ԱՄՆ-ի արտգործնախարարություն. «Շատ ենք մտահոգված նրանով, թե ինչ կարող է տեղի ունենալ Հալեպում»
«Սիրիայի զինված ուժերը պատրաստվում են սպանդ իրականացնել երկրի ամենամեծ քաղաքում՝ Հալեպում»:
Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ նշելով, որ քաղաքի մոտակայքում տեղակայված են հրասայլերի շարասյուններ, որոնք ըստ էության պատրաստվում են գրոհի:
Նուլանդն ասել է, որ Սիրիայի զինված ուժերը, ամեն կերպ փորձելով պահպանել վերահսկողությունը քաղաքի նկատմամբ, կործանիչներից և ուղղաթիռներից արդեն իսկ ռմբակոծություններ են իրականցրել:
Կարդացեք նաև
«Վարչակարգը քաղաքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու ևս մեկ փորձ է կատարելու, և մենք շատ ենք մտահոգված նրանով, թե ինչ կարող է տեղի ունենալ Հալեպում», – ասել է Նուլանդը՝ նշելով, որ քաղաքի հազարավոր բնակիչների փախուստի են դիմել Սիրիայի առևտրային մայրաքաղաքից՝ ակնկալելով մոտեցող գրոհը:
Պատասխանելով այն հարցին, թե բռնությունները դադարեցնելու համար ինչ կարող է անել միջազգային հանրությունը, Նուլանդը կրկին մեղադրել է Ռուասստանին և Չինաստանին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից մշակված խիստ պատժամիջոցներ սահմանելու շուրջ քվեարկությունների ժամանակ իրավունքը կիրառելու համար:
Իրավիճակը Հալեպում բավականին հանգիստ էր մինչև այն ժամանակը, երբ երկու շաբաթ առաջ ապստամբները մեկնարկել են քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողությունները:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Հալեպի մի քանի շրջանների ուղղությամբ բացված հրետանային կրակի պատճառով զոհվել է մեկ երեխա, վնասվածքներ է ստացել յոթ մարդ:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»