Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Ղազարյան. «Եղել է այդպիսի բան, իրենց ձեռք չի տալիս Վանոյի վերադարձը»

Հուլիս 26,2012 16:22

«Դա հայտնի դեպք է, եղել է այդպիսի բան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Ղազարյանը` Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի պատմած այն դրվագի առնչությամբ, ըստ որի՝ Արամ Մանուկյանը, զբաղեցնելով մշակույթի փոխնախարարի պաշտոնը, Վանո Սիրադեղյանին խնդրել է պաշտոնից չզրկվելու համար կողմ քվեարկել ԱԺ-ում նրա ձերբակալմանը կամ չմասնակցել քվեարկությանը: Ինչպես տեղեկացրել ենք, Արամ Մանուկյանը եւ ՀՀՇ վարչության որոշ անդամներ հերքում են դա:

Հովհաննես Ղազարյանի խոսքերով` «Ես ասելու ժամանակ ներկա չեմ եղել, բայց դա եղել է` որպես փաստ: Խոսվել է այդ մասին, ու վարչությունում բոլորն էլ գիտեն դրա մասին: Քվեարկելը գաղտնիք է եղել, ես ի՞նչ իմանամ` ինքը կո՞ղմ է քվեարկել, թե՞ դեմ, բայց ինքը խնդրել է, որ չմասնակցի այդ քվեարկությանը կամ կողմ քվեարկի»:

Մեր հարցին` բա հիմա ինչո՞ւ են ՀՀՇ վարչության այլ անդամներ հերքում դա` պարոն Ղազարյանը պատասխանեց, որ չգիտի ինչ է կատարվում ու ինչու կարող են հերքել. «Երեւի վաղուց է եղել, հստակ հավանաբար չեն հիշում»:

Իսկ Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի հետ կապված՝ Հովհաննես Ղազարյանը կարծում է, որ «եթե մի քիչ իրավիճակը փոխվի, այսինքն` դատական համակարգը փոխվի, օրենքի կողմից մոտենան, երեւի շատ բան կփոխվի, Վանո Սիրադեղյանի վերադարձը հավանաբար կհեշտանա, որը մենք բոլորս ուզում ենք»:

Մեր հարցին` համաձա՞յն եք Երջանիկ Աբգարյանի հետ, որ գուցե իշխանություններն են իմիտացիա ստեղծում` ընտրություններից առաջ` պարոն Ղազարյանը պատասխանեց. «Որպեսզի դա իմանամ` պիտի իշխանություն լինեմ, որ իմանամ: Ես այդպիսի բան չեմ իմանում: Ինձ, անկեղծ ասած, պետք է Վանո Սիրադեղյանի վերադարձը, թե դա ում կողմից է կազմակերպվում` ինձ դա չի հետաքրքրում: Որպեսզի ես դրա դեմ գնամ` կարող եմ 1000 անուն կպցնել, չէ,՞ դրան: Ես այսպես եմ հասկանում` իրենց ձեռք չի տալիս Վանոյի վերադարձը: Հակառակ դեպքում թեկուզ իշխանությունն է անում` ի՞նչ կա դրա մեջ: Եթե շահագրգռված ես եւ ուզում ես Վանո Սիրադեղյանը վերադառնա` քո համար ի՞նչ տարբերություն, թե ով է դա կազմակերպում: Ամեն դեպքում պիտի իշխանություն լինես, որ իմանաս դա ով է անում, որտեղի՞ց գիտես դու: Վանոյի վերադարձով ո՞ւմ են ուզում վախեցնել, Վանոն որ եկավ` նախարա՞ր է դառնալու: Այդ հոգեբանությունը եւ այդ բառերի կույտը որ ասում են` ես չեմ հասկանում, որովհետեւ ենթադրենք Վանոն վերադառնա, ի՞նչ է, էլի նախարար է դառնալու ու օլիգարխներին, հեղինակություններին քշի՞ Հայաստանից: Գալու է` որպես գրող: «Ելքը» կարծում եմ այդպես էլ գրել է, չէ՞` որպես գրող, մտավորական, որպես այս երկրի համար մտածող մարդ են ուզում, որ Վանոն վերադառնա, ոչ թե կանչում են Վանոյին, որ արի վախացրու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031