Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետև Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ սահմանային անցակետերում: Այսօր կառավարության նիստում որոշվեց համապատասխան փոփոխություններ կատարել նախկին որոշումներից մեկում:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ իր ներկայացրած նախագծով առաջարկեց առանձին դեպքերում, կառավարության որոշմամբ, Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրացուն օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հաստատություններում ՀՀ անձնագրերը ստանալու թույլտվություն տալ:
Հիշեցնենք, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացին քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անձագիրը ստանում է Ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչությունում: «Այս որոշման ընդունման դեպքում առաջարկում ենք, որ Սիրիայի արաբական հանրապետությունում եւ Լիբանանում մեր հայրենակիցները առաջին անգամ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անձնագիրը ստանան մեր դիվանագիտական ներկայացուցչություններում»,- բացատրեց նախարարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ