Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ,մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում, «ՎՏԲ-Հայաստան» բանկի աջակցությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը: Ամբողջությամբ փոխվել են եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով: Մաքուր և խնամված հանգստի անկյունը լիարժեք իր նպատակին ծառայեցնելու համար կատարվել են նաև կանաչ գոտիների մշակման, ծառերի բուժման և կրապատման աշխատանքներ, անցկացվել է գիշերային լուսավորություն: Առաջիկայում կտեղադրվեն նաև նոր նստարաններ ու աղբամաններ:
Շատրվանի վերագործարկմանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետի հանձնարարականի շրջանակում շարունակվելու են Գլխավոր պողոտայի արտաքին տեսքի ձևավորման և ամբողջացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Զուգահեռաբար կշարունակվեն նաև վարչական շրջաններում շատրվանների վերագործարկման, ինչպես նաև նոր ջրային ավազանների ստեղծան աշխատանքները` դրանց իրականացմանը ներգրավելով նաև մասնավոր ներդրողների:
Նոր ջրային ավազանների ստեղծման շրջանակում Երևանի քաղաքապետարանի շենքին հարակից Ռուսաստանի հրապարակում գործարկվել է նաև նորաստեղծ ջրային ավազանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն