Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավարության շենքի առջեւ ոստիկանները վեճի բռնվեցին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի հետ՝ ՀՀ նախագահի լուսանկարը ոտքի տակ դնելու համար: Ոստիկաններից մեկը մի քանի անգամ փորձեց ցուցարարների ոտքի տակից հանել ՀՀ նախագահի լուսանկարը ու ցուցարարների երկար դիմադրությունից հետո, պատռեց այն ու տարավ: Ցուցարարներն ավելի զայրացան ու հիշեցրին, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրենց տված ոչ մի խոստումները չեն իրականացել, դրա համար էլ ճիշտ են համարում այդպիսի նախագահի լուսանկարը ոտքի տակ դնելը: Նրանք դժգոհեցին, որ ոստիկանները միշտ նրանց ցույցերը խոչընդոտում են ու հիշեցրին, որ ամիսներ առաջ, ինչպես էր ոստիկաններից մեկը կրկին քաշքշել իրենցից մեկին: Ոստիկաններն էլ հակադարձեցին, թե՝ սուտ եք խոսում:
Բանակում մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ոստիկանների այս ասածից ավելի վրդովվեց ու հարձակվեց ոստիկանների վրա: Ավելի ուշ ցուցարարները ՀՀ նախագահի նոր լուսանկար հանեցին ու կրկին դրեցին իրենց ոտքի տակ ու մաքրեցին իրենց ոտքերը: Որպեսզի, նախորդ շաբաթվա պես, ցուցարարները կառավարության շենք չկարողանան ներխուժել, այսօր տասնյակ ոստիկաններ կառավարության շենքի դռների մոտ էին շարվել :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ