Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցությունն օլիմպիական շքերթին ունի նաեւ իր թերի կողմերը

Հուլիս 26,2012 19:32

Վաղը Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա ամառային 30-րդ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ 204 երկրների մարզական պատվիրակություններ շքերթի ժամանակ իրենց երկրների պետական դրոշներով կանցնեն օլիմպիականի վազքուղիներով: Ու նրանց հանդիսավոր երթին հեռուստաէկրանների առջեւ կհետեւեն միլիարդավոր մարդիկ:

Օլիմպիական շքերթը ավանդույթի համաձայն երկրների միջեւ մի յուրօրինակ մրցակցություն է. որքան մեծաքանակ է մասնակցությունը, վառ են գույները, այնքան մեծանում է հեղինակությունը: Դա, իրոք, այդպես է ու բոլորն էլ ցանկանում են առանձնանալ, աչքի ընկնել:

Սակայն մասնակցությունն օլիմպիական շքերթին ունի նաեւ իր թերի կողմերը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հատկապես այն երկրների վրա, որոնք փոքր թվով են ներկայացված օլիմպիական խաղերում: Մինչեւ արարողության սկսվելը, շքերթին մասնակցող պատվիրակությունների անդամները ժամեր առաջ պետք է փողոցի իրենց հատկացված տեղում լինեն ու սպասեն իրենց հերթին: Դա հոգնեցուցիչ ու ինչ որ տեղ էլ տանջալի վիճակ է, որը լավ կհասկանան խորհրդային տարիներին մայսիմեկյան ու մյուս շքերթներին մասնակցած մարդիկ: Իսկ եթե նկատի ունենանք, որ հաջորդ օրվանից սկսվում են օլիմպիական մրցումները, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վիճակում պայքարին կներկայանան նախորդ օրը այդքան տանջված մարզիկները: Հենց այս առումով է, որ մեծաքանակ պատվիրակություններն առավելություն են ունենում, քանի որ նրանք կարող են շքերթին դուրս բերել այն մարզաձեւերի ներկայացուցիչներին, որոնց համար պայքարն սկսվելու է մի քանի օր, էլ չենք ասում` մեկ շաբաթ հետո:

Իսկ ինչպե՞ս վարվեն Հայաստանի նման երկրները, որոնք մարզիկներով, մարզիչներով, պատվիրակության բոլոր անդամներով միասին ընդամենը 50-60 հոգի են: Մի կողմից՝ անպայման հարկավոր է ներկայանալի լինելու համար հնարավորին չափ շատ մարդկանցով մասնակցել շքերթին, մյուս կողմից` չպետք է մոռանալ, որ այդ նույն մասնակիցներն արդեն հաջորդ օրվանից պետք է մտնեն պայքարի մեջ ու նրանցից հաջող մասնակցություն եւ մեդալներ են պահանջվում: Մասնավորապես, հուլիսի 28-ին հրաձիգ Նորայր Բախտամյանի, ձյուդոիստ Հովհաննես Դավթյանի մեկնարկների օրն է: Ինչպե՞ս նրանք հանդես կգան, եթե քանակ ապահովելու համար նախորդ օրը 5-6 ժամ արեւի, գուցե` անձրեւի տակ կանգնած են եղել փողոցում: Հաստատ նրանց վերջին ամիսների թափած քրտինքը ակնկալվող արդյունքը չի կարող տալ: Նույնը կարելի է ասել նաեւ ծանրորդների մասին, որոնք դրանից հետո պետք է հասցնեն հանգստանալ ու վերականգնվել: Մանավանդ, որ նրանց համար ամեն մի կիլոգրամը ոսկու կամ ոչնչի արժեք ունի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031