Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները քիմիկատները գերադասում են բնական մեթոդներից

Հուլիս 26,2012 13:23

Բժշկական թափոնների եւ պիտանելիության ժամկետը լրացած դեղերի ոչնչացման տեխնիկական եւ անվտանգության նորմերի մասին տեղեկատվություն ստանալու համար «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը դիմել էր առողջապահության եւ բնապահպանության նախարարություններ, սակայն այս գերատեսչությունները կազմակերպության հարցմանը չեն արձագանքել: «Առավոտը» կազմակերպության հիգիենայի եւ էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք մեր երկրում բժշկական թափոնների ոչնչացումն իրականացվո՞ւմ է միջազգային չափանիշներով եւ շրջակա միջավայրի համար անվտանգ: Տիկին Սիմոնյանը վստահեցրեց, որ Էջմիածին քաղաքում գործում է «Էկոլոգիա» մասնավոր ընկերությունը, որն էլ կատարում է այդ գործառույթը, սակայն իրենք այդպես էլ չեն կարողացել պարզել, թե որքանով է անվտանգ գործում այդ ընկերությունը. «Նախարարություններից միայն բանավոր ասացին՝ լավ ա, լավ ա, ու վերջ»:

Հաշվի առնելով, որ հ/կ-ն զբաղվում է նաեւ քիմիկատների, օրգանական երկրագործության հիմնախնդիրներով եւ դրա շրջանակներում կրթական, տեղեկատվական, հետազոտական ծրագրերի իրականացմամբ, մենք նաեւ տիկին Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե այսօ՞ր էլ քիմիկատները լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության ոլորտում: Փորձագետի խոսքերով՝ ներկայումս քիմիկատները բավականին թանկ արժեն, եւ ամեն գյուղացի չէ, որ կարող է այն օգտագործել, եւ չնայած նրան, որ աշխարհը ձգտում է էկոլոգիապես մաքուր միջոցներ կիրառել, հայկական բազմաթիվ գյուղերում դեռեւս քիմիկատներ են օգտագործում: Մինչդեռ, ըստ տիկին Սիմոնյանի, կան բնական ու անվճար մեթոդներ, որոնք կազմակերպությունը ներդնում է գյուղական համայնքներում:

Հ/կ-ի փորձագետի խոսքերով՝ «Շատ գյուղացիներ նույնիսկ չգիտեն, թե ինչպես պետք է այդ քիմիկատներն օգտագործեն, որովհետեւ մասնագետ չեն, եւ փաստորեն դրանք կիրառելով՝ կարող են էկոլոգիապես ոչ մաքուր գյուղմթերք աճեցնել եւ իրացնել: Մեր կազմակերպությունը գյուղացիներին առաջարկում է բուսական թուրմեր, որոնք գյուղացիները կարող են իրենք էլ ստանալ: Մենք պատրաստման մեխանիզմը սովորեցնում ենք, եւ այս թուրմերը, որոնք գյուղատնտեսության մեջ կարող են օգտագործել որպես քիմիկատին ալտերնատիվ միջոց, անվճար են»: Մեր այն հարցին էլ, որ գուցե դա աշխատատար եւ ժամանակատար մեթոդ է, եւ գուցե այդ է պատճառը, որ գյուղացիները նախընտրում են վճարովիից օգտվել ու միանգամից պատրաստի քիմիկատ ունենալ, տիկին Սիմոնյանն ասաց. «Այո, այդ թուրմերը պատրաստելը ժամանակատար է, բայց այդ բույսերը գրեթե ամենուրեք աճում են, եւ այնքան էլ բարդ չէ թուրմ պատրաստելը, բացի այդ, ի վերջո գյուղացին ստիպված չի լինի գնալ քաղաք, մեծ գումարներ ծախսել ու անհայտ ծագման քիմիկատ գնել: Կան գյուղացիներ, որոնց հետ աշխատել ենք, հաճույքով նախընտրում են բնական եղանակով պատրաստված թուրմերը, որոնց շնորհիվ եւ գյուղմթերքն է էկոլոգիապես մաքուր լինում, եւ որակն էլ չի տուժում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031