Երեկ հարեւան երկրի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաեւը դիվանագիտական պրակտիկայում երեւի նախադեպը չունեցող հայտարարություն է տարածել: Ըստ այդմ` «թող հայկական լրատվամիջոցները չփորձեն ապակողմնորոշել միջազգային հանրությանը, դա չի անցնի»: Խոսքը ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության մասին է, ըստ որի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված քվոտաները խախտելու եւ տարածաշրջանում սպառազինությունների վտանգավոր մրցավազք սկսելու առթիվ:
ՄԱԿ-ում տարածված փաստաթուղթը հստակ մատնանշում է, թե ինչ զինատեսակների գծով է Ադրբեջանը խախտել սովորական սպառազինությունների մասին եվրոպական պայմանագիրը: Այդ առթիվ Էլման Աբդուլլաեւը հոդաբաշխ լեզվով ոչինչ չի ասել: Փոխարենը կրկնել է ադրբեջանական առասպելը, որ «միջազգային հանրությունը եւ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին ճանաչել են օկուպանտ»:
Ի հավելումն ԱԳՆ մամլո խոսնակի «պարզաբանումների»ՙ ադրբեջանական լրատվամիջոցները լրացուցիչ «հայտնագործել են», որ խոսքը ոչ թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի մասին է, այլ` սովորական սպառազինությունների «հարցով մի քանի երկրների կարծիքի»: Բայց նույնիսկ այդ դեպքում ադրբեջանական կողմին չի հաջողվել կոծկել, որ այդ երկրներն իրենց կարծիքը շարադրել են «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով»:
Էականորեն ի՞նչ է փոխվում դրանից: Անտրամաբանական է պատկերացնել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է անձամբ ստուգեր սովորական սպառազինությունների խնդրով տարածաշրջանային կամ ենթատարածաշրջանային իրավիճակը եւ ունեցած տվյալների հիման վրա նստեր զեկուցագիր հեղինակեր: Փաստն այն է, որ Միավորված ազգերի կազմակերպության անդամ մի խումբ երկրներ, որոնց թվում են, ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Գերմանիան եւ Թուրքիան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով գնահատել են տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակներով սովորական սպառազինությունների խնդիրը եւ ընդգծել, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը «սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սկսել, որը խանգարում է խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին»:
Կարդացեք նաև
Ամենաանբնականը, սակայն, Ադրբեջանի ԱԳՆ բանավեճն է հայկական լրատվամիջոցների հետ: Մի՞թե հարեւան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակն այնքան ցածր է, որ չի հասկանում, որ ամբողջ աշխարհում մամուլն ազատ է` տարածելու որեւէ տեղեկատվություն, որ ունի հստակ աղբյուր: Այս դեպքում հայկական լրատվամիջոցները միայն կատարել են իրենց մասնագիտական պարտքը: Ըստ երեւույթին, Էլման Աբդուլլաեւն առաջնորդվել է իր երկրի «ժողովրդավարական սկզբունքներով»: Բայց նույնիսկ այդ դեպքում նա «մակարդակ» է ցուցաբերել: Որեւէ երկրի ԱԳՆ ընդդիմախոսը կարող է լինել այլ պետության համարժեք կառույցը, բայց երբեք` լրատվամիջոցները:
Եվ եթե պաշտոնական Բաքուն իրեն թույլ է տվել ԱԳՆ խոսնակի միջոցով բանավիճել հայկական լրատվամիջոցների հետ, ապա կարելի է պատկերացնել, թե ՄԱԿ-ում քննարկված վերոհիշյալ փաստաթուղթն ինչքան է Ադրբեջանի համար ցավալի: Մանավանդ այն բանից հետո, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը վերահաստատեց Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը, իսկ օրերս էլ Մեծ Բրիտանիան բացահայտեց, որ դատում է իր քաղաքացուն` հարավկորեական արտադրության «երկիր-օդ» հրթիռներ գնելու եւ դրանք Ադրբեջանին վաճառելու փորձի համար: Այսպիսով բրիտանական կողմը նույնպես հրապարակային դարձրեց, որ Ադրբեջանին զենք վաճառելու գործարքները դիտվում են հակաօրինական եւ պատժելի են: Այդ եւ բազմաթիվ ուրիշ հարցերի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն «ձկան պես» լռում է: Նրա «թիրախը» հայկական լրատվամիջոցներն են: Իրոք, ինչ ողբալի իրավիճակում պիտի հայտնվի մի երկրի արտաքին քաղաքականությունը, որպեսզի նրա ԱԳՆ-ն ստանձնի «ցենզորի» գործառույթ: Ադրբեջանին միայն շնորհավորել կարելի է դիվանագիտության մեջ «նոու-հաու»-ի առթիվ:
«Ազգ»