Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմաստ թշնամանք

Հուլիս 27,2012 13:22

Հայաստանի եւ Խորհրդային Միության 20-րդ դարի պատմությունը ինձ միշտ հետաքրքրել է՝ նախեւառաջ այն պատճառով, որ մեզ՝ հայերիս համար դա նշանակալից ժամանակաշրջան էր, քանի որ մենք նախորդ դարում երեք անգամ փորձել էինք պետություն ստեղծել: Երեք փորձերն էլ՝ չէի ասի, որ շատ հաջող էին, բայց միեւնույն է՝ ազգը կազմակերպելու ավելի լավ ձեւեր, քան պետությունն է, գոյություն չունեն, եւ դժվար թե որեւէ մեկը հերքի, որ մենք նշանակալի հաջողությունների ենք հասել տնտեսության, մշակույթի, գիտության բնագավառներում հենց այդ պետությունների (հենց պետությունների եւ ոչ միայն Խորհրդային Հայաստանի) պայմաններում:

Իմ կարծիքով՝ վերաբերմունքը անցյալի նկատմամբ՝ թե 20 եւ թե 100 տարվա կտրվածքով, պետք է լինի որքան հնարավոր է բանական, էմոցիաներից զուրկ: Այդպես են վարվում, ասենք, իսպանացիները, որոնք հավասարապես հարգում են թե Ֆրանկոյի կողմնակիցների եւ թե դրանց դեմ պայքարողների հիշատակը: Կամ ֆրանսիացիները, որոնք ընդունում են, թե յակոբինական տեռորն իր էությամբ հակամարդկային էր, կասեի նաեւ՝ «բոլշեւիկյան», բայց միեւնույն է՝ հարգանքի տուրք են մատուցում ֆրանսիական հանրապետության հիմնադիրներին:

Ճիշտ նույն ձեւով պետք է գնահատել մարդկանց վարքը, ասենք, ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Մատնագրեր («դանոսներ») ստորագրել են ոչ միայն վերջացած սրիկաներն ու ոչնչությունները, այլեւ արվեստի, գիտության նշանավոր գործիչները, որոնք իրենց բնագավառում հասել էին համաշխարհային բարձունքների: Պե՞տք է արդյոք հրապարակել այդ մարդկանց եւ նրանց զոհերի անունները, նրանց գրած մատնագրերը: Ես դրան կտրականապես դեմ եմ, ինչպես դեմ եմ «լյուստրացիաներին», «կագեբեի» արխիվները բացելուն՝ ինչի՞ համար անիմաստ թշնամացնենք այդ մարդկանց թոռներին ու ծոռներին:

Նման ձեւով՝ անիմաստ եմ համարում այսօր մանրամասն քննել, թե ով ինչ է արել քոչարյանական ռեժիմի ժամանակ, որը, ի տարբերություն դրան նախորդող եւ հաջորդող ավտորիտարիզմի, դրսեւորում էր ակնհայտ բռնապետական միտումներ եւ այդ առումով մոտ էր ստալինյանին: Ինչպես էին իրենց դրսեւորել, ասենք, զինդատախազ, իսկ այնուհետեւ՝ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կամ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ կարեւոր է այնքանով, որքանով նրանք այսօր էլ ընդդիմության շարքերում առանցքային դեր են խաղում, եւ պետք է հասկանալ՝ պետությանը օգուտ կբերի՞, եթե նրանք, իշխանության գալուց հետո, պաշտոնավարեն այնպես, ինչպես որ դա նախկինում էին անում: Բայց թե ինչպես էր քվեարկում Քոչարյանի ժամանակ ՀՀՇ ներկայիս նախագահ Արամ Մանուկյանը՝ դա մասնավոր, իր խղճին վերաբերող հարց է, որովհետեւ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության շարքերում նա որոշում ընդունող չէր եւ երբեք այդպիսին չի լինի: Այդ հարցը լույս աշխարհ բերելը, բացի անձնականից, ոչ մի հարց չի լուծում:

Այս դեպքում անիմաստ է անցյալը փորփրելը եւ հավելյալ թշնամանք առաջացնելը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031