Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը ՀԱՍԿ-ի համար միակն է ու անկրկնելին (Տեսանյութ)

Հուլիս 26,2012 16:46

Խորհրդարանական ընտրությունները ոչ որակական, ոչ փաստական իմաստով ոչինչ չփոխեցին Հայաստանի քաղաքական կյանքում: Այս համոզմանն է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը: «Մենք ունենք խորհրդարան, որն իր որակով ավելի լավը չէ, քան նախորդը: Խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանեց իր քաղաքական մենաշնորհը, դեռ մի բան էլ ամրապնդեց: Եվ եթե զուգահեռ անցկացնենք, այսօր մենք ունենք մոտավորապես խորհրդային շրջանի Գերագույն սովետի նման մի խորհրդարան, որտեղ որոշակի տոկոսային հարաբերությամբ ներկայացված էին կոլտնտեսականները, գիտնականները, բանվորները, կուսակցականները, անկուսակցականները, եւ ստացվում էր մի միասնական, անխախտ դաշինք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Շահվերդյանը՝ հավելելով. «Այսօր մենք խորհրդարանում ունենք  մի անխախտ դաշինք: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ցավոք, որեւէ էական ազդեցություն չեն ունենալու այս խորհրդարանում: Այս խորհրդարանն էլ գործելու է կոճակների տրամաբանությամբ՝ դակելու են կառավարության ներկայացրած նախագծերը եւ եթե անգամ բոլոր ընդդիմադիրները միասին «դեմ» էլ քվեարկեն, միեւնույն է, որեւէ բան չեն փոխելու»:

Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ առկա բոլոր խնդիրների լուծման միակ տարբերակը, ըստ մեր զրուցակցի, առաջիկա նախագահական ընտրություններն են, հետեւաբար, համոզված է, որ առաջիկա նախագահական ընտրությունները մեր ժողովրդի եւ հանրապետության համար որոշիչ են լինելու: Մովսես Շահվերդյանին զարմացնում է քաղաքական ուժերի պասիվությունը, երբ նախագահական ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել: Մինչդեռ, դեռեւս թեկնածուներն էլ հայտնի չեն: Անկախ խոսակցություններից, որեւէ քաղաքական ուժ կամ թեկնածու պաշտոնապես որեւէ բան չի հայտարարել: «Սա քաղաքական անոմալիա է, որը մեր քաղաքական դաշտի ոչ որակյալ լինելու արտահայտությունն է»,- ասում է ՀԱՍԿ նախագահը:

Նա գտնում է, որ քաղաքական ուժերը պետք է շտապեն այս ընտրություններն օգտագործել՝ հասարակության հետ բաց եւ գործնական խոսակցություն վարելու համար. «Ժողովրդի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնց պատասխանը կարող են տալ միայն թեկնածուները եւ նրանց առաջադրող ուժերը: Մեր տեսանկյունից ցանկալի է, կարծում եմ, նաեւ քաղաքական անհրաժեշտություն է, որպեսզի առաջիկա ընտրություններին մասնակցեն մեր երկրի եւ նախկին երկու նախագահները, եւ գործող նախագահը, եւ այլ հնարավոր թեկնածուները՝ «Ժառանգության», ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի»: Միասնական թեկնածուի միֆին ՀԱՍԿ-ում չեն հավատում, չեն էլ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ասում են նաեւ, որ նախագահական ընտրություններում անակնկալներ չեն սպասվում: Իսկ դիտարկմանը՝ ի՞նչ է տալու թեկնածուների առատությունը, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ինչ կատարվել է ՀՀ-ի անկախության շրջանում, կապված է ՀՀ երեք նախագահների հետ: Հասարակությունը կարիք ունի իրեն հուզող հարցերի պատասխանները հենց նրանցից ստանալու եւ կողմնորոշվելու՝ մեր հետագա ընթացքում իր տեղի եւ դերի մասով: Հստակ կտեսնենք՝ թե հասարակությունն ո՞ւմ հանդեպ եւ ինչպե՞ս է տրամադրված, բոլոր խոսակցություններն էլ կփակվեն: Ժողովրդի իրական տեսակետը կունենանք, ոչ թե ժողովրդի անունից հանդես եկող մի քանի թեկնածուների թիմակիցների: Թե Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը հանրությանն ասելիք ունեն»:

Այլ դիտարկումները՝ տեսանյութում.

Հատկապես Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱՍԿ-ում համարում են «սկզբունքի հարց՝ այս քաղաքական ու հասարակական խառնաշփոթին վերջ տալու համար»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՀԱՍԿ-ի համար ո՞ր թեկնածուն է նախընտրելի: Ներկայացնելով իրենց կուսակցության ստեղծման նախապատմությունը, որպես հիմնավորում իրենց մոտեցումների՝ Մովսես Շահվերդյանը բուն հարցին պատասխանեց. «Որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, միանգամից ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ մենք որեւէ հարաբերություն  չունենք, ես երբեւէ որեւէ հանդիպում կամ քննարկում չեմ ունեցել իր հետ, բայց մեզ համար ընդունելի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը»: Իսկ թե ինչո՞ւ՝ Շահվերդյանը պարզաբանեց. «Երբ 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մեր կուսակցության համագումարն առաջադրեց Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը, մոտ 10-12 թեկնածուներ կային, ես իմ ելույթում շեշտեցի, որ մեզ համար երկու թեկնածուներ են ընդունելի՝ Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանը ու հիմնավորեցի, մամուլում կա տպագրված: Այսօր էլ, այսքան տարի անց, ես նույն կարծիքին եմ: Եթե Կարեն Դեմիրճյանը կենդանի լիներ… բայց, այս պարագայում, մեզ համար դաշտում մնում է միայն Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031