Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հուլիսի 26-ին սկսվեց «Հայաստանի ազգային գրադարան»-ից և «Երևանի պետական համալսարանի» «Սարգիս և Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողության գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու և մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ:
2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վլադ Տրուբիցինը և Ե. Ղամբարյանը «Հայաստանի ազգային գրադարան»-ից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր: Ըստ գործի նյութերի, Վ. Ազարիաշվիլին համագործակցության համար Ե. Ղամբարյանին տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:
Ըստ մեղադրական եզրակացության, Վ. Ազարիաշվիլին «Երևանի պետական համալսարանի» «Սարգիս և Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանի օժանդակությամբ հափշտակել է նաև հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական և աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր: Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կարեն Հովհաննիսյանի և Վարդան Եղիազարյանի հետ` «Հայաստանի ազգային գրադարան»-ի գրապահոցներ մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Ըստ մեղադրական եզրակացության, հանցագործության վայրի և հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դավիթ Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար: 2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 3:00-ի սահմաններում, Վ. Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը և Վ. Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել «Հայաստանի ազգային գրադարան»-ի «Թամանյանական» մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից:
ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն ու գողության փորձ, և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանը դրդելը, մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարեց, որ եթե ինքը գիրք է գնում, չի նշանակում, որ գողանում է: Իրեն առաջադրված մեղադրանքում՝ առանձնապես խոշոր չափերի գողություն, մեղավոր չի ճանաչում նաև Երվանդ Ղամբարյանը:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի՝ դատարանում սկսվեց վկաների հարցաքննությունը՝ 19 դատակոչված վկաներից հարցաքննվեցին 14-ը: Վկաներից առնվազն երեքը հայտնեցին, որ տեսել են Տրուբիցինին, իսկ Վ. Ազարիաշվիլու դստեր կնքահայրը՝ Լևոն Ուզունյանը նաև 15-20 րոպե զրուցել է նրա հետ հիմնականում քաղաքական թեմաներով: Վկա, ԵՊՀ գրադարանի գրադարանավար Էլզա Ասմարյանը հայտնեց, որ Վ. Ազարիաշվիլին եկել է գրադարան, ներկայացել որպես բուհի դասախոս և մեկ շաբաթվա ընթացքում գրադարանավարների հսկողության տակ ուսումնասիրում էր գրականություն, ինչը նրան անհրաժեշտ էր հայ-վրացական կապերի մասին թեզ պաշտպանելու համար: «Մենք առիթ չունեինք չհավատալու նրան»,- ասաց վկան:
Օգոստոսի 15-ի դատական նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը, որից հետո կհարցաքննվեն ամբաստանյալները, կհետազոտվեն գործով գրավոր ապացույցները:
«Փաստինֆո» գործակալություն