Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի Վարչությունը ուշիուշով հետևում է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Սիրիայի մեծ քաղաքներում բնակվող հազարավոր մեր հայրենակիցներն ամեն օր քնում և արթնանում են ռումբերի, կրակոցների տակ՝ մշտապես վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը: Չնայած դրան՝ ՍԴՀԿ-ին պարբերաբար բողոքներ են հասնում, որ դեպի Հալեպ կատարվող հայկական ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» տոմսերը շուրջ կրկնակի թանկացել են, ավելին՝ դրանք մտել են այսպես կոչված «սև շուկա»: Փաստորեն, որոշ անհատ ձեռներեցներ որոշել են օգտվել իրենց հայրենակիցների անելանելի վիճակից և այս կերպ լցնել իրենց առանց այդ էլ լցված գրպանները: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը վճռականորեն բողոքում է ստեղծված իրավիճակի դեմ, կոչ անում պատկան մարմիններին օր առաջ լուծել այս խայտառակ իրավիճակը, որն արդեն իսկ հասցրել է վրդովմունքի ալիք բարձրացնել ոչ միայն սիրիահայության, այլ նաև ողջ հայության շրջանում: Հասկանալով, որ այս պահին հնարավոր չէ պետականորեն ամբողջությամբ լուծել խնդիրը, ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է իր համեստ ջանքերը ներդնել Մայր Հայրենիք ժամանող սիրիահայության ժամանակավոր կեցության և ապրուստի հարցերը լուծելու առումով: ՍԴՀԿ Կենտրոնական գրասենյակում ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը Սիրիայից Հայաստան ժամանող ցանկացած մեր հայրենակցի պատրաստ է հնարավորինս աջակցել: Ավելին, մենք պատրաստակամ ենք համագործակցել պատկան մարմինների հետ՝ մեր հայրենակիցներին օգնելու և զորավիգ լինելու հարցում:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Վարչություն
Ատենապետ Գ. Պերկուպերկյան