Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացվելու է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն: Այսօր «Անի պլազա» հյուրանոցում կազմակերպված ասուլիսի ժամանակ Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնի գործադիր տնօրեն` Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ բացումը կտրվի մի ֆիլմով, որը մինչ այսօր չի ցուցադրվել: Ընդհանուր ծրագիրը շատ խիտ է լինելու. կմասնակցեն անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր տարբեր երկրներից: Մասնակիցների թվում կա նաեւ թուրք, ով, ըստ Դադասյանի, մեր արվեստի մեծ նվիրյալն է եւ սիրում է հայերին. «Ունենք նաեւ փառատոնի հատուկ հյուր` Ելենա Մարկովան, ով Սանկտ-Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր է, արվեստաբանության թեկնածու, մնջախաղի մասին գրքերի, հոդվածների հեղինակ: Մենք մեր երիտասարդ տարիներին առաջնորդվում էինք նրա գրքերով: Իր հետ կբերի դրանց արխիվները եւ կնվիրաբերի Թատերական ինստիտուտին, կանցկացնի նաեւ վարպետության դաս»:
Մարկովայի վարպետության դասը միակը չէ, փառատոնի գործադիր տնօրենի խոսքով, ցանկանում են հանդիսատեսին մնջախաղ սովորեցնել:
«Երբ տեսնում էի, թե երեխաները ոնց են ցանկանում նմանակել դերասաններին` զարմանում էինք, այս տարի, հենց ներկայացման ժամանակ, մենք նրանց կսովորեցնենք»,- ասում է Դադասյանը:
Ամենահետաքրիրը կլինի Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացումը, եւ այդ ժամանակ, նախատեսված է մի ֆլեշմոբ, որի շարժումները նախօրոք կսովորեցնեն բոլորին: Այն կհիշեցնի Ենգիբարյանին:
Արձանի` Ծաղկաձորում տեղադրելը քաղաքապետի միտքն է եղել, ըստ գործադիր տնօրենի, սա ազդանշան է, որ այս փառատոնը մշտապես այնտեղ է անցկացվելու:
«Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը». Փառատոնի կարգախոսն է, իսկ դրա նպատակը միջազգային թատերական եւ մշակութային կազմակերպությունների հետ համագործակցելն է, անդամակցելը համաշխարհային թատերական գորընթացներին, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ եւ արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ