Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. Նախկինում եղած իրավական խնդիրները հետապնդում են մեզ այսօր

Հուլիս 26,2012 11:55

Այսօր  արդիական  է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով պետության կողմից կատարված ծախսերը ռեգրեսիվ կարգով պաշտոնատար անձանցից գանձելու  հստակ ընթացակարգեր ու մեխանիզմներ մշակելու խնդիրը: Այդ մասին «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար,  ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության փոխներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը: Դրանց մշակմամբ  հնարավոր կլինի գանձել այդ ծախսերն այն դեպքում, եթե  իրոք առկա է կոպիտ խախտում:

Արդարադատության փոխնախարարը նշեց, որ  ներկայումս ուսումնասիրվում է  այլ երկրների փորձը, որպեսզի  հանրությանը  հուզող այդ արդիական խնդրին տրվեն գրագետ լուծումներ:

Ռ. Մելիքյանն ընդգծեց, որ հատկապես դատական իշխանության պարագայում  կան  շատ հստակ չափանիշներ, մասնավորապես, առ այն, որ դատարանը չի կարող պատասխանատվություն կրել այն գործողությունների համար,  եթե դա իր մեջ դիտավորություն չի պարունակում:

ՀՀ արդարադատության փոխնախարարը նշեց նաև, որ Հայաստանը  շուտով պատրաստվում է ստանձնել Եվրոպայի խորհրդի նախագահությունը, և  այդ շրջանակներում  կարող է  վեր հանել այլ երկրների դրական փորձը և,  ինչու չէ,   օգտակար լինել նաև  այլ երկրների: Փոխնախարարը կարևորում է, որպեսզի այդ հարցում մշակվեն  միասնական չափանիշներ:

Ռուբեն Մելիքյանը նշեց նաև, որ  որոշ դեպքերում Հայաստանի դեմ վճիռներ են կայացվել համեմատաբար հին գործերով՝ դրանցում բարձրացված իրավական խնդիրներն արդեն իսկ լուծված են:

Այսպես,  ՄԻԵԴ-ում 2012թ.եղել են վճիռներ, ըստ որոնց խախտում է ճանաչվել   գործը դատարան ուղարկելիս  անձի մինչդատական կալանքի ժամկետը կասեցնելու մասին օրենսդրական դրույթը   մինչև դատարանի կողմից անձի խափանման միջոցի վերաբերյալ որոշման կայացումը  նա պահվում էր անազատության մեջ ոչ թե դատարանի որոշման հիման վրա, այլ իրավունքի ուժով: Մի քանի տարի առաջ խնդիրն արդեն լուծվել  է՝  դատական նախադեպի միջոցով:

Իսկ գործերից մեկով Եվրոդատարանը խախտում է ճանաչել դատարաններում ճաղավանդակների առկայությունը, մինչդեռ  վաղուց դատարաններում ճաղավանդակներ չկան:  «Մի քանի տարի առաջ եղած իրավական այդ խնդիրները հետապնդում են մեզ այսօր»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031