Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառել են զինվորականի տունը, գույքն էլ չգիտեն՝ ո՞ւր է

Հուլիս 26,2012 13:28

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի բնակիչ Հերմինե Պետունցը զինծառայող ամուսնու հետ ժամանակավոր բնակվում է ԼՂՀ-ում, զինծառայողների համար նախատեսված կացարանում:

Այդ կացարանում են բնակվում նաեւ նրանց չորս երեխաները:

Հերմինե Պետունցը մեզ պատմում է, որ 2011թ.-ին իրեն զանգել են Բյուրեղավանից եւ հայտնել, թե հանրակացարան-բնակարանը քաղաքապետը վաճառել է:

«Ես զարմացա, անմիջապես վերադարձա Բյուրեղավան, տեսա՝ իրականում մեր դռան փականը կոտրել են, բացել են, իսկ բնակարանն էլ վաճառվել է Դերո անունով մեկին՝ 650 000 դրամով»,- ասում է Հ.Պետունցը: Նա անմիջապես դիմում է քաղաքապետ Հակոբ Բալասյանին, որից էլ ստույգ պատասխաններ չի ստանում:

«Ինչպես կարելի է վաճառել բնակարանը, եթե ես իմ չորս երեխաների հետ հաշվառված եմ այդ բնակարանում, եւ բնակարանը պատկանում է ինձ»,- հարցնում է Հ. Պետունցը: Ի դեպ, նշենք, որ այդ հանրակացարան-բնակարանը 2005թ. հունիսի 28-ից տրվել էր Պետունցների ընտանիքին:

Հ. Պետունցին մինչ օրս նաեւ չեն տվել պատասխան, թե որտեղ են գտնվում տնից հանված իրերը, մահճակալները, աթոռները, գորգը, հեռուստացույցը, այսինքն՝ գույքը:

Հ. Պետունցը դիմել է նաեւ ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն, որն էլ իր հերթին այս տարվա հուլիսի 4-ին դիմել էր ոստիկանության Կոտայքի մարզի բաժնի պետ, գնդապետ Ա. Առաքելյանին: Դատախազը ուղարկել էր Հ. Պետունցի դիմումը, հանձնարարել էր ստուգել դիմումում նշված փաստերը եւ «լուծել հետագա ընթացքը»:

Հ. Պետունցը դիմել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմին, որպեսզի գնահատական տան կատարվածին: Նախագահի աշխատակազմից էլ նամակն ուղարկել են Կոտայքի մարզպետին, ու հարցն այդքանով համարել են ավարտված:

Սակայն ինչ անուն տալ կատարվածին. սոցիալապես անպաշտպան այս ընտանիքի սեփականության, գույքի վրա ոտնձգություն է տեղի ունեցել այն ժամանակ, երբ նրա ընտանիքի մի անդամը հայրենիքն է պաշտպանում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031