ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Ժիրայր Փափազյանը, որպես հանդիսավար, այս տարի մասնակցում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման եւ փակման արարողություններին:
Տարիներ շարունակ ձգտելով մշակութային կապ հաստատել Ֆրանսիայի եւ Հայաստանի թատրոնների միջեւ` Ժիրայր Փափազյանը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ առաջիկայում մտադիր է Չուխաջյանի «Կարինե» օպերան բեմադրել այստեղ` ֆրանսիացի երաժիշտների մասնակցությամբ: «Ուրբաթ» ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ «Կարինեն» վերջերս բեմադրվել է Փարիզում եւ արժանացել գնահատանքի. «Կարինեի» երաժշտական ղեկավարը ֆրանսիացի է. նա այնքան սիրեց Չուխաջյանին, որ սկսեց ուսումնասիրել հայկական երաժշտությունը, լավագույն ֆրանսիացի երաժիշտներից հավաքեց շրջիկ երաժշտախումբը, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հայերենով ներկայացնում է հայ կոմպոզիտորների գործերը, անգամ` «Տեր Ողորմեան»:
Պարոն Փափազյանը փաստեց, որ ֆրանսիացիներից բաղկացած խումբը Հայաստան բերելը ֆինանսապես դժվար է. «Բայց աշխարհին ցույց տալու ուրիշ ոչինչ չունենք, բացի հարուստ մշակույթից: Մարդիկ գիտեն դրա մասին, մինչդեռ մեզանից շատերը` ոչ: Երբ սփյուռքահայ ֆոնդերին դիմում ենք այս կամ այն մշակութային նախաձեռնությունը ֆինանսավորելու առաջարկով, մերժում են` ասելով, որ իրենց փողերն ուղարկում են Հայաստան: Մինչդեռ չգիտենք, թե ուր են գնում այդ փողերը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ