Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչու»-ների հեղեղ Սեւանի ջրերի շուրջ

Հուլիս 26,2012 11:28

Սեւանա լճից արդեն ընդունված օրենքով թե ՀՀ կառավարության հերթական որոշումով լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդիրը բազմաթիվ «ինչու»-ներ հնչեցնելու պատճառ է դարձել: Թեեւ ջրթողի վերաբերյալ պաշտոնական որոշ բացատրություններ կան, սակայն դրանց արժանահավատությունը շատերն են տարօրինակ համարում. հարցը խմորվում է եւ դեռ շատ ջուր է տանելու:

Մեր հրաշք լճից ջուր միշտ է հոսել: Երբ Սեւանի մակարդակը 1916 մետր էր, ջուրը բնականոն ձեւով արտահոսում էրՙ Հրազդան գետի ջրահավաք ավազանի ջրերի հաշվին Արարատյան հարթավայրում կազմելով վայրկյանում մոտ 23 խորանարդ մետր: Թերեւս այդ ժամանակ էլ ծնվեց ջրերն արդյունավետ օգտագործելու գաղափարը, եւ 1930-60-ականներին կառուցվեցին Սեվան-հրազդանյան հիդրոհամալիրի 6 կայանները: 1960-ին, օրինակ, երբ ՀՍՍՀ-ում չկային ոչ գազով ու մազութով, ոչ միջուկային վառելիքով աշխատող էլհզորություններ, այլ միայն հիդրոկայաններ էին, դրանք թողարկեցին 2.750 մլն կվտժամ էլհոսանք: 1965-ից միայն ջրի թողքը Սեւանից կրճատվեց 2,3-3 անգամ, որպիսի տվյալի հանդիպում ենք ՀՍՍՀ հանրագիտարանի Սեւանին նվիրված նյութերում:

Այս քանակի նվազեցմամբ էլ ջրթողը զգալի էր, 1971-80 թթ. այն յուրաքանչյուր տարի ՀՍՍՀ կառավարության որոշումով սահմանվել էր 420 մլն խմ, լճի ջրային հաշվեկշիռը բացասական էր. ջրի մուտքը 28 գետերի հոսքի, տեղումների եւ ստորերկրյա ջրերի շնորհիվ 1,3 մլրդ խմ էր, ելքինըՙ արդեն նշված հոսք Հրազդանով, գոլորշիացում եւ ծծանցումՙ 1.450 մլն խմ: Միայն Արփա-Սեւանի շահագործումից հետո այս մինուս 150 մլն խմ-ը հաղթահարվեց, ջրային պաշարը պետք է որ ավելանար: Բայց տարբեր պարճառներով ու պատճառաբանություններով լճի հարցում դրական տեղաշարժեր չէին արձանագրվում, «ինչու»-ները մշտապես շրջանառվում էին հանրային տրամադրություններում:

Թերեւս մտահոգություններն էին մասամբ այլ, կանաչները այսօրվա ակտիվությունը չունեին, Սեւանն ինչ-որ տեղ հարկ եղած ուշադրությանը չէր արժանանում: Վկայաբերեմ հետեւյալ փաստը. 2002-ի մարտյան մի ցրտաշունչ օր տողերիս հեղինակը «Ա1» հեռուստաընկերության թղթակից Դիանայի եւ օպերատորի հետ այցելեց «Երեւանհէկ»: Մեզ ջերմ ընդունեցին, թերեւս մտածելով որ հերթական հերոսական աշխատանքի վերաբերյալ հաղորդում է պատրաստվելու: Բայց հենց առաջին հարցը, թե ի՞նչ ջրով է աշխատում կայանը, տնօրենի այնպիսի զայրույթն առաջացրեց, որ մենք հետագա բարդություններից խուսափելու համար խելամիտ համարեցինք հեռանալ: Չեմ պնդի, թե երիտասարդ լրագրողուհին որեւէ ձեւով լուսաբանեց պատահածը, թե ոչ, բայց որ օրեր անց հեռուստաընկերությունը փակվեց, փաստ է: Փորձերը, կապ տեսնել այցի եւ փակվելու միջեւ, ոչինչ չեն ասում, քանզի տարբեր գերատեսչություններին տարբեր տարիներին ուղղված վերեւում տրված հարցը պատասխանի չի արժանանում, լավագույն դեպքում ջրթողը դադարեցվում է: Միայն վերջին 5-6 տարիներին մասամբ բարոյականացվեց Սեւանի հանդեպ վերաբերմունքը եւ 400-500 մլն խմ ջրի դրական հաշվեկշռի արդյունքում լճի մակարդակը սկսեց բարձրանալ:

Այսօր արդեն ակնհայտ է, որ այս դրական գործընթացը խնդիրներ է ստեղծել Սեւանի ափամերձ հատվածներում առանձնատներ ունեցողների համար, որոնց բնակելիների առաջին հարկերն արդեն մասամբ ջրածածկ են: Մի պահ ընդունենք, որ այն 1903 մետրի պարագայում հիմնավոր սխալ էր, եւ լիճը պետք է հասցվի երբեմնի 1916 մետր նիշին, որը կարելի է ակնկալել մոտակա 20-ամյակում: Ինչ է արվելու այդ ժամանակ կուտակված ջուրը, արդյոք նոր բարձրացո՞ւմ է պահանջվելու: Կարծում եմՙ ոչ. Սեւանն ինքը չի ների մեզ բոլորիս եւ հատկապես իր հիմնական շահառուներինՙ իր ջրերին սպասող հողագործներին: Ուրեմն ինչո՞ւ առավել խոհեմ եւ խելամիտ չվարվենք մեր հրաշք հարստության հետ:

Պարզվում էՙ ջուրն անվճար տրվում է այլ երկրի սեփականություն դարձած հիդրոհամալիրի կայաններին եւ ապա վաճառվում հայրենի հողագործներին: Այս մասին մասամբ ակնարկեց ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ եւ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը հուլիսի 7-ին «Ազատություն» ռադիոկայանում հյուրընկալվելու ընթացքում: Նա իր ընդդիմախոս բնապահպան ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմենակ Դովլաթյանին դիմելով ասաց, որ կարող եք հարցնել, թե ինչու ՀԷԿ-երից գումար չի վերցվում ջրի դիմաց: ՀԱԿ-ի ներկայացուցիչը ոչ մի արձագանք չտվեց, թեեւ բարձրագույն պաշտոնյան ինքը կարող էր բացատրություն տալ: Ստացվում է, որ համալիրին ջուրն անվճար է տրվում, որովհետեւ տնօրենությունը ջրի պահանջ չի ներկայացնում, վստահ լինելով, որ Սեւանի ջուրը Արարարատյան դաշտավայր հասցնելու համար այլ ուղի չկա, քան համալիրի կառույցներով բաց թողնելը: Այլ տարբերակների փնտրտուքն անիմաստ եւ էապես ծախսատար կարող է լինել, որը ՀՀ ներկայիս տնտեսությունն անզոր է լուծել: Ահա եւ մեզ «Գույքՙ պարտքի դիմաց» գործարքի արդյունքը, որը հայ իրականությանը զավեշտի ոլորտ է տեղափոխում:

Համանման գործընթացների արդյունքում է օրինակ, որ հստակ պատասխան չի տրվում, թե տարվա ամենատարբեր եղանակներին ինչ ջուր է հորդում «Երեւանհէկ»-ի ջրախորշից, որը մետրեր անց հայտնվում է Արմավիրի ու Արարատի մարզերով հոսող ջրանցքներում: Հրազդան գետն ու իր Մարմարիկ եւ Լուսակերտ վտակները 10-յակ խմ-ների ջրի հոսք չունեն, այնպես որ այս քանակների ջուր կարելի է ստանալ միմիայն Սեւանա լճից, որն էլ մշտապես «ինչու»-ների պատճառ է հանդիսացել: Ցավոք, այսքանով Սեւանա լճի վերաբերյալ հարցերը չեն սպառվում:

Սեւան-հրազդանյան 556 մգվտ հզորության հիդրոհամալիրը նախագծվել է այնպես, որ 6 կայաններից յուրաքանչյուրը կարող է աշխատել նաեւ իր հզորության 50 տոկոսի չափով, վայրկյանում ծախսելով 35 խորանարդ մետր ջուր, որն իրականացվում է հիմա: Ջրի այս քանակի դեպքում օրական էլեկտրաարտադրությունը մոտենում է 5 մլն կվտ ժամի: Թե ինչպես է բաշխվում եւ տնօրինվում այս քանակի արդյունքում գոյացող գումարը եւ ինչպես այն կարելի է ծառայեցնել հայ հողագործի շահերին, որը միշտ ունենալու է Սեւանի ջրի կարիքը, տնտեսագետների ու պետական այրերի լուծելու խնդիրն է: Ինչքան շուտ եւ բաց իրականացվի այս գործընթացը, նույնչափ կշահեն ՀՀ տնտեսությունն ու հայ հանրությունը:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031