Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ու դերասանուհի Լալա Մնացականյանը խոսեցին հեռուստասերիալներից: Սուրեն Շահվերդյանի ձեւակերպմամբ՝ շատ է խոսվում սերիալների մասին, դրանց որակից. «Ասում են շատ բաներ արգելվում է, բայց ես դա չեմ նկատում: Ամեն ինչ շատ տգեղ է, գռեհիկ, անգույն եւ այն հասարակությանը տանում է դեպի տգիտություն, անճաշակություն»: Լալա Մնացականյանի խոսքով էլ՝ որպեսզի շատ արագ հասցնենք սերունդ փչացնել, ապա ընդամենը պետք է շարունակել տիրող իրավիճակը. «Այն, ինչ հիմա թույլ ենք տալիս, դա մեր մեղքն է: Բայց հարցը կարելի է լուծել, եթե լինի պետական տեսակետ: Ցանկացած հարցում եթե խառնվում է պետությունը, այն արագ լուծվում է: Չի կարելի ոչինչ արգելել, պարզապես պետք է գտնել ճանապարհներ: Արվեստի ոլորտ մտել ենք վաճառողի հոգեբանությամբ, սպառողի հոգեբանությամբ էլ հայտնվել ենք մշակութային դաշտում: Սերիալ չնկարել չես կարող, բայց մի քանի շտրիխ է պետք դրանք շտկելու համար: Այսօր կրոսվորդ լուծողը սերիալի սցենար գրող է դարձել: Մոտավորապես նույն պատկերն է, որ գրված է սիրուն աղջիկ, պատասխանը գրվում է նանարիկ: Դերասանությունը ոտքի տակ է: Դերասանն էլ նկարահանվում է սերիալում, որովհետեւ թատրոնում ընդամենը 32 հազար դրամ է ստանում»:
Հումորային հաղորդումների մասին խոսելիս էլ Շահվերդյանը նկատեց, որ դրանցում որակյալները կան, չնայած հաղորդումների լեզուն թերություններով է: «Մեզ մոտ այսօր ճաշակի, կրթության խնդիր կա»,- ավելացրեց Շահվերդյանը: Լ. Մնացականյանը նաեւ շեշտեց. «Այսօր հասել ենք նրան, որ հազիվ 50-70 տարում ձեռքբերած մեր հանդիսատեսին կորցրել ենք: «Ադնառազովին» մտավ արվեստ եւ մենք մեր հանդիսատեսին արագորեն հեռացրինք»: Շահվերդյանն էլ ավելացրեց. «Հայաստանի Հանրապետությունում թատրոնը չի առնչվում ոչ մի պրոցեսի հետ, թանտրոնը պետության հետ կապ չունի եւ ավանդական մնալով էլ ոչինչ չի տալիս: Թատրոնում այսօր լուրջ ներդրում է արվում, բայց հասարակությունը թատրոն չի գնում, փոխարենը գնում է էստրադային միջոցառումների, ուրախ-զվարթ վերադառնում տուն: Թատրոնը չի երիտասարդանում, որովհետեւ նույնիսկ ղեկավարներն են 70-ն անց, որոնք, ցավոք, նոր ասելիք չունեն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ