Վրաստանի հայազգի քաղաքացիները Ադրբեջան չեն այցելում, քանի որ Ադրբեջանի իշխանություններն արգելում են յուրաքանչյուր հայի մուտքն այդ երկիր:
Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգում, Մառնեուլիի եւ հարակից շրջաններում ապրում է մոտ 200 հազար ադրբեջանցի: Չնայած նրանց Հայաստանից բաժանում է ընդամենը Դեբեդ գետը, Հայաստանի իշխանություններն էլ չեն խոչընդոտում Վրաստանի ադրբեջանցի քաղաքացիների մուտքը Հայաստան, սակայն Բորչալուի ադրբեջանցիները Հայաստան չեն այցելում:
Մառնեուլիի ադրբեջանցիները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ իրենք Սադախլոյի շուկայի փակումից հետո Հայաստան չեն այցելում: Մինչեւ Սադախլոյի շուկայի փակումը` 2006 թվականը, Վրաստանի ադրբեջանցիներն իրենց առեւտրական գործերով ժամանում էին Բագրատաշեն եւ Վրաստանին սահմանակից հայկական գյուղեր: Շատ էին դեպքերը, երբ ապրանք ծախող ադրբեջանցիներն իրենց հայ գործընկերներին առանց գրավի, միայն վստահության հենքի վրա հազարավոր դոլարների ապառիկ ապրանք էին տալիս:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ