Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Գեւորգյան. «Սիրունյանի պահվածքն ազնիվ չէ, այնքան զայրացած եմ, ավելի ճիշտ` տխրած»

Հուլիս 26,2012 15:32

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը նույնպես չի հիշում Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի պատմած դրվագը` Արամ Մանուկյանի եւ Վանո Սիրադեղյանի մասին: Այսօր նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այդպիսի դրվագ ես չեմ հիշում, որովհետեւ ինքս էլ դեմ եմ քվեարկել: Ես կարող եմ Արամի հետ էլ խոսել, բայց այդպիսի դրվագ ես չեմ հիշում, դա չի կարող պատահել: Չի կարող պատահել, որ Արամը մոտենա Վանոյին ու այդպիսի բան ասի, մերոնցից ոչ մեկը կողմ չի քվեարկել: Բոլորը դեմ են եղել»:

Հիշեցնենք, որ խոսքը այն դրվագի մասին է, երբ, պարոն Սիրունյանի պատմելով, գլխավոր դատախազը առաջին անգամ միջնորդել է ԱԺ-ում, որ Վանո Սիրադեղյանը ձերբակալվի, եւ մշակույթի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Արամ Մանուկյանը մոտեցել է Վանո Սիրադեղյանին ու խնդրել, որ կամ չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի, որովհետեւ կկորցնի իր փոխնախարարի պաշտոնը:

Մեր հարցին, թե ի՞նչ շահ պետք է ունենա Սուրեն Սիրունյանը, որ այսքան տարի անց սուտ դեպքեր հորինի` Սամվել Գեւորգյանը պատասխանեց. «Ինքը…պահվածքը գիտեք ոնց է` ազնիվ չի: Եթե մի բանի հիմքում կեղծիք կա, ինքը Վանոյի, ոնց ասեմ` ամենանվիրյալ մարդն էր: Ամենացավալին դա է: Եթե Վանոն որեւէ բան ասեր, բառ ասեր` ինքը առանց քննարկելու գնում էր ու անում էր այդ բաները: Ինքը հիմա ո՞նց է ըտենց բաներ ասում: Ես այսօր, ճիշտն ասած, կիսատ-պռատ նայեցի (նկատի ունի Սիրունյանի ասուլիսը,-Հ.Ջ.), չհասցրեցի նայել, այնքան զայրացած եմ: Չէ, ավելի ճիշտ տխրած եմ մարդու համար, մարդու կերպարի համար: Ինքը այդ կերպարը չի, ի՞նչ ասեմ, շատ վատ է, հասկանո՞ւմ եք»:

Մեր հարցին` կարծում եք` սա իշխանությա՞ն հետ կապ ունի` նա պատասխանեց. «Միայն, միայն ու միայն: Համացանցում որ տարածվել է ստորագրահավաքը` դրա հետ կապ ունի: Անպայման պետք է խոսեցնեն իրենց ու իրենց նմաններին»:

Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի ձերբակալմանը կողմ քվեարկելուն` Սամվել Գեւորգյանը վստահեցրեց. «Նման բան չի լինի, նրանք բոլորը ազնիվ տղերք են: Այն ժամանակ, երբ նրանք հեռացան իշխանությունից, ոչ փողով, ոչ կաշառքով, ոչ վախով, որեւէ բանով կապված չէին, մենք հեռացանք իշխանությունից Լեւոնից հետո: Պետք չի հիմա վարկաբեկել մարդկանց»:

Սուրեն Սիրունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Արամ Մանուկյանը դեմ է եղել նաեւ, որ առաջին անգամ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ նախագահ դառնա: Այս առնչությամբ Սամվել Գեւորգյանը նույնպես չհիշեց նման բան: Փոխարենը հիշեց, որ մի անգամ ինքն է դեմ քվեարկել. «Երբ Վանոն Հայաստանում չէր, այ ես ասեմ` ես դա հիշում եմ, ե’ս եմ դեմ քվեարկել: Երբ որ Հայաստանում չէր,ես ասացի` պետք չի: Որ ինքը այստեղ չի, ինքը վարչության անդամ թող մնա, բայց այստեղ գործող նախագահ է պետք: Այսինքն` ես տրամաբանական քաղաքական բան եմ ասում, բայց դա եղել է, երբ նա Հայաստանում չէր: Արարատ Զուրաբյանին երբ Վանոն մի պահ զանգել էր, ես չգիտեմ որտեղից, ասի` տուր, ես Վանոյին բացատրեմ, թե ինչի համար եմ այդ բանն անում: Վանոյի հետ ընկերներ ենք եղել վերջին հաշվով: Արարատ Զուրաբյանը հեռախոսը չտվեց ինձ, հետո քվեարկեցին, ես դեմ քվեարկեցի` դուրս եկա: Բայց Արամ Մանուկյանը դեմ չի քվեարկել»:

Մեր հարցին` հիմա ինչքանո՞վ եք հավանական համարում Վանո Սիրադեղյանի վերադարձը` պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Հիմա այնքան քիչ ազնիվ մարդիկ են մնացել Հայաստանում, եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, իհարկե, սրանք չեն թողնի, որ վերադառնա, համենայնդեպս, ինքը ունի դրական իմիջ, բոլոր դեպքերում եւ կարող է համախմբողի դեր կատարել: Ոչ թե որեւէ կուսակցության համար` ընդհանրապես: Հայաստանը հիմա փրկության լուրջ միջոցառումների կարիք ունի: Պետականությունը մենք կորցրել ենք, մենք ամեն ինչ տվել ենք` ներքին բոլոր ռեսուրսները, գործարանները, օդը, ջուրը: Ժողովուրդը հիմա թմրած է, թմբիրի մեջ է: Մեկ էլ հանկարծ Վանոն գալիս է, ինքը թարմ հոսանք է, քաղաքական մասով եմ ասում, ու կարող է համախմբումը լինի, արագ լինի, ավելի արդյունավետ լինի»:

Ինչ վերաբերում է Երջանիկ Աբգարյանի դիտարկմանը, որ սա խաղ է` իշխանությունների կողմից` Կոնգրեսին վարկաբեկելու համար` Սամվել Գեւորգյանը պատասխանեց. «Հնարավոր է: Իշխանությունները բոլոր իմիտացիաներն անում են, դա էլ է հնարավոր: Թե ում են վախեցնում իշխանությունները` երեւի օլիգարխներին են վախեցնում կամ քրեական տարրերին, որովհետեւ Վանոն այն ժամանակ մաքրեց Հայաստանը քրեական տարրերից: Այդ իմաստով հնարավոր է, որ իրենք ամեն ինչի դիմեն, քանի որ ներքին կռիվներ են գնում ընդհանրապես օլիգարխների եւ քրեական տարրերի միջեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031