Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Էլդա Գրինի հետեւից Բերդից կգա Երեւան

Հուլիս 26,2012 14:37

 Հուլիսի 24-ին Բերդ քաղաքում,  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի  նախագահությամբ, կայացավ   Իջեւանի գնդի  նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի եւ   նույն  գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի դատավարության հերթական նիստը: Հերթական անգամ դատական նիստին չէր ներկայացրել հոգեբան-փորձագետ  Էլդա Գրինը: Դատարանից տեղեկացա, որ  Էկդա Գրինը իր մեծ տարիքի եւ առողջական խնդիրների  պատճառով չի կարողանում հաղթահարել  Երեւան-Բերդ 206 կմ տարածությունը, որպեսզի մասնակցի դատական նիստին: Սերգեյ Կարապետյանի դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացրած  4 փորձագետներից մեկը` Էլդա Գրինը,  ինչ-ինչ պատճառով դրա եզրակացության տակ չի ստորագրել:  Ուստի դատարանը  որոշել է  հաջորդ` օգոստոսի 6-ի  դատական նիստն անցկացնել Երեւանում, որպեսզի  Էլդա Գրինը կարողանա  դրան մասնակցել եւ հարցաքննվել: Այդ  նիստում  Էլդա Գրինին հարցեր կտրվեն, թե նա  ինչու չի ստորագրել  փորձաքննության եզրակացության տակ, արդյոք նա համաձա՞յն է այդ եզրակացության հետ, թե՞ ունի հատուկ կարծիք: Սույն դատավարությունը սկսվել է 2011թ. դեկտեմբերի 8-ին: Քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին՝ տարեմուտից մի ժամ առաջ, ջերմության դեմ դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց բերման է ենթարկել իր աշխատասենյակ, ահաբեկել նրանց: Ահաբեկված տղաները ցատկել են նրա աշխատասենյակի երկրորդ հարկից: Դրա հետեւանքով Իջեւանի  Գետահովիտ գյուղի 20-ամյա  բնակիչ Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, գիտակցության չգալով, Տարոն Ենգիբարյանը մահացել է:

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031