Այսօր «Նոյյան տապան» ակումբում «Զարթոնք» բարեգործական ՀԿ-ն ամփոփեց Հայաստանի 11 մարզերի 14-18 տարեկան պատանի լրագրողների առցանց ակումբում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
«Երիտասարդական ուսումնասիրություններ` առցանց ակումբում» ծրագրի իրականացումը տեւել է երկու ամիս: Դրա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ` ընթացիկ եւ հետագա աշխատանքների շուրջ: Նպատակը եղել է Հայաստանի տարբեր մարզերում բնակվող երիտասարդ լրագրողների առցանց ակումբի ստեղծմումը, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման տարածումը` հատկապես երիտասարդների եւ դպրոցահասակների շրջանում, երիտասարդ լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացումը:
Armolimp.am կայքում պարբերաբար թողարկվել են մասնակիցների կողմից կատարված հետազոտությունները:
Ծրագրին մասնակցել են 300 երիտասարդ: Նրանցից մրցանակակիրներ են ճանաչվել 13-ը: Իրենք հնարավորություն կունենան ղեկավարել Առցանց ակումբը: 16-ամյա Վարդուհի Հովհաննիսյանը կլինի կայքի ադմինիստրատորներից մեկը:
«Գրված եւ չգրված օրենքներ», «Իմ համայնքը իմ աչքերում», «Մենք եւ ազգային առանձնահատկությունները», «Եթե նկարել կարողանայի». սրանք այն թեմաներն են, որով Վարդուհին ստեղծագործել է. «Ոչ մեկ չի օգնել, ես ինքս եմ ստեղծագործում»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ