Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսաննա Ներսիսյանը հստակեցնում է. «Անձնական իրավունքի խախտում չկա»

Հուլիս 26,2012 17:03

«Փաստինֆո» գործակալությունը հուլիսի 25-ին անդրադարձել էր վերջերս շրջանառության մեջ դրված Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի տեսահոլովակում (որը նկարահանվել է «Էրեբունի-Երևան» երգի հիման վրա, խոսքերի հեղ.՝ Պարույր Սևակ, երաժշտ. հեղ.՝ Էդգար Հովհաննիսյան) հեղինակների անվան նշման և օգտագործման թույլտվության վերաբերյալ Պարույր Սևակի ժառանգների հարցադրմանը և դրան ի պատասխան «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանի պարզաբանմանը՝ հիմնված օրենքի վրա, որը թյուրըմբռնման տեղիք է տվել:

Այսօր անդրադառնալով թեմային՝ «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ տնօրեն Սուսաննա Ներսիսյանը որոշակի հստակեցում մտցրեց  այս հարցում, մասնավորապես նշելով. «Տեղի է ունեցել թյուրիմացություն. ես ոչ թե նշել եմ, որ Էմմին է խախտել իրավունքը, այլ դիտարկել եմ ընդհանրապես երևույթը՝ օրենքի շրջանակներում: Եթե երգի հեղինակների անունները ամրագրված չեն լինում (ինչպես նշում են ժառանգները), սա անձնական իրավունքի խախտում է: Սակայն պարզ դարձավ, որ տեսահոլովակի ներքո Պարույր Սևակի և Է. Հովհաննիսյանի անունները գրված են: Այսինքն՝ անձնական իրավունքի խախտում չկա:  Երգիչը պարտականություն ունի հեղինակի նկատմամբ միայն այն մասով, որ չպետք է   աղավաղի ստեղծագործությունը, փոխի նոտաները, այսինքն չխախտի անձնական իրավունքները:  Բայց հեղինակների կողմից Էմմիի նկատմամբ ոչ մի բողոք չի եղել, ինչը նշանակում է ՝ Էմմին ընդհանրապես չի աղավաղում երգերը: Հակառակը՝ յուրովի կատարում է հեղինակների երաժշտական ստեղծագործությունը: Այս դեպքում ևս երգը չի աղավաղվել: Էմմին մեր կատարող-հեղինակն է: Կազմակերպությունը  բավականին լավ համագործակցում է նրա հետ:

Ինչ վերաբերում է գույքային իրավունքի խախտմանը, ապա այս դեպքում   պատասխանատուն ոչ թե կատարողն է (տվյալ դեպքում Էմմին և Եսային), այլ տեսահոլովակը պատրաստողը»:

Ըստ Ս. Ներսիսյանի՝ երգն օգտագործելու թույլտվություն երգի հեղինակների ժառանգներից պետք է ստանա տեսահոլովակի պատվիրատուն:  Իսկ տեսահոլովակը, ինչպես հետո պարզվեց, Հանրային հեռուստաընկերության պատվերով է նկարահանվել: Այսինքն՝ Էմմին  «Էրեբունի- Երևան» երգի հեղինակների գույքային իրավունքների նկատմամբ որևէ պարտավորություն չունի»:

Ս. Ներսիսյանի խոսքով՝ երգի հեղինակները «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ի հետ կնքված պայմանագիր ունեն, որի հիման վրա կազմակերպությունը լիազորված է երգն օգտագործելու թույլտվությունը վարձատրության  սկզբունքով տալ տեսահոլովակը նկարահանողին: Ընդ որում՝ վարձատրությունը նախատեսված է կառավարության որոշմամբ: «Ե՛վ Սևակի, և՛ Է. Հովհաննիսյանի ժառանգները կստանան հասանելիք վարձատրությունը»,- նշեց Ս. Ներսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031