«Իմ ներկայությամբ այդպիսի խոսակցություն չի եղել բացարձակապես, եւ ես չեմ իմանում, թե Սիրունյանը ինչ նպատակ ունի, ինչ է ուզում դրանով ասել` վկայակոչելով մարդկանց, որ չեն մասնակցել այդ խոսակցությանը: Մենք քվեարկել ենք, դրանից հետո ես չեմ հետաքրքրվել, թե ովքեր են կողմ կամ դեմ քվեարկել: Այդ մասով բացարձակապես որեւէ բան չգիտեմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը այսպես պատասխանեց Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի երեկվա հայտարարությանը` կապված Արամ Մանուկյանի քվեարկության հետ: Ինչպես տեղեկացրել ենք, Սիրունյանի պատմելով` երբ առաջին անգամ գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ-ում, որ ձերբակալվի Վանո Սիրադեղյանը, ՀՀՇ վարչության նախագահ, այն ժամանակ մշակույթի փոխնախարար Արամ Մանուկյանը մոտեցել է Վանո Սիրադեղյանին ու ասել, որ ստիպված է կամ չմասնակցել քվեարկությանը, կամ կողմ քվեարկել, որովհետեւ կզրկվի փոխնախարարի պաշտոնից: Չնայած Արամ Մանուկյանը հերքել է դա, այնուամենայնիվ, Սուրեն Սիրունյանը վստահեցրել էր, որ իր խոսքերը կհաստատեն քվեարկությանը մասնակցած ՀՀՇ-ականները:
Մեր հարցին` Դուք հիշո՞ւմ եք, թե Դուք ինչպես եք քվեարկել այդ ժամանակ` Երջանիկ Աբգարյանը վստահեցրեց, որ ինքը «դեմ» է քվեարկել:
Ինչ վերաբերում է Սուրեն Սիրունյանի այն պնդմանը, որ Արամ Մանուկյանը դեմ է եղել նաեւ, որ առաջին անգամ Վանո Սիրադեղյանը դառնա ՀՀՇ նախագահ` Երջանիկ Աբգարյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չեմ հիշում, թե երբ է ասել, ում ներկայությամբ է ասել: Վերջը չի կարելի կանգնել-ասել՝ առանց ապացույց ներկայացնելու,որ ես ներկա եմ եղել, ես լսել եմ եւ այլն, եւ այլն: Ապացույցներ կա՞ն, թող մեջտեղ բերեն, ինչի՞ մասին է խոսքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև