Պաշտոնանկության մասին հարցը բավականին ծանր ընդունեց գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը։ Վերջինս համակարգում է գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման, հաշվառման եւ գրանցման, լիցենզավորման ոլորտում նախարարության քաղաքականության իրականացման աշխատանքները, Գյուղատնտեսական
տեխնիկայի պետական տեսչության, «Լիցենզավորման կենտրոն» գործակալության, ինչպես նաեւ «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքները։ Մեր հարցին, թե իրենց տեղեկացրե՞լ են դիմումներ գրելու մասին, Կարապետյանը մուննաթով հակադարձեց. «Հենա Դուք գիտեք ամեն ինչ, ասում եք՝ սենց բան ասե՞լ ա վարչապետը, ես ի՞նչ իմանամ՝ նման բան ասե՞լ է վարչապետը, թե՞ չէ։ Չէ, ինձ չեն ասել նման բան, կասեն՝ առաջինը դուք կիմանաք»։ Հարցին, թե ինչու դիմում չեն գրել կոալիցիա կազմելուց հետո, արդյո՞ք հույս ունեին, որ իշխանությունն իրենց կխնայեր, պատասխանեց. «Որովհետեւ դա հայեցողական պաշտոն է։ Ուզում եք գրենք, եթե դուք ցանկանում եք կգրենք… Ի՞նչ տարբերություն՝ ԲՀԿ-ն-ՀՀԿ-ն հո թշնամիներ չե՞ն, հայեր են, նույն պետության մեջ ապրող կուսակցություններ են»։
– Բայց Ձեր կուսակցության ղեկավարի համար անընդունելի է գործող վարչապետի ղեկավարած կառավարությունը, ինչի պատճառով էլ կոալիցիա չկազմեցին, իսկ փոխնախարարներն անընդունելի կառավարության կազմում շարունակում են աշխատել։
– Հարցն ուղղեք կուսակցության ղեկավարին, էլ ի՞նչ հարց ունեք։
Կարդացեք նաև
– Իսկ հնարավո՞ր է դիմում չեք գրում՝ հույս ունենալով, որ կառավարությունը կաշխատի ԲՀԿ-ական գործընկերների հետ։
– Ինչի՞ պիտի գրենք, եթե մեզ չեն ասել՝ գրեք։
– Այսինքն սպասո՞ւմ եք, որ ասեն։
– Դուք էնքան «այսինքն» ասիք, Դուք չգիտե՞ք, թե ինչի համար եք զանգել։ Հարց տվիք- ասիք՝ վարչապետը նման բան ասե՞լ է, ասի՝ տեղյակ չեմ, ինձ չեն ասել, որ ասի, իհարկե, վարչապետն իմ ղեկավարն ա, որ ասի կուսակցության ղեկավարը, տեղում կենթարկվենք, էլ ի՞նչ ասեմ։ Շնորհակալություն, հաջողություն Ձեզ։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»