Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ թեկնածուն չի կարող այլընտրանք լինել»

Հուլիս 26,2012 13:18

Պետրոս Մակեյանը կարծում է, որ առաջադրվելու պարագայում Վարդան Ղուկասյանի հաղթելու շանսերն ավելի մեծ են

Թեեւ պաշտոնական առաջադրումները դեռեւս սկսված չեն, սակայն ակնհայտ է, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքար է ընթանալու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարդան Ղուկասյանն իրեն հասցված ապտակը հեշտ մարսողներից չէ: Իսկ հարազատ կուսակցության քայլը Վարդան Ղուկասյանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ: Եղածը քիչ էր, հիմա էլ ՀՀԿ-ն քննարկում է Սամվել Բալասանյանին սատարելու, անգամ առաջադրելու հարցը: Գյումրիում տեղի ունեցած եւ հնարավոր զարգացումների շուրջ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց. «Կարծում եմ՝ հայաստանյան իրականությանը ծանոթ մարդը կհասկանա, որ այնուհանդերձ՝ փորձելու են Վարդան Ղուկասյանին պարտադրել, որպեսզի չառաջադրվի, քանի որ առաջադրվելու պարագայում նրա հաղթելու շանսն ավելի մեծ կլինի»: Փարատելով «Առավոտի» զարմանքը՝ Պետրոս Մակեյանն իր համոզմունքն այսպես բացատրեց. «Այլընտրանքն ավելի որակյալ չէ: Այլընտրանքը նույն տեսակն է, իշխանության տեսակն է եւ ոչ ժողովրդի կամ ընդդիմության»: Հարցը՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխող կուսակցությունը նախընտրում է Գյումրու քաղաքապետի պաշտոնում տեսնել իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի ներկայացուցչին եւ ոչ իր տարածքային կառույցի ղեկավարին (դեռ մի քանի օր առաջ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն էր), Պետրոս Մակեյանը դիտարկում է հայաստանյան քաղաքական իրականության անոմալ դրսեւորումների տեսանկյունից. «Բացարձակ անհասկանալի է՝ քաղաքական առումով, մինչդեռ մաֆիոզ դրսեւորումների տեսանկյունից հասկանալի է, եւ գործող վարչախումբն էլ հենց այդ համակարգում է գործում»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ ընդդիմություն լինել-չլինելուն, մեր զրուցակիցը ասում է. «ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հռչակել: ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտում խաղացնում են Կոնգրեսը, ավելի ճիշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հիմա թե ԲՀԿ-ն որ դաշտում կհայտնվի՝ ապագան ցույց կտա, բայց ԲՀԿ-ն չի կարող ոչ իշխանական դաշտում հայտնվել»: Հետաքրքրվեցինք՝ մեր զրուցակցի կարծիքով՝ նման ակնհայտ քայլերից հետո չարժե՞, որ ՀԱԿ-ը վերանայի իր դիրքորոշումները ԲՀԿ-ի նկատմամբ: «Ոչ թե Կոնգրեսը, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Որովհետեւ Կոնգրեսի ընդհանրական դիրքորոշում ԲՀԿ-ի եւ այդ ուժի հետ համագործակցության մասին այդպես էլ չի հնչել»,- ճշգրտեց պարոն Մակեյանը: Հետաքրքրվեցինք նաեւ՝ վերջին զարգացումներից հետո առիթ եւ հնարավորություն չի՞ եղել առաջին նախագահի հետ զրուցելու եւ հստակեցնելու դիրքորոշումները: Պետրոս Մակեյանն ասաց, որ քաղխորհրդում քննարկվել է այդ հարցը, որին առաջին նախագահը չի մասնակցել: Այդ հարցով առանձին զրույց առաջին նախագահի հետ «Ժողովրդավարական հայրենիքի» նախագահը չի ունեցել: Թե ՀԱԿ քաղխորհրդում ի՞նչ համատեքստում են քննարկումները ընթացել ԲՀԿ-ի պահվածքի վերաբերյալ, մեր զրուցակիցը չցանկացավ առանձնապես մանրամասնել, քանի որ տվյալ նիստին ինքն անձամբ չէր մասնակցել: Նիստին մասնակցած կուսակցական ընկերոջ փոխանցած տեղեկություններից միայն հրապարակեց այն, որ որեւէ առանձնահատուկ որոշում կամ դիրքորոշում ԲՀԿ-ի վերաբերյալ չի եղել:

ՀԱԿ-ում, ըստ Մակեյանի, Գյումրիում թեկնածու առաջադրելու մասին հատուկ քննարկում չի եղել: Քննարկվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առավելագույնս ընդհանուր մասնակցության մասին: «Առավոտի» հարցին՝ իր կարծիքով՝ կա՞ ՀԱԿ-ից որեւէ մեկը, ով կարող է Գյումրիի քաղաքապետի համար մղվող պայքարում այլընտրանք հանդիսանալ իշխանական թեկնածուին: «ՀԱԿ-ը նախ՝ ինքը պետք է այլընտրանք հանդիսանա… հանդիսանում էր երկար ժամանակ եւ լուրջ այլընտրանք էր: Ցավոք, վերջին ժամանակներս ՀԱԿ-ը իշխանությանն այլընտրանք չի կարողանում հանդիսանալ, հետեւաբար՝ նրա թեկնածուն չի կարող այլընտրանք լինել: Ցանկացած համայնքում, որտեղ ՀԱԿ-ը թեկնածություն կառաջադրի, բարդ է լինելու: Գոյություն ունեն խաղի կանոններ, քաղաքական նորմեր, համաձայն որոնց՝ եթե հիմնական թիմն այլընտրանք չէ, նրա ամենաուժեղ անդամն էլ չի կարող այլընտրանք լինել, մանավանդ, որ վերջին ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրական համակարգ գոյություն չունի»:

Այնուհանդերձ, «Ժողովրդավարական հայրենիքը» դեռ չի շտապում լքել Կոնգրեսը եւ հանուն Հայաստանում նորմալ եւ արժանապատիվ կյանքի դեռեւս շարունակում է ապավինել ՀԱԿ-ի եւ առաջին նախագահի ուժին. «Մեր հաշվարկներով՝ 2013-ի ընտրություններին ՀԱԿ-ը կարող է դերակատարում ունենալ: Եթե չստացվեց՝ մնալ-չմնալն այլեւս որեւէ հարց չի լուծում: Մենք մտածում ենք, որ 2013-ին Կոնգրեսը պետք է օգտագործի իրավիճակը փոխելու հնարավորությունը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031