Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիլիջան» միջազգային դպրոցը կսկսի գործել 2014-ի սեպտեմբերից

Հուլիս 27,2012 11:52

Արդեն մեկ տարի է, ինչ Դիլիջանում մեկնարկել են ռուսաստանաբնակ գործարար, «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի շինարարական աշխատանքները։ Օտարալեզու դպրոցների քննարկումներին զուգահեռ, Դիլիջանում կառուցվող դպրոցի շուրջ կրքերն ինչքան շուտ բռնկվեցին, այնքան էլ շուտ մարեցին։ Թե ինչ ընթացքի մեջ են դպրոցի շինաշխատանքները, եւ ինչ ժամկետներում է նախատեսված այն շահագործման հանձնել, զրուցեցինք RVVZ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի եւ զարգացման բաժնի ղեկավար Զարուհի Ձեյթունցյանի հետ, ով նշեց, որ շինարարությունը դեռ նախնական փուլում է, իսկ դպրոցը կսկսի գործել 2014-ի սեպտեմբերից։ Այդ ժամանակ էլ հենց նախատեսվում է ավարտել շինարարական աշխատանքների առաջին փուլը, երբ արդեն կառուցված կլինեն գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը։ Դպրոցի շինարարության երկրորդ փուլում, որը նախատեսված է ավարտել 2016-ին, կկառուցվի եւս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, եւ մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաեւ թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։ Այսպիսով, Դիլիջանում կառուցվող դպրոցը կդառնա ուսանողական փոքրիկ ավան՝ իր բնակիչներով հանդերձ, ովքեր ոչ միայն կսովորեն միասին, այլեւ կապրեն: Դպրոցին հատկացված ընդհանուր տարածքը կազմում է մոտավորապես 14 հեկտար, ըստ նախնական ծրագրերի՝ շինությունները 2-4 հարկանի են լինելու։ Կրթահամալիրը նախատեսված է լինելու 13-19 տարեկան 650 աշակերտի համար։ Ինչ վերաբերում է ծրագրի ընդհանուր արժեքին, ապա այն գնահատվում է մոտ 120 միլիոն ԱՄՆ դոլար։

Մինչեւ հոկտեմբեր պարզ կդառնա նաեւ, թե ով կլինի դպրոցի տնօրենը, ով էլ հիմնական աշխատակազմի հետ կմշակի դպրոցի ամբողջական ծրագիրը. «Բոլորը ներգրավված են լինելու տնօրենի ընտրության պրոցեսի մեջ, մրցույթ է հայտարարվելու, ներգրավվելու են միջազգային բոլոր այն կազմակերպությունները, որոնք զբաղված են այդպիսի կադրեր փնտրելով, այնպես չէ, որ 2-3 հոգով են ընտրելու»։ Հնարավո՞ր է, որ դպրոցի տնօրենը հայ չլինի։ «Դեռ չեմ կարող ասել, կախված է որակավորումից եւ այն պահանջներից, որոնք ներկայացված են այս դպրոցը ղեկավարելու համար։ Այնպիսի մեկը պետք է լինի, ով ունեցել է աշխատելու այդպիսի փորձ որեւէ այլ դպրոցում։ Այստեղ ազգությունը կապ չունի»,- մեզ հետ զրույցում նշեց Զարուհի Ձեյթունցյանը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031