Լրահոս
Օրվա լրահոսը

«Համբարձումյանը չէր օգնում, ազատություն էր տալիս»

Հուլիս 26,2012 13:47

Հարցազրույց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի հետ

 

Անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանը միշտ հպարտանում էր, որ մեր երկիրը գիտության արդյունավետությամբ առաջ է իրենից շատ ավելի հզոր ու մեծ պետություններից: Եվ, չնայած այսօրվա՝ պետության կողմից գիտությունն անտեսելու քաղաքականությանը, միեւնույն է՝ Հայաստանն էլի ունի լավ գիտնականներ …Երբ փոքր էի, «գիտնական» բառն ասոցացվում էր ցածրահասակ, կլորիկ փորով, հաստ ակնոցով, ճաղատ, ծայրահեղ համեստ, երկրի ու նույնիսկ իր շրջապատի անցուդարձին անհաղորդ, կարծիքներ հայտնելուց խուսափող, հայտնելիս էլ՝ կիսաձայն շշուկով ներկայացնող պատկառելի մի կերպարի հետ, որը միշտ խրված էր բարդ ու անհասկանալի գրոտած թղթերի մեջ։ Երբ մեծացա, «պարզեցի», որ կա գիտնականի նաեւ այլ տիպ՝ բարետես, կյանքով ու եռանդով լեցուն, ակտիվորեն լծված ոչ միայն գիտական գործունեությանը, այլև՝ հասարակական։ Գիտնական՝ հատկապես գիտա-կազմակերպչական հարցում հաստատուն կարծիքներ արտահայտող, քննադատող, ավելի ճիշտ՝ համարձակորեն բարձրաձայնող։ Այս տիպի գիտնականը, բացի շատ բեղմնավոր գիտական գործունեություն ծավալելուց, փորձում է նաև հիմնավոր փոփոխություններ անել տեղ-տեղ արդեն քարացած ու փտած, դեռ կոմունիստական ավանդույթներից հրաժարվելու անկարող, հնադավան ու նորարարություն չընդունող գիտական համակարգում։ Նրան անհանգստացնում են, օրինակ, սերունդների միջեւ «պայքարը», որոշ չկայացած գիտնականների ամբիցիաների ու նախանձի պատճառով «իրար կոկորդ կրծելը», որի արդյունքում՝ անհամախմբվածությունը, որից էլ՝ գիտական ցուցանիշի անկման հավանականության մեծացումը։ Կան էլի շատ ու շատ դրական փոփոխություններ պահանջող խնդիրներ, հետևաբար՝ նորովի մոտեցման համարձակության անհրաժեշտություն, որով էլ հենց օժտված է գիտնականի այս տիպը։ Նրանցից մեկն էլ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն է:

– Պարոն Միքայելյան, հայտնի է, որ Դուք շատ եք աջակցում երիտասարդ կադրերին։ Ի՞նչ խոսք, ասում են՝ մեծանալու արվեստն այն է, որ լինես երիտասարդներին նեցուկ` ոչ թե արգելք, ուսուցիչ` ոչ թե մրցակից, հասկացող` ոչ թե անտարբեր։ Ի՞նչ կասեք այդ մասին։

–Երբ Բյուրականի աստղադիտարանում նոր էի աշխատանքի ընդունվել, լինելով ընդամենը մի նորելուկ երիտասարդ, աստղադիտարանի կոլեկտիվի ժողովում մեղադրեցի այն գիտնականներին, որոնք երիտասարդներին աշխատեցնելով՝ վայելում էին նրանց ստացած արդյունքները, մասնավորապես` գիշերային դիտումները կատարում էին երիտասարդները, սակայն նրանք չէին էլ համարվում տվյալ աշխատանքի համահեղինակ: Գուցե արդեն այն ժամանակվանից իմ նկատմամբ որոշ բացասական վերաբերմունք առաջացավ այդ ավագ սերնդի կողմից: Ինքս դեռ աճելու խնդիր ունեի, սակայն առանց ավելորդ համեստության կարող եմ նշել նաև, որ Բյուրականում առաջինն եմ եղել, որ մեր հոդվածների հեղինակների շարքում առաջին տեղում հատուկ դրել եմ ինձ հետ աշխատող երիտասարդների ազգանունները, ինչը լուրջ հարված էր խորհրդային և այժմ էլ դեռևս գործող պատկերացումներին և մոտեցումներին: Իհարկե, խոսքն այն դեպքերի մասին է, երբ այդ երիտասարդներն իրոք էական ներդրում են ունեցել կատարված աշխատանքում: Նմանապես, արտասահմանյան գործուղումները նախկինում երիտասարդների համար հազվադեպ երևույթ էին, և մեծամասամբ դրանցից օգտվում էին մեծ տարիքի աստղագետները: Միայն 1990-ականների վերջերին կոտրեցինք այդ տխուր ավանդույթը։  Արտաշես Պետրոսյանն առաջինն էր, որն սկսեց խրախուսել երիտասարդների գործուղումները, ինչին ես միշտ շատ դրական եմ նայել: Օրինակ, մեր խմբի եւ ինձ հետ աշխատող այլ երիտասարդներ վերջին տասը տարում շուրջ 35 արտերկրյա գործուղում են ունեցել, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել նրանց մասնագիտական մակարդակը:

– Իսկ ինչպիսի՞ն էր Համբարձումյանի վերաբերմունքը այս խնդիրներին։

–Համբարձումյանը չէր համարում, որ պետք է երիտասարդին շատ օգնել: Նա իր դիպլոմնիկներին եւ ասպիրանտներին ավելի շատ ազատություն էր տալիս` դրանով նպաստելով նրանց ինքնուրույնության զարգացմանը, թեկուզ և որոշ չափով դանդաղեցնելով նրանց աճը: Նման կերպ են վարվել մեր շատ գիտնականներ: Սակայն վերջին տարիների գիտությունը կտրուկ փոխվել է` թեւակոխելով տեղեկատվական հեղափոխության դարաշրջան, և երիտասարդների արագ աճն էլ ավելի կարեւորվում է:

-Ըստ հայտնի ասույթի՝ վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն: Գուցե ա՞յդ սկզբունքով էին առաջնորդվում նրանք։

-Հավանաբար… բայց հիշում եմ, թե երիտասարդ տարիքում որքան էինք չարչարվում, իսկ արդյունքներից մեզ նույնիսկ արհեստականորեն հեռու էին պահում: Այդ դառը փորձն ինձ թելադրեց հետագայում հատկապես ուշադիր և հոգատար լինել երիտասարդ սերնդի նկատմամբ այն աստիճան, որ իմ հասցեին մեղադրանքներ սկսեցին հնչել՝ իբր երիտասարդներին «երես եմ տալիս»` նպաստելով նրանց արագ առաջխաղացմանը և թույլ տալով նրանց հաջողությունների հասնել՝ առանց արժանի վաստակի: Տեսնո՞ւմ եք՝ հակառակ մոտեցումն էլ կա: Հակառակ դրան, վերջին տարիներին երիտասարդ կադրերի հարցում ես ու ինձ պես մոտեցում ունեցող ուրիշ գիտնականներ հատուկ քաղաքականություն ենք վարում: Ցավոք, շատ քիչ են այն կայացած աստղագետները, որոնք պատրաստ են օժանդակել այդ կադրերին, և վերջիններից շատերն առ այսօր դեռ լուրջ գիտությամբ չեն զբաղվում: Դա էլ իր բացատրությունն ունի. նույնիսկ մեծ տարիքի աստղագետներից շատերը հազիվ են հոգում իրենց անձնական խնդիրները և արդեն ավելորդ է դառնում ուրիշներին աջակցելու մասին խոսելը:

–Իսկ ի՞նչ էական գործ է արվել երիտասարդների համար:

–Կուզեի անպայման հիշատակել երիտասարդ աստղագետների համար մեր կողմից հիմնադրված բյուրականյան միջազգային ամառային դպրոցների ծրագիրը: Դրանով Բյուրականը նախ այս տարածաշրջանում առաջատար դեր ստանձնեց, եւ բացի այդ, մեր երիտասարդների համար բարձր մակարդակի դասախոսությունների և գործնական պարապմունքների մասնակցելու հնարավորություն ստեղծվեց: Չէ՞ որ շատ քիչ հայ երիտասարդներ կարող են մասնակցել արտասահմանում անցկացվող միջազգային ամառային դպրոցների, իսկ հիմա մենք ինքներս ենք արտասահմանից հրավիրում հանրահայտ գիտնականներ, ովքեր սովորեցնում են մեր և հրավիրված այլ երիտասարդների: Մերոնք նաեւ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու լայն հնարավորություններ են ստանում, ինչը շատ օգտակար է նրանց հետագա առաջխաղացման համար:

–  Այսօր գիտնական բառը այլևս չի ծնում խորը հարգանք մարդկանց հայացքներում՝ ինչպես առաջներում, ու չի առաջացնում այն ակնածանքը, ինչի սովոր են ձեզ պես մարդիկ, երբ լինում են արտասահմանում, այլ կերպ՝ ընկած է գիտնականի ու գիտության վարկանիշը մեր երկրում։ Ի՞նչ է արվում այն վերականգնելու, ինչպես նաև մեր մեծ գիտնականներին նոր սերնդի հետ «ծանոթացնելու»  ուղղությամբ։

-Վերադառնալով մեր մյուս մեծ գիտնականներին, խոսենք նաև նրանց մեծարման և նրանց նվաճումների մասսայականացման անհրաժեշտության մասին։ Նշեմ, որ, իրոք, այդպիսի ավանդույթ նախկինում չի եղել: Միշտ նախանձել եմ այլ ոլորտներին, որտեղ այդ հարցին շատ դրական են նայել: Օրինակ, հայրս` Մարտին Միքայելյանը, հայտնի ճարտարապետ էր, և փոքր տարիքից, շփվելով այդ միջավայրի հետ, միշտ հիացել եմ, թե ինչպես են կարողանում նրանք միմյանց մեծարել. շատ լավ հիշում եմ հորս 50, 60, 70 և 80-ամյա հոբելյանների տոնակատարությունները (այդ թվում վերջինը` հետմահու): Նույնն է երաժշտության ոլորտի ներկայացուցիչների, դերասանների, նկարիչների և այլոց մոտ, սակայն, չգիտես ինչու, գիտնականների մոտ` երբեք: Եվ հակառակ նախկինում տիրող իրավիճակին, վերջին տարիներին ամեն կերպ փորձել ենք բարձրացնել մեր աստղագետներին, հասարակության լայն խավերին ծանոթացնել նրանց կենսագրությանն ու գործունեությանը: Թեև սկզբում դա նույնպես արժանանում էր պարսավանքի մեր որոշ աշխատակիցների կողմից:

– Ասում են, թե՝ խորը գլուխ տալով մեկին՝ մենք մեջքով շրջվում ենք դեպի մյուսները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Մեր խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի մասին շատ է խոսվել ու գրվել: Ես ինքս էլ մի ծավալուն աշխատանք եմ իրականացրել` պատրաստելով Համբարձումյանի մասին մի խտասկավառակ, որտեղ տեղ են գտել նրա կենսագրությունը (այդ թվում առաջին անգամ պատրաստեցինք դրա ինտերակտիվ տարբերակը), նրա նվաճումների լիակատար ցանկը, կարևորագույն գիտական արդյունքները, տպագրված աշխատանքների առավել լրիվ ցուցակը, այդ աշխատանքներից շատերի թվայնացված տարբերակները, նրա մասին ասույթները, նրա անվամբ տարբեր երկնային երևույթների և մարմինների նկարագրությունը, լուսանկարների մեծ հավաքածու, ֆիլմեր, մի խոսքով՝ հնարավոր ամեն ինչ: Ընդ որում, նյութերի մեծ մասը երեք լեզվով է: Ավելին, Հայկ Հարությունյանի հետ առաջին անգամ պատրաստեցինք և տպագրեցինք Համբարձումյանի կարևորագույն գիտական արդյունքները` ներկայացված հանրամատչելի բացատրություններով: Էլմա Պարսամյանի նախաձեռնությամբ պատրաստվեց Համբարձումյանի մասին հիշողությունների ծավալուն ժողովածու: Այո, նախկինում մեր բոլոր ջանքերն ուղղված էին միայն Համբարձումյանի կյանքի և գործունեության լուսաբանմանը, իսկ մյուս աստղագետները մնում էին ստվերում: Եվ վերջապես, աստղադիտարանի պատմության մեջ առաջին անգամ, 2000-ականներին գիտաժողովներ նվիրվեցին մեր այլ գիտնականների` Մարգարյանին և Միրզոյանին, սեմինարներ կազմակերպվեցին աստղագետներ Առաքելյանի, Թերզյանի, Փիշմիշի, Օսկանյանի, աստղագիտական սարքերի կոնստրուկտոր Իոաննիսյանի ծննդյան ամյակների կապակցությամբ: Այս տարի կնշենք Գուրզադյանի 90-ամյակը, եկող տարի` Մարգարյանի և Աղեկյանի 100-ամյակները: 2001 թվականին լույս ընծայեցինք Մարգարյանին նվիրված առաջին բրոշյուրը:

-Համացանցում կա՞ն լիարժեք տեղեկություններ մեր աստղագետների մասին։ Ի՞նչ այլ ձևերով են մեծարվում կամ լուսաբանվում մեր աստղագետները:

-Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջում տեղադրված են մեր մեծ աստղագետներից տասնութի հայերեն և անգլերեն կենսագրականները, ևս մոտ 70 աստղագետի համար ստեղծված են անհատական էջեր, ինչպես նաև ստեղծվել է աշխարհի բոլոր հայազգի աստղագետների` ընդհանուր առմամբ 257 անձ, տվյալների շտեմարան, ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրերում պարբերաբար անդրադառնում ենք մեր աստղագետների կյանքին ու գործունեությանը, Միջազգային աստղագիտական տարվա կապակցությամբ 2009-ին մեր տրամադրած նյութերի հիման վրա «Արմենպրեսի» կողմից հրապարակվեց 20 աստղագետների կենսագրական շարքը, Հայկական գիտական համագործակցության (ARMSCOOP) կայք-էջում «Տեղեկություններ հայ գիտնականների մասին» բաժնում նույնպես մեր տրամադրած նյութերով արդեն տեքստեր են տեղադրված 12 աստղագետի վերաբերյալ, գիտական լրագրության նախաձեռնության շրջանակներում աստղագետների տարեդարձերի առթիվ վերջին մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցներին արդեն 12 մամուլի հաղորդագրություններ ենք տարածել: Մեր ներկայիս գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը մի շարք ցուցապաստառներ է պատրաստել մեր մեծ գիտնականների տարեդարձերի առթիվ, ինչը նույնպես նախկինում բացակայում էր: 2004-ին ՀԱԸ սահմանել է երիտասարդ աստղագետների համար տարեկան մրցանակ, որը ներկայումս կոչվում է Երվանդ Թերզյանի անվամբ, 2009-ին Բյուրականի աստղադիտարանը և ՀԱԸ աստղագիտության տարբեր ոլորտներում համատեղ սահմանեցին Մարգարյանի, Առաքելյանի, Սահակյանի, Միրզոյանի և Փիշմիշի անվան մրցանակներ: Վերջապես, շուտով լույս կտեսնեն «Հայ աստղագետներ» օրացույցը եւ Հայ աստղագիտության կենսագրական հանրագիտարանը:

– Դա որքանո՞վ է գոհացնում գիտական հանրությանը։

-Ասեմ նաև, որ այստեղ էլ դժգոհություններ կան. մի կողմ թողած այն դրական երևույթը, որ վերջապես մեր գիտնականների մասին խոսվում և գրվում է, առաջին պլանում խոսակցություններն են այն մասին, թե ինչու այս կամ այն գիտնականն է ընդգրկված, իսկ մեկ ուրիշը` ոչ: Բանն այն է, որ միշտ էլ կարելի է նույնիսկ լավի մեջ վատը տեսնել: Վերջապես, չկան օբյեկտիվ չափանիշներ և առավել ևս կտրուկ սահման, թե որ գիտնականներն են հայտնիները, իսկ ովքեր` ոչ (ինչպես, օրինակ, «սահմանվում էր» խորհրդային տարիներին): Հնարավորության դեպքում ես կցանկանայի բոլորին ընդգրկել, որ այդ բոլոր խոսակցությունները վերանային: Բայց գիտեք, այս դեպքում էլ կարելի է դժգոհելու բան գտնել (ինչի ականատես նույնպես լինում եմ), թե ինչու է մեկի մասին շատ գրված, իսկ մեկ ուրիշի մասին` քիչ:

 

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031