Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությանն աջակցելու նպատակով կառավարությունը հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի ցանկում ներառել է «Ալիգոտե», «Շենին», «Կոլոմբարդ-բ», «Ֆոլ Բլանշ Բ» և «Ուգնի Բլանք Բ» խաղողի սորտերը։ «Տիեռասե դե Արմենիան» 2004 թ. նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնել է 300 հա խաղողի այգի։ Որոշման ընդունման արդյունքում ընկերությանը հնարավորություն կտրվի իրացնել խաղողի բերքը, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնել ներդրումային ծրագիրը։
Իսկ ահա «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու առաջարկը մերժվել է` նկատի ունենալով, որ նշված սարքավորումները ներմուծվել են 2008 թ. ապրիլի 4-ին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մեկ տարի ժամկետով, այնուհետև երկու անգամ այդ ժամկետները երկարաձգվել են, միևնույն ժամանակ, ընկերության կողմից ներկայացված ծրագրի ամփոփ գնահատականը կազմել է ընդամենը 21.3 միավոր, որը հիմք է հանդիսանում բացասական եզրակացության համար։
Կառավարությունն իր 2010 թ. հուլիսի 29-ի «ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» թիվ 971-Ն որոշման 2012 թվականին վերաբերող բաժինը շարադրել է նոր խմբագրությամբ` հնարավորություն տալով կարգավորել 2012 թվականի համար անհրաժեշտ աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
Կարդացեք նաև
Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել «Ժամկետանց պեստիցիդների վերացման և կանխարգելման կարողությունների ուժեղացում` որպես նախկին Խորհրդային միությունում չօգտագործվող վտանգավոր քիմիկատների վերացման համար մոդել» տարածաշրջանային ծրագրի համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ, սահմանել է սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ