Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեցին, թե իր մշակած օրինագծին եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկի, հնարավո՞ր է, որ մանդատը վայր դնեք՝ նա պատասխանեց. «Դուք ընկաք երազանքների գիրկը, մտազբաղվածության մեջ ընկաք»:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու նախաձեռնությանը՝ նա պատասխանեց. «Ես ժամանակին կողմ եմ քվեարկել, որ հանվի Վանո Սիրադեղյանի վրայից իմունիտետը՝ անձեռնմխելիությունը: Գտնում եմ, որ եթե մարդը կատարել է հանցանք՝ պիտի կրի պատասխանատվություն, որեւէ այլ մոտեցում այստեղ չի կարող լինել՝ համակրելի, քաղաքական….Մարդը պետք է կրի պատասխանատվություն՝ իր կատարած հանցանքի համար»: Հարցին՝ ո՞վ է ապացուցել, որ նա մեղավոր է պատասխանեց՝ դատարանը. «Կա վճիռ, որով ապացուցվում է Վանո Սիրադեղյանի շատ ծանր մեղքը: Պարտադիր է, որ այդպիսի հանցանք կատարողը կրի պատասխանատվություն»: Լրագրողների դիտարկմանը, որ նա քրեական գործով չի անցել, կա անմեղության կանխավարկած՝ նա չի կանգնել դատարանի առջեւ, դատավճիռ չի եղել՝ նա պատասխանեց. «Դա ձեր սուբյեկտիվ ընկալումն է իրականության: Կա հանցանք եւ կա հանցանքի համար պատասխանատվություն: Այո, Վանո Սիրադեղյանը խուսափեց դատարանի առաջ կանգնելուց, դիմեց փախուստի, սակայն կարծում եմ, որ մի օր արդարադատության նախարարությունը կկարողանա դա իրականացնել: Ինչ վերաբերում է, որ մի օր ՀՀԿ կարող է նրան հետ բերեն՝ չեմ պատկերացնում՝ այսինքն՝ պիտի գնան մեր պատգամավորները նրան ինչ-որ տեղից հե՞տ բերեն»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիրներ են եղել իր նախկին վարորդի՝ Վահան Ղազարյանի հետ կապված, որովհետեւ հրապարակում է եղել, որ դուք ահաբեկել եք նրան, «Արարատ 73» տաքսի ծառայության տիրոջը, որտեղ նա աշխատել է՝ ասելով, թե կվնասեք նրան՝ գործի դնելով պատգամավորական ձեր միջոցները եւ այդ ամենը՝ զուտ այն բանի համար, որ ձեր վարորդը ժամանակին կանգնել է Հրանտ Խաչատրյանի կողքը: Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե որտեղից են նման տարօրինակ բամբասանքներ, Ձեր ասած տաքսիի տնօրենին չեմ ճանաչում, երեւի լսել եք ինչ-որ բամբասանքներ, որոնք ինձ համար անհասկանալի են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ