Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյան. «Մեր սահմանափակ հնարավորությունները թույլ կտան առնվազն 45-50 ապաստան հայցողների տեղավորել»

Հուլիս 26,2012 12:38

 Հարցազրույց տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանի  հետ

-Ի պատասխան հայաստանյան տարբեր շրջանակներից հնչող տագնապահարույց ազդանշանների, սիրիահայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ սիրիացի մտավորական շրջանները հայտարարում են, թե Սիրիայում հայերին վտանգ չի սպառնում: Այնուհանդերձ մեզանում մի տեսակ թերահավատ են…
Հետաքրքիր է, քանի՞ սիրիահայ ընտանիք է դիմել ձեզ ապաստան ստանալու խնդրանքով:
-Երբ օտարերկրյա քաղաքացին Հայաստան է գալիս, տարբեր ճանապարհներով, տարբեր ռեժիմներով կարող է բնակություն հաստատել Հայաստանում: Ռեժիմներից մեկը ապաստանի տրամադրման ռեժիմն է: Բայց սա միակը չէ, կա նաեւ կացության կարգավիճակ ստանալու հնարավորություն:
Ընդ որում՝ մեր օրենսդրությամբ երեք տեսակ կացության կարգավիճակ կա` ժամանակավոր, մշտական, իսկ ծագումով հայերի համար հատուկ` 10 տարով տրվող կացության կարգավիճակ: Վերջապես՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ճանապարհը: Այս ամենը նկատի ունենալով` օտարերկրյա քաղաքացին ինքն է որոշում` որ ռեժիմն օգտագործի տվյալ երկրում բնակվելու համար:
Հիմա, մեր ռեժիմով, այսինքն՝ ապաստանի հայցով, այս փետրվարից մինչ այժմ մեզ դիմում է ներկայացրել 17 ընտանիք: Բայց, իհարկե, հիմնական հոսքը սկսվել է հունիսից: Եթե փետրվար-ապրիլ ժամանակահատվածում ընդամենը 4 անձ (2 ընտանիք) էր դիմել, ապա վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ մեզ դիմել է 31 անձ եւ 15 ընտանիք: Եվ օրեցօր այս դիմումների աճի միտում եմ տեսնում:
Դիմողների մեջ գերակշռում են նրանք, որոնց ընտանիքի մեկ անդամը հայաստանցի է: Որպես կանոն, նրանք վերադարձել, հիմա իրենց ծնողների մոտ են ապրում: Դա երեւում է նույնիսկ նրանց անհատական տվյալներից: Բայց, իհարկե, կան նաեւ Սիրիայում ծնված-մեծացած ընտանիքներ:
Այսօրինակ վիճակ էր ստեղծվել նաեւ 2006-ի իսրայելալիբանանյան հակամարտության ժամանակ: Այն ժամանակ ապաստան հայցող շուրջ 80 ընտանիք եկավ Հայաստան Իսրայելից, մոտ 150 ընտանիք էլ` Լիբանանից: Ի դեպ, այն ժամանակ էլ, հատկապես լիբանանահայերի պարագայում, շատ էին այն ընտանիքները, որոնց մի անդամը Հայաստանից էր:
-Այս օրերին քիչ չեն նաեւ այն տեղեկությունները, թե որոշ սիրիահայ ընտանիքներ ցանկանում են գալ հայրենիք, բայց դժվարություններ ունեն: Միգրացիայի ծառայությունն ի՞նչ է առաջարկում, ի՞նչ աջակցություն է ցուցաբերում նրանց:
-Ըստ օրենսդրության, մենք նրանց տրամադրում ենք ժամանակավոր բնակության հարմարություններ` «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում: Այն գտնվում է Նոր Նորքի ուսանողական հատվածում. հանրակացարանների շենքերից մեկի 2 հարկը ՄԱԿ ՓԳԸ միջոցներով վերակառուցել-վերանորոգել ենք: Պայմանները վատ չեն` 2 տեղանոց սենյակներ են, սանհանգույցն ընդհանուր է, բայց ամեն ինչով ապահովված են` սննդի, կեցության, անկողնային պարագաների հարցը, կոմունալ վարձերը պետությունն է հոգում: Սենյակներում կա հեռուստացույց, ինտերնետ կապ: Այսօր 45 մահճակալ ունենք «Հատուկ կացարանում»: Սիրիահայերի հոսքը այստեղ լեփ-լեցուն վիճակ է ստեղծել:
-Կանխատեսումը, թե Սիրիայից եկողների թիվը առաջիկայում կմեծանա, օրեցօր ավելի իրատեսական է դառնում, մեր աչքի առաջ ավելի շատ ընտանիքներ եկան հենց հունիս-հուլիս ամիսներին: Այս համատեքստում, պետությունն ի՞նչ չափով կկարողանա աջակցել սիրիահայերին:
-Բնականաբար, նկատի ունենալով, որ առաջիկայում նոր հոսք է սպասվում, մենք արդեն իսկ մեր հնարավոր բոլոր ռեզերվները կարգի ենք բերում: Իսկ ի՞նչ ռեզերվ ունենք:
Արարատի մարզում, Մասիսի շրջանի Դարբնիկ գյուղում ՄԱԿ ՓԳԸ միջոցներով վերակառուցված սոցիալական բնակարանային ֆոնդ ունենք, որոնք նորմալ բնակարանային սենյակներ են: Շուրջ 10 չբաշխված սենյակներ ունենք, կան նաեւ 2-3 սենյականոց բնակարաններ, ուր շուրջ 30 ապաստան հայցողների կարող ենք տեղավորել: Ի հավելումն՝ 6-7 ապաստան հայցողների էլ խտացման հաշվին կարող ենք տեղավորել «Հատուկ կացարանում»: Առաջին հարկերում կան առանձին հանդիպումների սենյակներ, որոնք նույնպես կծառայեցնենք այդ նպատակին:
Այսինքն՝ մեր սահմանափակ հնարավորությունները թույլ կտան առնվազն 45-50 ապաստան հայցողների տեղավորել: Գուցե սա շատ չէ, բայց քիչ էլ չէ:
-Դուք տեղեկություններ ունե՞ք սիրիահայ այն ընտանիքների եւ անձանց մասին, որոնք Սիրիայից եկել, Հայաստանում անշարժ գույք են գնել եւ որոշել են մնալ հայրենիքում: Ի դեպ, մամուլի հրապարակումներով առաջնորդվելիս տպավորություն ենք ստանում, թե հազարների հասնող սիրիահայերի հոսք ունենք:
-Այս համատեքստում մի քանի դատողություններ անենք: Ե՞րբ են մարդիկ իրենց բնակության վայրից դուրս գալիս: Բնական է, երբ այլեւս այլընտրանք չունեն: Եվ եթե դուրս են գալիս, ո՞ւր են գնում: Իհարկե, առաջին հերթին կգնան իրենց հարեւան երկրները:
Ինչո՞ւ։ Որովհետեւ ավելի դյուրին է, մշակութային ընդհանրությունները ավելի շատ են, ի վերջո, որքան էլ ծագումով հայեր են, արաբական միջավայրում են մեծացել, եւ այս միջավայրը նրանց ավելի հարազատ պիտի լինի: Տեսեք, հիմա Հայաստան եկող սիրիահայերի ընտանիքների հիմնական մասն այստեղ ծնող-հարազատություն ունի:
Դատելով էլեկտրոնային մամուլի հրապարակումներից, սիրիահայ համայնքի ներկայացուցիչների, արաբագետների տեղեկատվությունից եւ գնահատականներից` Սիրիայից զանգվածային արտահոսք չկա: Դուրս գալու պարագայում էլ նրանք հարեւան երկրներն են ընտրում: Նույն կերպ, ի դեպ, եղավ Իրաքի դեպքերի ժամանակ, երբ իրաքահայերն առավելապես Սիրիա գնացին:
Փաստն այն է, որ մեր ծառայությանը դիմել են սահմանափակ անձինք, որոնց բոլորին պետությունն իր հոգածության տակ է վերցրել:

Անահիտ ԵՍԱՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031