Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս երկու արտիստ «արտագաղթեց» «դրսի» թատրոն

Հուլիս 26,2012 13:49

Նարեկ Մարտիրոսյանն ու Ալբինա Ղազարյանը՝ «Սպարտակում»:

Վերջին շրջանում արտերկրյա բալետային արվեստում փայլող հայաստանցի նախկին շուրջ 25 արտիստների թիվը 2011թ. աշնանից «համալրվել» է եւս 2-ով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներ Նարեկ Մարտիրոսյանն ու Ալբինա Ղազարյանը 2011թ. աշնանից հանդիսանում են Իսրայելի ազգային բալետի մենապարողներ:

Նարեկը 2007-ից Երեւանի թատրոնում բեմ է բարձրացել գլխավոր դերապարերով Խաչատրյանի «Գայանե» (խորեոգրաֆ՝ Վիլեն Գալստյան), Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պետիպա եւ Գորսկի), Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտ (Արմեն Գրիգորյան), Պյորսելի «Մավրի Պավանա» (Լիմոն), Ադանի «Ժիզել» (Կորալի), Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Ռուդոլֆ Խառատյան) եւ Խաչատրյանի «Սպարտակ» (Յուրի Գրիգորովիչ) բալետային ներկայացումներում, իսկ Ալբինան Էգինայի դերապարով՝ «Սպարտակում»: Նկատենք, որ 2011-12թթ.  թատերաշրջանում հիշատակված բեմադրություններից ներկայացվել է միայն «Ռոմեո եւ Ջուլիետը», իսկ «դրամարկղային» համարվող «Գայանեն» եւ «Սպարտակը» բեմ են բարձրացել 4 եւ 2 անգամ: Վերջին «Սպարտակի» ժամանակ՝ այս տարվա ապրիլի 23-ին, Իսրայելից հրավիրվել է Նարեկը ու հանդես եկել Կրասոսի դերապարով:

«Առավոտի» հետ զրույցում բալետի արտիստները տեղեկացրին, որ Իսրայելում աշխատանքի հրավերը ստացել են ճանաչված բալետմայստեր Բերտա Յամպոլսկիից: Իսկ հարազատ թատրոնից հեռանալը մեր զրուցակիցները բացատրեցին խաղացանկի աղքատությամբ եւ ոչ բավարար աշխատավարձով: Հետաքրքրությանը, թե Իսրայելում շուրջ 1 թատերաշրջան աշխատելով, քանի՞ ներկայացման մեջ են հանդես եկել, Ալբինան կատակեց, ասելով, թե աստղերին թիվ կա, ներկայացումներին՝ ոչ: Հետո էլ ասաց, որ այնտեղ բեմադրված են դասական, նեոկլասիկ, մոդեռն գործեր, նշելով. «Մենք ընդգրկված ենք շուրջ 15 բեմադրություններում, որը կազմում է խաղացանկային ներկայացումների մոտ 10%-ը»:

Նարեկն էլ հավելեց, որ ցավում է հայկական բալետի այսօրվա վիճակի համար. «Երեւանի պարարվեստի քոլեջում դասավանդում են բարձրակարգ մասնագետներ, ունենք հիանալի երեխաներ, մեր օպերային թատրոնում էլ աշխատում են հիանալի փորձավարներ, բարձրարվեստ արտիստներ, բայց, չգիտես ինչու, այսօրվա բալետային խաղացանկը բաղկացած է ընդամենը մեկ գործողությամբ բալետներից ու գալա համերգներից»: Ալբինան շատ կուզեր, որ իր նախկին գործընկերները հաճախ դուրս գան բեմ. «Ուրախություն ապրեցի, երբ տեղեկացա, որ թեեւ թատրոնի բեմը վերանորոգման փուլում է, սակայն այսօր գործընկերներս մարզային ծրագրերի շրջանակում ելույթ կունենան Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում»:

Դիտարկմանը՝ ասում են «Սպարտակը» հաճախ չի ներկայացվում այն պատճառով, որ Կրասոսին մարմնավորող չկա, Նարեկը հայտնեց հետեւյալը. «Անփոխարինելիներ չեն լինում: Իսկ ինչո՞ւ չպատրաստել նոր Կրասոս… Հարկ է, որ ժամանակին գնահատեն ունեցածը, այլ ոչ թե հեռանալուց հետո»:

Պարզեցինք, թե ինչու են այս օրերին բալետի արտիստները Հայաստանում. օրերս կայացել է նրանց նշանադրության արարողությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031