Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-ն մտնում է միջազգային իրավական պրակտիկայի ոլորտ»

Հուլիս 26,2012 13:15

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի գնահատմամբ՝ ԼՂՀ նախագահական ընտրություններին տրված միջազգային գնահատականներում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք ԼՂՀ քաղաքական ուժերի ճիշտ կեցվածքի դեպքում առաջիկայում կարող են արդյունքներ տալ: Իսկ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ, դրական գնահատելով ընտրությունները, այդուամենայնիվ, կարծում է, որ դրանք դեռեւս հեռու են եվրոպական չափանիշներին համահունչ լինելուց: 

Ռուբեն Մեհրաբյան- Կարելի է ասել, որ այս ընտրություններն իրական մեծ քայլ էին դեպի առաջ, դեպի հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացումը: Սակայն խոսել այն մասին, որ այս ընտրությունները եվրոպական ստանդարտներին միանգամայն համահունչ էին, ինչպես որոշ պաշտոնական շրջանակներ նշեցին, սխալ է, եւ ես դա իհարկե չեմ համարում լուրջ հայտարարություն: Դա միգուցե ցանկություն է՝ այդպես ներկայացնելու: Սակայն դրան հասնելու համար անելիքներ, իհարկե, շատ կան: Համենայնդեպս, ամենակարեւոր առաջին քայլն արվեց: Առնվազն 22 հազար ղարաբաղցիներ ներկայացրեցին տարվող կուրսին իրենց անհամաձայնությունը, եւ կարծում եմ, որ հայաստանյան հանրությունն իր համերաշխությունն ու բարոյական աջակցությունը պետք է հայտնի նրանց: Այս ընտրություններում Ղարաբաղում մենք տեսանք քաղաքացիական զարթոնքի արդյունքը, որում չէի թերագնահատի նաեւ Երեւանի դերը, որի հետ շատերը կապված են: Բացի այդ՝ նաեւ սոցիալական ցանցերի միջոցով են ծանոթանում այստեղի իրավիճակին, ինչը գերազանց դպրոց է, որից Ղարաբաղում շատ դասեր քաղեցին: Եվ եթե հաշվի առնենք, թե որ կետից ենք եկել հասել այս վիճակին, ապա ակնհայտ է՝ սա դրական տենդենց է, որը պետք է շարունակել եւ ամրապնդել:

«Առավոտ»- «Ֆրիդոմ Հաուսը» 2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո Ղարաբաղը դասում է «անազատ» երկրների շարքին: Դրանից առաջ այդ կազմակերպության զեկույցներում ԼՂՀ-ն ներկայացվում էր որպես «մասամբ ազատ» երկիր: Այս ընտրությունների արդյունքում հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գնահատականը փոխվի, եւ առհասարակ՝ ի՞նչ դրական փոփոխություններ եք ակնկալում ԼՂՀ՝ միջազգային ընկալման տեսանկյունից:

Մանվել Սարգսյան- Դրական միտումներ արդեն իսկ նկատվում են: Շատ կարեւոր էին այս ընտրություններին տրված առաջին գնահատականներն ու դիտորդների պահվածքը. էական փոփոխություններ կան մոտեցման մեջ: Օրինակ՝ ԵՄ-ն շատ հետաքրքիր արտահայտություն է արել իր գնահատականի մեջ՝ նշելով, որ չի ճանաչում այս ընտրությունների սահմանադրական եւ իրավական շրջանակները: Այսինքն՝ արդեն իրավական վեճի ասպարեզ է բացվել: Վեճը ինչի շուրջ է՝ Սահմանադրության եւ օրենքի, այլ ոչ թե ընտրությունների: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես ասաց՝ մարդկանց իրավունքն է, մարդիկ ուրիշ ոնց պիտի դե ֆակտո իշխանություն ձեւավորեն: Այսինքն՝ տեսնում ենք, որ այդ նորություններն առկա են: Ավելին, եվրոպական դիտորդներին երբ հարց տրվեց, թե ինչպես են գնահատում այս ընտրությունները, նրանք ասացին, թե իրենք փորձում են գնահատել, թե ինչքանով են այդ ընտրությունները համապատասխանում տեղական օրենքին: Այսինքն՝ տեղական օրենքի մոնիտորինգ եւ պրոցեսներ: Սա ցույց է տալիս, որ երկիրն արդեն մտնում է միջազգային իրավական պրակտիկայի ոլորտ: Սա արդեն նոր հետաքրքրություն է եւ նոր մոտեցում: Եվ եթե երկիրն ի վիճակի է սա հասկանալ եւ իրեն համապատասխան ձեւով դրսեւորել, ինձ թվում է, որ այս պրոցեսը կգնա: Ի վերջո, աշխարհը շատ ազնիվ է իր գնահատականներում. ինչ կաս՝ այն էլ կաս, այդպես էլ քեզ նայում են: Եվ մենք դա տեսնում ենք այսօր: Այս պրոցեսները կարծես թե գիտակցվում են Ղարաբաղում, եւ եթե այս ամենը բերի ճիշտ դրսեւորման, մենք կտեսնենք շատ-շատ դրական դրսեւորումներ միջազգային հանրության վերաբերմունքի մեջ:

Ռ. Մեհրաբյան– Մենք շատ ենք խոսում ազգերի ինքնորոշման իրավունքից, որի շրջանակներում էլ պատկերացնում ենք Ղարաբաղի հարցի լուծումը: Բայց եթե ազգը չի կարողանում ինքնորոշվել իր սեփական իշխանությունների հարցում, ապա ոչ ոք չի հավատա նրա ազգային ինքնորոշման հավակնություններին, որոնք ներկայացվում են արտաքին աշխարհին: Այդ իմաստով ԼՂՀ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ղարաբաղցիների քաղաքական գիտակցության մեջ տեղի է ունեցել լուրջ փոփոխություն. այն է՝ ազգային ինքնորոշումից առաջ նախ՝ պետք է ինքնորոշվես քո ներքին կյանքը կազմակերպելու հարցում, եւ դա պետք է անես առաջին հերթին ազնիվ լինելով ինքդ քեզ հետ, ոչ թե Մինսկի խմբին ինչ-ինչ բաներ ցույց տալու համար:

«Առավոտ»– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը: Հիշեցնեմ, որ Վրաստանը բավական կոշտ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ 2011 թ. սեպտեմբերի 18-ի ԼՂՀ ՏԻՄ ընտրություններից հետո՝ դրանք որակելով «ապօրինի»: Այս անգամ եւս մեր հարեւանի գնահատականները կոշտ էին:

Ռ. Մեհրաբյան- Այստեղ մենք տեսնում ենք հայկական դիվանագիտության կոպիտ սխալների արդյունքը: Միջազգային կազմակերպություններում Վրաստանի հետ կապված բոլոր բանաձեւերի եւ որոշումների քվեարկության ժամանակ շատ երկրներ ձեռնպահ են մնում, սակայն Ռուսաստանի ու մի քանի օդեոզ ռեժիմների՝ Կուբայի, Զիմբաբվեի եւ Հյուսիսային Կորեայի հետ Հայաստանը Վրաստանի դեմ է քվեարկում: Այդքանից հետո ինչ ռեակցիա եք ուզում Վրաստանից: Եվ մեր ԱԳՆ-ն մի բաժակ ջուրը բերանն առած՝ ձայն չի հանում դրա հետ կապված: Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններից ոչ պակաս կարեւոր են նաեւ հայ-վրացական հարաբերությունները: Եվ ժամանակն է, որ մեր արտգործնախարարությունն այդ տարրական ճշմարտությունը հասկանա, որ Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանը չպետք է սպասարկի Ռուսաստանի կապրիզները, որովհետեւ մենք ի պատասխան ստանալու ենք այսպիսի արդյունք:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու քաղաքագետների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031