«Ես չեմ կարող համեմատվել Աշոտ Աղաբաբյանի հետ, ուր մնաց՝ Վարդան Ղուկասյանը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղուկասյանին այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ «Չէր կարող Աղաբաբյանը Վարդան Ղուկասյանի շնորհիվ պատգամավոր դառնալ, որովհետեւ նա գյուղական համայնքներով է ընտրվել։ Առավել եւս, վերջին ընտրություններում Գյումրու քաղաքապետը որեւէ աջակցություն ցույց չի տվել Աղաբաբյանին ու չէր էլ կարող ցույց տալ։ Բացի այդ, Աղաբաբյանը Գյումրիում միակ թեկնածուն է եղել, որը կարողացել է անցնել պատգամավոր ու ՀՀԿ-ին ձայն բերել։ Այնպես որ, նա որեւէ կապ ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ Գյումրու քաղաքապետի հետ»,- ասաց պարոն Սահակյանը։
Իսկ թե ինչ է նշանակում Վարդան Ղուկասյանի պահվածքը, Գալուստ Սահակյանը նշեց. «Անհաշտ վիճակների մեջ է։ Իհարկե, իրեն էլ եմ բավական լուրջ ընդունում, բայց եթե մարդը չի կարող իր ամբողջության գնահատականների մեջ տեղավորվել, անպայման իրենից ավելի վեր գտնվող ամբողջության մասին միշտ էլ կարողանում է կայծակնային արագությամբ ինչ-որ բան ասել»,- նշեց Սահակյանը։
ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ կուսակցության ներսում իրենք չեն քննարկի այս հարցը. «Չեմ կարծում, որ մեր կուսակցության ներսում գրաքննադատությամբ ու բանաքննադատությամբ պետք է զբաղվենք: Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է»։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»