Անցյալ տարի, մսի շուկայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լայնածավալ ստուգումներ իրականացրեց, անգամ մի շարք մսագործների տաղավարները փակվեցին` պայմանով, որ մսի բիզնեսով զբաղվողները պետք է սառնարաններ ձեռք բերեն ու պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովեն: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նույն ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ մսի շուկան այսօր էլ ամենավատ վիճակում է. «Ճիշտ է, շատերը սառնարանները ձեռք բերեցին, բայց մեր ստուգումների ժամանակ պարզվում է, որ մսավաճառները դրանք չեն միացնում, քանի որ մեր սպառողները խուսափում են միսը գնել սառնարանից: Մարդիկ պիտի անպայման մսին ձեռք տան, շուռումուռ տան նոր գնեն չէ՞»:
Պարոն Պիպոյանն այս հարցում սպառողի մեղավորությունն էլ է տեսնում. «Եթե մենք այդ մսագործներին արգելում ենք աշխատել, նա այդ միսը տանում է շենքերի բակ ու, ավտոմեքենայի բեռնախցիկից վաճառում է, իսկ սպառողները մեծ պատրաստակամությամբ այն գնում են»:
Նա սպառողներին կոչ արեց չնպաստել խախտումներին եւ չգնել «ծխախոտով ու անթրաշ կամ ոչ սառնարանային պայմաններում» միս վաճառող առեւտրականների ապրանքը:
Ծառայությունը ուսումնասիրել է նաեւ պաղպաղակի շուկան: Թամարայի, Շանթի ու Աշտարակ կաթ ընկերությունների արտադրանքում նույնպես խախտումներ է գտել: Դրանք կապված են եղել ոչ ճիշտ մակնշման հետ:
Կարդացեք նաև
Շիրակի մարզում ստուգման ենթարկված 69 տնտեսվարողի մոտ ընդհանուր առմամբ հայտնաբերել են ժամկետանց ապրանքների ընդամենը 41 դեպք: Մնացած խախտումները հայերեն լեզվով մակնշման բացակայություն է եղել կամ պիտանելիության ժամկետների սխալ մակնշումը:
Ծառայության մասնագետը հրապարակեց նաեւ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ու կաթնամթերք արտադրող «Բոնիլաթ» ընկերությունում կատարած ստուգումների արդյունքները: Թռչնաֆաբրիկայի արտադրանքը թերի մակնշված է եղել, աշխատակիցներից ոմանք էլ սանգրքույկներ չեն ունեցել: «Բոնիլաթ»-ի պահեստից վերցված կաթնամթերքի նմուշում էլ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Սակայն հոսքագծի արտադրանքում ամեն ինչ կարգին է եղել. «Պահեստ ախտահանել են, որպեսզի խուսափեն նման խնդիրներից»: Ընկերությունները խախտման համար ֆինանսական տուգանքների են ենթարկվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ