Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայությունը չի ցանկանում հեռանալ երկրից ու զանգվածաբար ներգաղթել Հայաստան

Հուլիս 26,2012 11:50

Ժամանակին հարյուր հազարներով ԱՄՆ ու Կանադա արտագաղթած լիբանանահայության ճակատագիրը ցույց է տալիս, որ Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրներից նման ստվար զանգվածների արտագաղթը լրջագույն հարված է հայապահպանությանը։ Իրենց կրթամշակութային հաստատությունների լայն ցանցի շնորհիվ այս երկրների հայությունը գրեթե բոլորովին զերծ է մնացել ձուլման վտանգից, որովհետեւ ապրել է ոչ հոգեհարազատ մշակութային միջավայրում։ Մինչդեռ այժմ երեկվա լիբանանահայերը ձուլվում են ամերիկյան ու կանադական ամենակուլ միջավայրում։
Սիրիայի հայությանը սպասող նույն ճակատագրի առաջն առնելու համար ներկայումս գոյություն ունեն երկու հավանական տարբերակներ՝ ներգաղթը Հայաստան, կամ էլ ժամանակավոր հեռացումը ռազմական գործողությունների անմիջական թատերաբեմից՝ մինչեւ որ կավարտվի արհեստականորեն հրահրվող դիմակայությունը։
Անշուշտ յուրաքանչյուր սիրիահայ ինքն է որոշելու՝ ո՞րն ընտրել այս տարբերակներից, սակայն դատելով նրանց պահվածքից, դժվար չէ եզրակացնել, որ սիրիահայությունը չի ցանկանում հեռանալ երկրից ու զանգվածաբար ներգաղթել Հայաստան։ Այստեղ իր դերն է խաղում ինչպես տնտեսական գործոնը, այնպես էլ Սիրիայի հայ համայնքի մինչ օրս ունեցած բարեկեցիկ ու համեմատաբար արտոնյալ վիճակը։ Բոլոր դեպքերում սա տվյալ համայնքի ներկայացուցիչների գերակշիռ մասի գիտակցված ընտրությունն է, որը հարգում են Հայաստանի իշխանությունները։
Սակայն ներկայումս Հալեպում ծավալվող իրադարձությունները եւ ընդհանրապես՝ ներսիրիական դիմակայության շուրջ ստեղծված արտաքին ուժերի բարդ, ոչ հավասարակշռված դասավորությունը ցույց է տալիս, որ այս հարցում պետք է առաջնորդվել.
ա) հետագա զարգացումների մի քանի հավանական սցենարների միաժամանակյա հաշվառմամբ,
բ) դրանցից առավել վտանգավորները, այն է՝ սիրիահայության ֆիզիկական գոյության վրա կախված սպառնալիքը եւ արեւմտյան երկրներ արտագաղթի հավանականությունը բացառելու նպատակադրումով,
գ) տեղում դիմանալու եւ ժամանակավորապես Հայաստանում ապաստանելու հնարավորությունների զուգորդմամբ,
դ) առանձին վտանգված շրջաններից, մանավանդ գյուղաբնակ վայրերից Հայաստան տեղափոխվելու գործընթացը խթանելու տարբերակներով։
Սակայն այս բոլոր հնարավոր լուծումները չպետք է անտեսեն այն իրողությունը, որ բոլոր դեպքերում սիրիահայության տնտեսական ու մշակութային կյանքի կենտրոնը՝ Հալեպը, պետք է ամուր պահպանի իր համայնքային կառույցները։ Հալեպը պետք է դիմանա՝ ինչպես որ ժամանակին մեծ կորուստների գնով դիմացավ Բեյրութի հայությունը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում։
Ելնելով նման առաջադրանքի խոր գիտակցումից, Հայաստանի իշխանությունները եւ համայն հայությունը ներկայումս պետք է լարեն իրենց դիվանագիտական ջանքերը եւ կենտրոնացնեն ունեցած սուղ միջոցները սիրիահայ համայնքի ֆիզիկական գոյության ապահովման, Հայաստանում ժամանակավորապես ապաստանած նրա ներկայացուցիչների համար կյանքի նվազագույն պայմանների ստեղծման, իսկ վտանգված վայրերի հայությանը նաեւ Մայր Հայրենիքում տեղավորելու համար։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031