Բյուրականի աստղադիտարանի, Գիտությունների Ազգային Ակադեմիայի, ՀՀ կառավարության և «ՅՈՒՆԵՍԿՕՅԻ կողմից տարվա կարևորագույն իրադարձություն ճանաչված Անանիա Շիրակացու 1400 -ամյակին նվիրված միջոցառումների շարքի մասին այսօր խոսեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեք Միքայելյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում կմեկնարկի ամառային դպրոցը, որից հետո ` միջազգային դպրոցը, որին կմասնակցեն 82 երիտասարդ աստղագետ` 18 երկրից. «Հրավիրված են նաեւ հայ ուսանողները: Կլինեն հանդիպումներ` նվիրված ոչ միայն Շիրակացու գործունեությանը, այլեւ աստղագիտական տարբեր թեմաներին: Հնում մեր գիտնականնները մեկ ուղղությամբ չէին կենտրոնացած. Շիրակացին նույնիսկ շարականներ է գրել: Առհասարակ, նա քիչ է լուսաբանվել, իսկ համացանցը կցկտուր տեղեկություններ է տալիս նրա մասին»:
Պարոն Միքայելյանը հավելեց, որ առաջիկայում ԳԱԱ հիմնարար գրադարանը կթվայնացնի Շիրակացուց մեզ հասած 28 անուն գիրք եւ նրա գործունեությանը նվիրված շուրջ 50 հրատարակություն: Բացի այդ, Մատենադարանը սկսել է Շիրակացու ձեռագրերի թվայնացումը:
Կարդացեք նաև
Արեգ Միքայելյանը նաեւ ասաց, որ 2013թ-ի հոկտեմբերին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա միջազգային աստղագիտական միության գիտաժողովը. «Դա նշանակալի ձեռքբերում է: ՅՈՒՆԵՍԿՕՅԻ տարեդարձերի ցանկում այս տարի գրանցված են միանգամից չորսը` Սայաթ-Նովայի 300, Մեսրոպ Մաշտոցի 1650, Անանիա Շիրակացու 1400 եւ հայ գրատպության 500 ամյակները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ