքսեմբուրգի մեծ դուքսի հետ:

Ավետ Ադոնցը 2009թ. մայիսի 27-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Ավելի վաղ՝ 1998-2001թթ. նա աշխատել է ԵՄ-ում ՀՀ առաքելությունում՝ որպես խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: Հետագայում եղել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Պարոն դեսպանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ չնայած դիվանագետը դասական իմաստով կատարողն է իր երկրի արտգործնախարարությունից ստացված հանձնարարությունների, սակայն ինքը անգամ այս ոլորտում կողմ է, այսպես կոչված, ստեղծարարությանը: Պարոն Ադոնցը նշում է, որ Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելով, զրոյից չի սկսել, այլ նոր քար է դրել ու նոր մոտեցումներ ցուցաբերելով աշխատել, որտեղ կարեւորում է այն դիվանագետների անձնուրաց աշխատանքը, որոնցով ինքն է շրջապատված: Դեսպանն ասում է, որ ամեն ինչի հիմքում եղել է կարգապահությունը, խստապահանջությունը, արժանապատվությունն ու պարկեշտությունը, միշտ բացառվել են, այսպես ասած, «ախպերական» հարաբերությունները: Նրա խոսքով, հասկանալի պատճառներով, բոլոր երկրների պարագայում էլ Բելգիայում դեսպան աշխատելը էապես տարբերվում է այլ երկրներում նույն առաքելությունն իրականացնելուց:

Հետաքրքրվեցինք՝ կյանքում իրեն պարտավորեցնո՞ւմ է անվանի նախնու՝ պատմաբան, բյուզանդագետ, բանասեր Նիկողայոս Ադոնցի ազգանունը կրելը: Դեսպանն ասում է, որ Ադոնց ազգանունը պարտավորեցնող է հատկապես Բելգիայում աշխատելիս. «Նիկողայոս Ադոնցն իր կյանքի վերջին տարիներն ապրել ու աշխատել է Բրյուսելում, դասավանդել է տեղի համալսարանում, եղել է Բրյուսելի համալսարանի արեւելագիտության ամբիոնի վարիչը: Այստեղ այդ ազգանունը ճանաչված է գոնե համայնքային շրջանակներում: Այդ ազգանունը պարտավորեցնում է նաեւ իմ տղաներին, նույնիսկ կնոջս, որը Ադոնց չի ծնվել: Վերադառնալով Բրյուսելում իմ աշխատանքին՝ ուզում եմ նշել, որ այստեղ կրկնակի պարտավորված եմ, քանի որ նաեւ բարձր պաշտոն եմ զբաղեցնում»:

Մեր հարցին՝ քաղաքականությունից անցաք դիվանագիտության, չնայած դիվանագիտությունը մեծ քաղաքականություն է, արդյոք նորից կվերադառնա՞ք քաղաքականություն, պարոն Ադոնցը  պատասխանեց. «Ինձ համար ինչպես անսպասելի էր քաղաքականություն մտնելը, այնպես էլ կարող է անսպասելի դառնալ քաղաքականություն վերադառնալը: Ոչինչ այս կյանքում, մասնավորապես՝ Հայաստանում, բացառել չեմ կարող, որովհետեւ, այնուամենայնիվ, մենք դեռ գտնվում ենք քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացնելու գործընթացում, որը կարող է, եւ որը հաճախ ուղեկցվում է անսպասելի քայլերով ու նախաձեռնություններով: Անկեղծ ասած, վերադառնալու որեւէ պլան կամ նպատակ չունեմ: Մյուս կողմից էլ, եթե հիմա ասեմ՝ ոչ, բայց անցնեն տարիներ, եւ լինի՝ այո, ինձ լավ չեմ զգա: Կարճ ասած, ոչինչ բացառել չեմ կարող: Ի դեպ, ես վերը ասվածը կձեւակերպեի ոչ թե անցում, այլ վերադարձ դիվանագիտություն, որովհետեւ, այնուամենայնիվ, ես կարիերայով դիվանագետ եմ: 91-ից աշխատում եմ ՀՀ արտգործնախարարությունում, եւ հետո վերադարձա մի տեղ, որտեղ ինձ գոնե աշխատանքային մասով զգում եմ հարմար: Վերադարձա մի բնագավառ, որտեղ արագ եմ տեսնում իմ աշխատանքի արդյունքը, մանավանդ նախընտրում եմ օպերատիվ աշխատանքը: Գուցե շաբլոն բառ ասեմ, բայց աշխատանքս ինձ հարազատ է: Զբաղվում եմ գրեթե նույն հարցերով, ինչ ժամանակին ԱԺ-ում, որտեղ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էի: Բնագավառ չեմ փոխել, առաջարկությունը՝ դեսպան աշխատելու «մասով», ստացել եմ իմ պրոֆիլին համապատասխան, պարզապես աշխատանքս հիմա ավելի դինամիկ է, արդյունքը՝ շոշափելի»:

Իսկ ի՞նչ սկզբունքներ է որդեգրել աշխատանքում, միջանձնային հարաբերություններում եւ կյանքում՝ ընդհանրապես:

Դեսպանը կարեւորում է պարկեշտությունն ու արժանապատվությունը, ինքն իրեն չդավաճանելը, ասում է՝ ամեն ինչ այդ որակներից է ածանցվում. «Պարկեշտ լինելը բարդ է, պարտավորեցնող է այն իմաստով, որ երբեք չեմ զղջում իմ արածի համար: Առաջնորդվելով այդ սկզբունքով՝ ինչ-որ քայլ անելիս կամ արարք գործելիս գոնե ինքս ինձ հետ համաձայն պետք է լինեմ, իրարամերժ բաներ չեմ ասում եւ անում, նույն իրին երբեք մեկ օր սպիտակ, հաջորդ օրը սեւ չեմ անվանում: Դա նաեւ իմ ընտանիքի որդեգրած առաջին սկզբունքներից մեկն է: Միշտ այնպես եմ գործում, որ վստահություն լինի ընկերներիս շրջանում, որովհետեւ ընկերները երկրորդ ընտանիքն են ցանկացած առողջ տրամաբանություն ունեցող մարդու համար: Ի դեպ, իմ պարագայում, հեշտ չէ բոլորին համատարած ընկեր համարելը, 1000 անգամ կմտածեմ, նոր որեւէ մեկին ընկեր կանվանեմ: Կրկնում եմ՝ շատ եմ կարեւորում պարկեշտությունը, որը սկսվում է թեկուզ սուտ չխոսելուց»:

Ավետ Ադոնցից հետաքրքրվեցինք նաեւ տեղի հայ համայնքով: Նա նշեց, որ շուրջ 30000 հայ է ապրում Բելգիայում, որից 5000-6000-ը այն հայերն են, որոնք դեռ մինչեւ Խորհրդային Միության փլուզումն էին այստեղ ստեղծագործում, աշխատում: 1991-ից հետո հայերի մի քանի ալիք է եկել այս երկիր, համայնքը համալրվել է թուրքահայերով եւ իրաքահայերով:  Մյուս «մակարդակը» Հայաստանից եկածներն են: Շատերն այստեղ են եկել, որովհետեւ մինչեւ վերջերս Բելգիան մնացել էր միակը ԵՄ անդամ երկրների մեջ, որը պահել էր համեմատաբար լիբերալ միգրացիոն ռեժիմները: Տեղի հայ համայնքի քանակական էլեմենտի մասին պատմելիս դեսպանն առանձնացրեց մասնավորապես հայաստանցիներին, որոնցից շատերը, ցավոք, չունեն անգամ այն պարզ իրավունքները, որոնք պարտադիր են Բելգիայում գոնե ապրելու համար: Պարոն Ադոնցի խոսքով, Բելգիայի իրականությանը ինտեգրվելու խնդիր կա եւ ինքնությունը պահպանելու խնդիր: Վերջինս կարեւոր է՝ սերունդներին հայ պահելու եւ հայեցի դաստիարակելու առումով: Դեսպանը համոզված է՝ եթե լավ հայ չեղար, ոչ մի երկրի լավ քաղաքացի չես դառնա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031