Սողանքային աղետի կառավարման, ինչպես նաեւ վնասների հատուցման տարածաշրջանային հիմնախնդիրները
Երեւանի պետական համալսարանի «Կայուն զարգացման կենտրոն» կլոր սեղան-քննարկումների թեման օրեր առաջ ՀՀ տարածքում սողանքների, երկրակեղեւի ձեւախախտումների եւ փլուզումների համակարգային ուսումնասիրություններ կատարելու կարեւորության եւ ռիսկային տարածքների բնակչության, կոմունիկացիաների եւ տնտեսական օբյեկտների պաշտպանության հարցն էր:
Քննարկմանը մասնակցեց ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հ/կ խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը, որին խնդրել էին ներկայացնել հիշյալ հարցադրումների հիմնական ասպեկտները:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք մի հատված նրա ելույթից:
Սողանքային աղետի համարժեք նշանակությունը բացահայտված է ոչ միայն մասնագիտական փաստաթղթերում, այլեւ համապատասխան իրավական ակտերում, ինչը վկայում է այն մասին, որ հիշյալ աղետի էության, դրա հետեւանքների առնչությամբ գոնե առերեւույթ տարաձայնություններ չկան: Բնորոշ է ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին» թիվ 1 որոշմամբ հաստատված հայեցակարգի (այսուհետ՝ Հայեցակարգ) 1-ին բաժնում ամրագրված հետեւյալ դրույթը. «Սողանքային աղետը ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների վրա, այլեւ խոչընդոտ է հանդիսանում տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաեւ հանրապետությունում եւ հարեւան երկրների հետ հանրապետության հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը, որոնք հանդիսանում են տնտեսության զարգացման համար կարեւորագույն միջոց: Սողանքային աղետները պատճառ են հանդիսանում բնակչության աղքատացմանը ու արտագաղթին, որոնց հետեւանքով դատարկվում եւ քայքայվում են լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերը»:
Հայաստանում լայն տարածում ունեցող արտածին երկրաբանական երեւույթների շարքում իրենց վտանգավորությամբ առանձնանում են այնպիսի գրավիտացիոն երեւույթներ, ինչպիսիք են՝ սողանքները, քարաթափերը եւ փլուզումները: Ընդ որում՝ առավել վտանգավոր են համարվում սողանքները: Ըստ մասնագետների, սողանքների լայն տարածվածությունը թելադրված է տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությամբ, լանջերի մեծ թեքությամբ, բարդ երկրաձեւագիտական (գերմորֆոլոգիական) պայմաններով, երկրաբանական կառուցվածքով, իսկ մեծ ակտիվությունը՝ մարդու ակտիվ ներգործությամբ, ինչը դրսեւորվում է լանջերի ինտենսիվ կառուցապատումով, դրանց վրա հաճախ ոչ ճիշտ գյուղատնտեսական աշխատանքների կատարմամբ, զանգվածային ծառահատումներով, հողաբուսական ծածկի խախտումներով, ինչպես նաեւ ոչնչացմամբ:
Սողանքային աղետի տարածվածության մասին դատողություններ անելու համար նպատակահարմար է վերլուծել հետեւյալ վիճակագրական տվյալները: Ըստ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ միջկառավարական պայմանագրի հիման վրա՝ Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության կողմից 2004-2006թթ. ընթացքում իրականացված «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրության» արդյունքների, հանրապետության տարածքում օդալուսանկարների վերծանմամբ բացահայտված է 2504 սողանքային տեղամաս, սողանքների ընդհանուր մակերեսը կազմում է հանրապետության մակերեսի 4,1 տոկոսը (1216 քմ), 997 բնակավայրերից սողանքներով վնասված է 233-ը, ավտոճանապարհների ցանցի 7400 կմ-ից վնասված է 240-ը կամ 3,2 տոկոսը, երկաթգծի ցանցի ընդհանուր 870 կմ-ից վնասված է 4,8-ը կամ 0,5 տոկոսը եւ այլն:
Նույն այդ աղբյուրի համաձայն, միայն 162 սողանքային տեղամասերի գույքագրման տվյալներով, սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19.395 մլրդ դրամ, իսկ ընդհանուր վնասը՝ 23.985 մլրդ դրամ: Ընդ որում՝ վնասը հաշվարկելիս հաշվի չեն առնվել այնպիսի ցուցիչներ, ինչպիսիք են՝ հուշարձանները, դժբախտ պատահարները, հոգեբանական ցնցումները եւ այլն: Ըստ Հայեցակարգի «Հիմնախնդրի նկարագրությունը եւ ժամանակակից վիճակը» վերտառությամբ հատվածի. «Սողանքային գործընթացների լայն զարգացման ու մեծ ակտիվության պատճառով վերջին տարիների ընթացքում ամբողջովին ավերվել եւ լքվել են հատկապես սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրեր, շուրջ 2000 ընտանիքներ զրկվել են տանիքից, արձանագրվել են մեծ վնասներ, կան մարդկային զոհեր, վնասվել եւ քայքայվել են ճանապարհներ ու երկաթգծեր, դադարել են գործել խմելու ջրի եւ ոռոգման ցանցեր»: Դարձյալ այդ աղբյուրի համաձայն, սողանքային կտրուկ ակտիվացումներ են նկատվում, հատկապես, հանրապետության Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Իսկ ընդհանուր առմամբ, սողանքային երեւույթներ հիմնականում առավել տարածում ունեն Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում եւ Երեւան քաղաքի առանձին հատվածներում: Ըստ այդմ էլ, ըստ ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի թիվ 1 որոշման, ընտրվել են առավել ռիսկային 131 սողանքային տեղամասեր, որոնք պետք է դառնային սողանքային աղետի կառավարման անմիջական թիրախ: Ինչեւէ, ողջ խնդիրն էլ այն է, որ վերջին 5 տարիների ընթացքում, հաստատված ծրագրերի առկայության պարագայում, փաստացի որեւէ գումար չի հատկացվել հակասողանքային միջոցառումներ իրականացնելու համար:
Ընդհանուր առմամբ սողանքային աղետի կառավարումը որոշ չափով վերականգնվել է՝ սկսած 1996թ., երբ առաջին անգամ կայացվեց կառավարության որոշում՝ Ողջաբերդ գյուղի տարածքում սողանքային երեւույթների հետեւանքների կարգավորման միջոցառումների մասին: Այդ ժամանակահատվածում հիմնականում հիմք են ընդունվել նախկինում կատարված հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ հատվածական կարգով իրականացվել են սողանքային ինժեներապաշտպան միջոցառումներ: Միայն առանձին դեպքերում հաջողվել է ապահովել սողանքային ակտիվության որոշ նվազեցում, սակայն դիտարկումների բացակայության պատճառով հնարավոր չի եղել տալ այդ միջոցառումների ճշգրիտ արդյունավետությունը եւ կանխարգելման աստիճանը:
Հակասողանքային միջոցառումներ մշակելու եւ իրականացնելու ոլորտում որոշակի աշխատանքներ է իրականացրել հատկապես ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Վերջինիս կողմից մշակվել է եւ ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 11-ի թիվ 1074 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագիրը», որի իրականացման համար 2002-2004թթ. նախատեսված 1924.0 մլն դրամից հատկացվել է ընդամենը 243.8 մլն դրամ, որից 132,4 մլն դրամը տրամադրվել է վթարային տներից բնակիչների վերաբնակեցմանը, իսկ բուն սողանքային հետազոտություններին՝ 111,6 մլն դրամ, որով իրականացվել են 19 սողանքային տեղամասի նախնական ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ մոնիթորինգային ցանցի ստեղծմամբ եւ սողանքային գոտիներում գտնվող 32 բնակավայրերի բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն՝ առաջնահերթ վերաբնակեցման ենթակա տների հաշվառման նպատակով:
Ի դեպ, այս ոլորտում ոչ պատշաճ աշխատանքներ կատարելու դեպքում անընդունելի արդյունքների մասին բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, եւ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանի կողմից բերվեցին հիշյալ քննարկումների ընթացքում: Բնորոշ է հետեւյալ օրինակը. սողանքային երեւույթների հետեւանքով բնակության համար ոչ պիտանի դարձած Վայոց ձորի Մարտիրոս գյուղի բնակիչներին տեղահանել են եւ բնակեցրել մեկ այլ տարածք, սակայն հետագայում պարզվել է, որ նոր տարածքը եւս սողանքային գոտում է գտնվում եւ պիտանի չէ բնակության համար: Հակասողանքային միջոցառումների թերֆինանսավորման առնչությամբ բավականին ուշագրավ եզրահանգում է ամրագրված Հայեցակարգում. «Սողանքային տեղամասերում հետազոտությունների ու դրանց հաջորդող միջոցառումների չիրականացման կամ թերի իրականացման արդյունքում հանրապետությունում վերջին ժամանակներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարությունը հարկադրված մի քանի անգամ ավելի շատ ֆինանսական միջոցներ պետք է հատկացնի հարյուրավոր վթարային տների բնակիչների վերաբնակեցման եղանակով անվտանգության ապահովման խնդիրների լուծման, ինչպես նաեւ սողանքային երեւույթների հետեւանքների վերացման համար»: Դժվար է չհամաձայնվել այսպիսի գնահատականի հետ, հավելենք միայն, որ կառավարման ցանկացած ոլորտում է գործում հիշյալ կանոնը՝ ժամանակին նվազագույն անհրաժեշտ միջոցներ ձեռք չառնելու արդյունքում անխուսափելիորեն առաջանում է անհամեմատ ավելի շատ ծախսեր կատարելու անհրաժեշտություն, այսինքն՝ ծախսերից խուսափելը տվյալ դեպքում չի ծառայում իր բուն նպատակին, քանի որ այն հանգեցնում է էլ ավելի մեծ ծախսերի, սակայն դա նկատվում է միայն կառավարման հետագա տարիներին:
Այսպիսով, սողանքային աղետների պետական կառավարման քաղաքականությունը, այդ թվում հիմնախնդիրների իրավական կարգավորումը տարաբնույթ պատճառներով (այդ թվում՝ ֆինանսական քաղաքականության) հեռու են իրավաչափ նպատակներից եւ լուրջ բարելավման կարիք ունեն: